Հայերեն   English   Русский  

Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարել ՀՀ գլխավոր դատախազի դիմումով ներկայացված փաստարկները


  
դիտումներ: 19787

ՀՀ սահմանադրական դատարանը քննել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումը, որով վիճարկվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունն այնքանով,

որքանով թույլ է տալիս դատարանին քրեական գործը մեղադրողին վերադարձնել մեղադրական եզրակացության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին այնպիսի անհամապատասխանությունների հիմքով, որոնք ենթադրում են գործով ձեռք բերված ապացույցների գնահատում` նախքան դրանց հետազոտումը: Դիմումում նշվել էր նաև որ վիճարկվող նորմերով չի սահմանվում մեղադրական եզրակացության թերությունները շտկելու դատախազի պարտականության կատարման դատավարական կարգը և չի նախատեսվում գործը մեղադրողին վերադարձնելու մասին դատարանի անհիմն և կատարման ոչ ենթակա որոշումը վիճարկելու հնարավորություն, ինչով մեղադրողին վերադարձված քրեական գործի ընթացքը փաստացի արգելափակվում էր:

ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայնելով ՀՀ գլխավոր դատախազի դիմումի փաստարկներին, ՍԴՈ-1393 որոշմամբ նաև սահմանել է, որ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու հիմքը սահմանող՝ «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին» արտահայտությունը չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որը թույլ կտա դատարանին գնահատել ապացույցները կամ դրսևորել այլ վարքագիծ, որին այդ փուլում իրավասու չէ:

Սահմանադրական դատարանը նաև համաձայնել է, որ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու մասին կատարման ոչ ենթակա անհիմն որոշումը խոչընդոտում է գործի ընթացքը և սահմանափակում վարույթի մասնակիցների դատավարական իրավունքները: ՍԴ-ն լուծել է այդ որոշման բողոքարկման անհնարինությունից ծագող խնդիրը՝ սահմանելով. «Հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում առկա իրավիճակը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարանի կողմից գործը մեղադրողին մեկից ավելի անգամ վերադարձնելը վտանգում է ոչ միայն ողջամիտ ժամկետներում գործի քննության սկզբունքի իրացումը, այլև կարող է պարունակել գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու տարրեր /հակասելով ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. հուլիսի 24-ի ՍԴՈ-710 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին/, վտանգել դատարանի անաչառությունը, անհամատեղելի լինել իրավունքի գերակայության սկզբունքին»:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարել նաև մեղադրական եզրակացության թերությունները շտկելու դատավարական մեխանիզմի բացակայության վերաբերյալ փաստարկը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի նորմերի սահմանադրաիրավական մեկնաբանությամբ սահմանել նաև դրա հստակ կառուցակարգը:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: