Հայերեն   English   Русский  

ՀՌՀ Սպորտային ակումբը ծրագրում է մասնակցել եվրոպական կարգի մրցաշարերի. Արմեն Գրիգորյան


  
դիտումներ: 507

Մեր զրուցակիցն է սուսերամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, Հայ-Ռուսական համալսարանի Ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Գրիգորյանը:

ՀՌՀ Սպորտկոմպլեքսի գործունեության մասին

ՀՌՀ Սպորտկոմպլեքսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2009թ. սեպտեմբերի 1-ին: Մեր մարզական կառույցը հագեցած է ժամանակակից բոլոր ենթակառուցվածքներով, մարզական գույքով և տեխնիկայով. առկա է ֆուտզալի, բասկետբոլի, վոլեյբոլի և ձեռքի գնդակի խաղերի համար նախատեսված մարզական հրապարակ, արհեստական խոտածածկով մինի-ֆուտբոլի դաշտ, թենիսի դաշտ, մարզասրահ, ֆիտնեսի համար նախատեսված սրահ և շուտով պատրաստ կլինի լողավազանը(ծածկի տակ): Մեր սպորտկոմպլեքսում անցկացվում են ՀՀ պրոֆեսիոնալ լիգաների տարբեր սպորտաձևերի հանրապետական մրցաշարեր, ինչպես նաև՝ հինգ տարի շարունակ անցկացվել է սուսերամարտի միջազգային կարգի մրցաշարեր:



ՀՌՀ Ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի ամբիոնի մասին

Հայ-Ռուսական համալսարանի Ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի ամբիոնում 2012թ.-ին ստեղծվել էուսանողների ֆիզիկական դաստիարակության բարելավմանը և սպորտային սեկցիաներում նրանց առավելագույն մասնակցությանը միտված նոր ուսումնական ծրագիր: Ֆիզիկական դաստիարակության դասընթացն ավելի արդյունավետ անցկացնելու, ինչպես նաև ուսանողների բարձր հաճախելիությունը ապահովելու նպատակով, ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանի հրահանգով համալսարանի յուրաքանչյուր ինստիտուտի համար շաբաթական(երկուշաբթի-ուրբաթ) մեկ օրը՝ ժամը 09:00 – 15:00-ը, նվիրված է բացառապես ֆիզդաստիարակության և առողջ ապրելակերպի դասընթացին: Այժմ ուրախությամբ կարող եմ փաստել, որ ֆիզդաստիարակության դասերին մենք ունենք ուսանողների գրեթե 100 տոկոսանոց հաճախելիություն: Բացի այդ՝ ՀՌՀ առաջին կուրսի բոլոր ուսանողներն անցնում են «Վալեոլոգիա»(դասընթաց առողջ ապրելակերպի մասին) տեսական առարկան, որը նորույթ է մեր ԲՈՒՀ-ական իրականությունում: Իսկ ժամը 15:00-ից մինչև 18:00-ն մեկնարկում են սպորտային սեկցիաների պարապմունքները. գործում է վեց սեկցիոն խումբ՝ խաղային սպորտաձևեր՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ(տղաներ և աղջիկներ) և անհատական սպորտաձևեր՝ սեղանի թենիս և շախմատ:

Առանձնակի հաճույքով ուզում եմ նշել, որ մեր բոլոր սեկցիոն խմբերի ղեկավար-մարզիչներ են դարձել սպորտային հավաքականների հետ աշխատող մասնագետները (շախմատային սեկցիան գլխավորում է միջազգային բազմաթիվ շախմատային մրցաշարերի, մասնավորապես՝ 1996, 1998, 2000, 2004, 2006, 2008 և 2010թթ. կանանց շախմատի առաջնությունների մասնակից, գրոսմայստեր Նելլի Աղինյանը): Դա նպաստել է մեր ամբիոնում կուռ աշխատանքային թիմի և մթնոլորտի ձևավորմանը:

ՀՌՀ ուսանողների մասնակցությունը տարբեր մրցումներում

Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում սեկցիաների ղեկավար-մարզիչները ՀՌՀ Ֆիզկուլտուրայի և առողջ ապրելակերպի ամբիոն են ներկայացնում հաջորդ ուսումնական տարվա աշխատանքային պլան(այն բաղկացած է մրցույթային և մարզումային փուլերից), որը քննարկվում է ամբիոնի նիստում: Ուսումնական տարվա ընթացքում մեր սպորտային սեկցիաների թիմերը պատշաճ կերպով մասնակցում են մեկ ներհամալսարանական և չորս հանրապետական մասշտաբի (մեր համալսարանի կողմից հինգերորդ տարին անընդմեջ անցկացվող ՀՌՀ գավաթը, Ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից ավանդաբար կազմակերպվող Ուսանողական խաղերը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Հանրապետական ուսանողական մարզական խաղերը և մեր համալսարանի ու Պաշտպանության նախարարության հետ համատեղ անցկացվող մարզական խաղերը՝ Ունիվերսիադան) մրցաշարերին, ինչպես նաև այլ համալսարանների թիմերի հետ ընկերական բազմաթիվ հանդիպումներին. այդ մրցումներում մենք գրեթե միշտ տեղ ենք զբաղեցնում լավագույն եռյակում:

Ցանկանում եմ առանձնակի ընդգծել, որ մեր համալսարանի ռեկտորը մեզ ապահովել է բարձր որակի մարզական գույքով և սպորտային հանդերձանքով, ցանկացած խնդրին տալիս է արագ լուծում, ինչը ոչ պակաս նպաստում է մեր ուսանողների և ՀՌՀ Սպարտային ակումբի մարզական բարձր ցուցանիշներին:

ՀՌՀ Սպորտային ակումբի գործունեության և ապագա ծրագրերի մասին

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հանձնարարականով ստեղծվել է ՀՌՀ Սպորտային ակումբը, որը էլ ավելի է նպաստել մեր համալսարանի ուսանողների շրջանում սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը:

ՀՌՀ Սպորտային ակումբի գլխավոր ձեռքբերումը համարում եմ ՀՀ բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությանը մեր բասկետբոլի աղջիկների թիմի մասնակցությունը(2014-2015թթ.), որի արդյունքներով մենք զբաղեցրեցինք երկրորդ տեղը, ինչը լրջագույն հաջողություն է: Այժմ մեր համալսարանական թիմերում ընթանում է սերնդափոխություն (թիմերի խաղացողներից շատերն ավարտել են ուսումը), մեր դասախոս-մարզիչները նորաթուխ ուսանողներից պետք է ընտրեն և տարբեր սպորտաձևերի թիմերի համար նախապատրաստեն լավ մակարդակի խաղացողների, որպեսզի մենք կարողանանք ակումբային մակարդակով մասնակցել ՀՀ պրոֆեսիոնալ լիգաների մրցաշարերին:

"Մեր համալսարանի թիմերը 2017թ.-ի Հանրապետական ուսանողական մարզական խաղերի բոլոր մրցումային սպորտաձևերում տեղ են զբաղեցրել լավագույն եռյակում (շախմատ՝ 1-ին տեղ, բասկետբոլի աղջիկների թիմ՝ 2-րդ տեղ. ընդ որում՝ եզրափակիչում ընդամենը երկու միավորի տարբերությամբ են զիջել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմին, ֆուտզալի տղաների թիմը՝ 2-րդ տեղ, վոլեյբոլի թիմ՝ 3-րդ տեղ, թենիս(աղջիկներ)՝ 3-րդ տեղ):

Բացի այդ՝ մենք մեր ակումբով 2018թ.-ին ծրագրում ենք մասնակցել նաև եվրոպական ակումբային մրցաշարերին, ինչը լուրջ նախապատրաստություն է պահանջում: Ես հուսով եմ, որ մենք կհաջողենք այդ գործում և պատշաճ կերպով կներկայացնենք մեր ԲՈՒՀ-ն ու երկիրը եվրոպական կարգի մրցաշարերում:


ՀՌՀ մամուլի ծառայություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: