Հայերեն   English   Русский  

2017 թվականը՝ հաջողված տարի շախմատի համար


  
դիտումներ: 436

2017 թվականը հաջողված տարի էր հայկական շախմատի համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը՝ ամփոփելով անցնող տարին:

Նրա խոսքով՝ մեծ հաղթանակներ են եղել, որոնք առաջին հերթին կապված են Լևոն Արոնյանի անվան հետ:

Լևոն Արոնյանը նվաճեց աշխարհի գավաթը՝ դառնալով միակ շախմատիստը, որն այն ձեռք է բերում երկու անգամ: Սա հնարավորություն տվեց մասնակցելու հաջորդ տարի Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը միակ շախմատիստն է, որն Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող է: Արոնյանի ձեռքբերումներից պետք է նշել նաև Սենթ Լուիսում (ԱՄՆ) անցկացված արագ և կայծակնային շախմատի մրցաշարում գրանցած հաղթանակը, ինչպես նաև այն, որ ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին՝ չորրորդ փուլում կիսեց 1-2-րդ տեղերը (երկրորդ տեղ լրացուցիչ ցուցանիշներով):

Հաջող ելույթներ ունեցան նաև պատանի շախմատիստները: Սոնա Ասատրյանը դարձավ Եվրոպայի մինչեւ18 տարեկանների չեմպիոն, իսկ Մանուել Պետրոսյանը, կիսելով 1-3-րդ տեղերը, նվաճեց մինչեւ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: 17-ամյա Հայկ Մարտիրոսյանը ընդգրկված էր աշխարհի պատանեկան խորհրդանշական հավաքականում, որը հանդիպում անցկացրեց ԱՄՆ-ի պատանիների հավաքականի հետ: Հայաստանցի շախմատիստը, հանդես գալով առաջին խաղատախտակի առջև,առավելության հասավ ԱՄՆ-ն ներկայացնող առաջատար պատանի շախմատիստներ՝ Ջեֆրի Սյունի եւ Սամվել Սեւյանի նկատմամբ եւ մեծ ներդնում ունեցավ թիմի հաղթանակի գործում: Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը հաջող հանդես եկան այս տարի Ջերմուկում կայացած պատանեկան Գրան Պրիի փուլում, զբաղեցնելով երկրորդ եւ երրորդ տեղերը: Արամ Հակոբյանը բրոնզե մեդալակիր դարձավ նաեւ «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում: Հայաստանի պատանեկան առաջնություններում,ընդհանուր առմամբ, հանդես եկավ 451 շախմատիստ:

Ֆեդերացիայի փոխնախագահը հիշեցրեց՝ շախմատային տարին դեռ չի ավարտվել.«Այս օրերին Հնդկաստանում ընթանում է շախմատի պատանեկան Օլմպիադան, որտեղ Հայաստանը ներկայացնող շախմատիստները պայքարում են մրցանակային տեղերի համար:

Ընթացիկ մրցաշրջանը շախմատիստների համար կավարտվի Սաուդյան Արաբիայում, որտեղ դեկտեմբերի 25-ից 30-ը, Հայաստանի բոլոր առաջատար շախմատիստների մասնակցությամբ կանցկացվի կայծակնային շախմատի տղամարդկանց եւ կանանց աշխարհի առաջնությունը՝ 2 մլն դոլարռեկորդային մրցանակային ֆոնդով:

Այս տարի միանգամից չորս շախմատիստ (Վահե Բաղդասարյան, Մանուել Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան ևԱրման Միքայելյան) դարձավ գրոսմայստեր, ևս վեցը՝ միջազգային վարպետ: Սա Հայաստանի շախմատի պատմության ամենաբարձր ցուցանիշն է:

Հայաստանը հյուրընկալեց աննախադեպ քանակությամբ միջազգային մրցաշարեր: ՀՀ-ում ինը միջազգային մրցաշար անցկացվեց, այդ թվում պատանեկան: Դրանց շարքում կարելի է նշել «Երեւան օփենը», «Ծաղկաձոր օփենը», Կարեն Ասրյանի հուշամրցաշարը, Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի փուլը:

2018 թվականի ընթացքում նույնպես Հայաստանում կրկին միջազգային մրցաշարեր կանցկացվեն:

Կարևորագույն իրադարձությունների մեկը շախմատի Համաշխարհային օլիմպիադան է, ինչպես նաև կանանց ու տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունները:

Տարվա կարևորագույն մրցաշարերի շարքում է նաև Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարն է.

«Հայաստանի շախմատի ֆեդերացիան հնարավոր ամեն բան կանի, որպեսզի հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջող հանդես գա Գերմանիայի մայրաքաղաքում և աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ շախմատային թագի համար մենամարտի երկար սպասված իրավունք նվաճի»,- ասաց Միքայել Անդրիասյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: