Հայերեն   English   Русский  

Հարկաբյուջետային կանոնները բավական կոշտ են և տնտեսական զարգացման տեսլականից չեն բխում. Վ Արամյան


  
դիտումներ: 715

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր խոսքում հիշեցրեց, որ այս նախագիծը ամիսներ շարունակ քննարկվել է հանձնաժողովներում:

Փաթեթի հիմնական գաղափարախոսությունն այն է, որ մեր ունեցած հարկաբյուջետային կանոնները բավական կոշտ են և տնտեսական զարգացման տեսլականից չեն բխում, և դեռ ավելին՝ արհեստածին խոչընդոտներ են ստեղծում, որ հարկաբյուջետային քաղաքականությունը լինի ճկուն:

Ըս նախարարի՝ գործող հարկաբյուջետային քաղաքականության կանոններից մեկն այն է, որ եթե կառավարության 50 տոկոս պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ գերազանցում է 50 տոկոսը, ապա պետք է ծրագրավորես և իրականացնես այնպիսի քաղաքականություն, որ քո դեֆիցիտը նախորդ երեք տարվա պարտք-ՀՆԱ-ի նկատմամբ միջինը 3 տոկոսը չգերազանցի:

Եթե 60 տոկոս է, ապա նոր պարտք չես կարող վերցնել և կամ բոլոր պարտքերը դառնում են առ ոչինչ: Ըստ նախարարի՝ սրանք բավական կոշտ մեխանիզմներ են, և փորձը ցույց է տալիս, որ երկրները մեկը մյուսի հետևից փոխանակ կանոն դնեն դեֆիցիտի վրա, կանոն են դնում ծախսային քաղաքականության վրա:

Անդրադառնալով փոփոխության գաղափարին՝ նախարարը նշեց, որ նախ շեմերին որևիցե ձևով ձեռք չեն տալու՝ 50-60 տոկոս կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշների շեմերը պահպանվում են, ավելացվում է ևս մեկ շեմ՝ 40 տոկոս. «Կանոնը հետևյալն է, որ եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գերազանցում է պարտք-ՀՆԱ ցուցանիշը, պետք է այնպիսի քաղաքականություն անես, որ քո կապիտալ ծախսերն ավելին լինել, քան քո պակասուրդն է: Այլ կերպ ասած՝ պարտք ես վերցնում, անպայման, կապիտալ ծախսեր արա, որ տնտեսությունդ աճի։ Եթե կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա համար վերցրած 50 տոկոսը գերազանցում է, հետևաբար այս նոր կանոնը ավելի է կոշտացվում, և նոր կանոն պետք է սահմանվի ընթացիկ ծախսերի աճի համար»։

Նախարարի խոսքով՝ եթե գերազանցվում է 60 տոկոսը, ապա կառավարությունը պետք է ավելի կոշտացնի կանոնները։ Կա նաև մեկ կանոն, բացառման դեպքեր՝ տարերային եղանակ, պատերազմական վիճակ և ճգնաժամ, այդ դեպքերը կսահմանվեն կառավարության որոշումով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: