Հայերեն   English   Русский  

Հայկական գորգի թանգարան. երկար սպասված, դեռ մի բան էլ՝ ուշացած


  
դիտումներ: 12729

«Հայկական գորգի ազգային կենտրոնը հպարտությամբ ազդարարում է, որ առաջիկա ամիսներին Երևանի սրտում՝ Աբովյան 3 հասցեում՝ մեկդարյա պատմություն ունեցող ԱՕԿՍ-ի շենքում, վերջապես իր դռները կբացի Հայկական գորգի թանգարանը՝ աշխարհին ներկայացնելով և հանրահռչակելով հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթները և անգին ժառանգությունը»:

Այս հայտարարությունը, որ զետեղված է Հայկական գորգի ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում, ուշադրություն է գրավում երկու պատճառով. առաջին՝ պարզվում է, որ Հայաստանում գործում է Հայկական գորգի ազգային կենտրոն, երկրորդ՝ շուտով գործելու է Հայկական գորգի թանգարան:

Երկու իրողությունն էլ տասնամյակներ շարունակ մեր մշակութային ոլորտի ամենամեծ բացերից են եղել: Եվ չնայած գորգարվեստի փայլուն ավանդույթներին՝ Հայաստանը նույնիսկ խորհրդային տարիներին այդպես էլ չի ունեցել հայկական գորգի առանձին թանգարան: Մինչդեռ Ադրբեջանը խորհրդային ժամանակներից ստեղծել և այսօր էլ պետական ամենաբարձր մակարդակով շարունակում է ստեղծել գորգի նորանոր թանգարաններ՝ յուրացնելով և այդ թանգարաններում ներկայացնելով նաև մեր ազգային գորգի տեսակները: Ահա այս ֆոնին վերոնշյալ երկու իրողություններն իսկական տոնական նորություն են, որոնք հույս են ներշնչում, որ ի վերջո հայկական գորգն աշխարհում կզբաղեցնի իր արժանի տեղը:

Հայկական գորգի ազգային կենտրոն / National Center of Armenian Carpet-ի լուսանկարը:Հայկական գորգի ազգային կենտրոնը պաշտոնապես գործում է այս տարվա սեպտեմբերից: Հիմնադիրը Վիկտոր Մնացականյանն է, մարդ, որն առաջին հայացքից որևէ կապ չունի գորգի հետ: «Անկախի» հետ զրույցում նա անկեղծանում է, որ երկար ժամանակ հետաքրքրվել է հայկական գորգերով և ցավով նկատել, որ Հայաստանը գորգի թանգարան չունի, չկա մի կենտրոն, որը հետևողականորեն զբաղվի հայկական գորգը հանրահռչակելու, միջազգային շուկա դուրս բերելու, ոլորտի հեղինակավոր կառույցների հետ համագործակցելու ուղղությամբ:

«Այդպես որոշեցինք հիմնել Հայկական գորգի ազգային կենտրոնը,- ասում է նախաձեռնության հեղինակը՝ նշելով, որ կենտրոնի նպատակներից է նաև ասեղնագործության զարգացումը, քանի որ գորգն ու ասեղնագործությունը հնում միշտ զուգահեռ են զարգացել:- Մեր առաքելություններից մեկն էլ այն է, որ հատկապես սահմանամերձ գյուղական համայնքներում ապրող մեր կանանց, զինվորների, հաշմանդամների մայրերին ապահովենք ազգային-ավանդական զբաղմունքով, որով նրանք կկարողանան նաև գումար վաստակել»:

Հայկական գորգն արժեքավոր է, սակայն միջազգային շուկայում նրա դիրքերը շատ թույլ են: Ամրապնդելու համար հետևողական ջանքեր են պահանջվում թե՛ պետական, թե՛ մասնավոր շրջանակներում: Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ այսօր 100-ից ավելի հայ գորգավաճառ կա, բայց նրանցից ընդամենը մի քանիսն են դրսի շուկայում հայկական գորգ վաճառում: «Հիմա մենք փորձում ենք դրսում մեծ շուկաներ գտնել, իսկ դրա համար նախևառաջ պետք է կայացնենք «հայկական գորգ» բրենդը: Այդ նպատակով փորձում ենք համագործակցել աշխարհի տարբեր գիտնականների, տարբեր գիտական կենտրոնների և հրատարակչությունների հետ, որպեսզի ունենանք նաև բավականաչափ օտարալեզու ուսումնասիրված նյութեր: Պետք է նոր աղբյուրներ, նոր նմուշներ ուսումնասիրենք, որ կարողանանք նաև նորովի ներկայանալ»:

Հայկական գորգի ազգային կենտրոնը երիտասարդ գիտաշխատողներ է հավաքագրում: ՇուտովКартинки по запросу Հայկական գորգի թանգարան կավարտվի ընտրության փուլը, բայց դրան զուգահեռ համագործակցում է ոլորտի լավագույն մասնագետների հետ: Ինչ վերաբերում է թանգարանին, նախատեսվում է այն բացել 2018-ի ապրիլի 1-ին:

Նախաձեռնությունը մասնավորինն է, սակայն պետությունը լրջորեն հետաքրքրված է այս ծրագրով և պատրաստ է աջակցել: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեկտեմբերի 8-ին այցելել է թանգարանի համար նախատեսված տարածք և տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: «Այս թանգարանի ստեղծումը ես համարում եմ պետության և մասնավորի համագործակցության լավագույն ծրագրերից մեկը»,- նշել է նախարարը։

Վիկտոր Մնացականյանի հետ շրջայց ենք կատարում ապագա թանգարանի տարածքում: Երևանի պատմամշակութային ամենագեղեցիկ շենքերից մեկի՝ ԱՕԿՍ-ի երկրորդ հարկում շինարարական աշխատանքներ են ընթանում: Արհեստավորներից երկուսը փորձում են վերանորոգել հին պատուհանները, որոնց խունացած ապակիները հուշում են դրանց մի քանի տասնյակ տարվա գոյության մասին: Վիկտոր Մնացականյանը ցույց է տալիս հիմնական ու ժամանակավոր ցուցասրահների տեղը, վերականգնման արհեստանոցի հատվածը, հետո անցնում է գիտահետազոտական կենտրոնին, որտեղ կատարվելու են գորգարվեստի ուսումնասիրություններ, հատկապես՝ հայկական գորգերի սիմվոլների ուղղությամբ, հրատարակվելու են գրքեր հայկական գորգի մասին, ձևավորվելու է գիտական մթնոլորտ հատուկ խորհրդաժողովների, սեմինարների և դասընթացների շնորհիվ:Անի Գասպարյան-ի լուսանկարը:

Թանգարանը նախագծված է ավանդականի և ժամանակակցի համադրությամբ՝ գորգի ու տեքստիլի միջազգային թանգարանների փորձի բազմակողմանի ուսումնասիրությունների և այցելությունների հիման վրա: «Արմեն Ամիրյանի հետ արդեն պայմանավորվել ենք, և նախարարությունը կաջակցի մեր երիտասարդ մասնագետների վերապատրաստման հարցում, եկող տարի նաև մեծ գիտաժողով կկազմակերպենք: Բացի այդ, մասնավոր հավաքածուներից տրամադրված գորգերի կողքին կներկայացվեն պետական ենթակայության թանգարանների ֆոնդերում պահվող ցուցանմուշներ»,- ասում է Մնացականյանը՝ հավելելով, որ արդեն իսկ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել տարբեր երկրների կոլեկցիոներների հետ՝ նրանց հավաքածուները Հայկական գորգի թանգարանում ցուցադրելու վերաբերյալ, կան նաև նվիրատուներ:

Նրա խոսքով՝ գորգագործության ոլորտով զբաղվող աշխարհի գրեթե բոլոր կարևոր կառույցներն արդեն տեղեկացված են Հայաստանում ստեղծվելիք թանգարանի մասին և շահագրգռված են համագործակցության հարցում: Այս ուղղությամբ մեծ բացթողումներ կան, բայց Մնացականյանը կարծում է, որ հնարավոր է սխալը շտկել. «Ինչ էլ լինի՝ հաստատ ավելի լավ վիճակում կգտնվենք, քան հիմա կամ տասը տարի առաջ: Այստեղ մեր բոլոր հայերի աջակցությունն է պետք աշխարհի տարբեր ծայրերում: Գորգը մի բան է, որը կարող է միավորել բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից ու առաջնահերթություններից»:

Անի Գասպարյան-ի լուսանկարը:Մյուս տարի նախատեսում են կազմակերպել համաժողով և Հայաստանում հավաքել աշխարհի բոլոր հայ գորգավաճառներին՝ հասկանալու ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները, լսելու նրանց առաջարկներն ու դիտողությունները:

Գորգի միջազգային շուկայում այսօր գերիշխող է իրանական գորգը: «Տարեկան ամենաշատ քառակուսի մետր գորգ վաճառում է Իրանը,- նշում է զրուցակիցս,- պարսկական գորգերը վաղուց շուկայում կայացած են, քանի որ նրանք ունեցել են պետություն, որը լրջորեն զբաղվել է պարսկական գորգի բրենդով, նախշերի պահպանմամբ, ժամանակին ճիշտ դոտացիաներ է արել, կատարել հեռանկարային քայլեր՝ հասկանալով, որ գորգն իրենց կյանքի և մշակույթի կարևորագույն մասերից է»:

Բացի Իրանից, գորգի միջազգային շուկայում այսօր բավական լավ դիրքերում են Թուրքիան, Հնդկաստանը, Եգիպտոսը և ուրիշներ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Վիկտոր Մնացականյանը կարծում է, որ ադրբեջանական գորգի տարածման հարցում մեծ դեր է ունեցել ադրբեջանցի Լատիֆ Քերիմովը, որը մեծացել է Շուշիում, շփվել հայերի հետ, վերցրել հայկական մշակույթը և հետագայում հիմնել Բաքվի գորգերի թանգարանը: «Շատ կարևոր է պետական աջակցությունը: Եթե չեմ սխալվում՝ Իլհամ Ալիևի հիմնադրամն է ֆինանսավորել այդ թանգարանի նոր շենքի կառուցումը, որը նախագծել է աշխարհի ամենաթանկ դիզայներական-ճարտարապետական ընկերություններից մեկը հսկայական գումարներով»:Հայկական գորգի ազգային կենտրոն / National Center of Armenian Carpet-ի լուսանկարը:

Այո, ադրբեջանցիները գորգը քարոզում են հնարավոր բոլոր եղանակներով: Նրանց դիվանագիտական նվերների մեջ նույնպես զգալի տեղ ունի գորգը: Ադրբեջանական գորգն անգամ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում: Ադրբեջանը բավական ակտիվորեն կազմակերպում է գորգի ցուցահանդեսներ ու միջազգային գիտաժողովներ, իր հերթին մասնակցում արտերկրում կազմակերպվող նմանատիպ միջոցառումներին՝ քարոզելով «ադրբեջանական գորգի ֆենոմենը»: Ադրբեջանցիները նաև առիթը բաց չեն թողնում այդ միջոցառումների ժամանակ քարկոծելու հայերին՝ «ադրբեջանական գորգերը յուրացնելու» փորձերի համար:

Մի խոսքով, մեր հարևաններն այդ ոլորտում արդեն բավական առաջ են անցել, իսկ մենք նոր-նոր գորգի թանգարան ենք հիմնում, այն էլ՝ մասնավոր նախաձեռնությամբ: Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: