Հայերեն   English   Русский  

​Վահագն Դավթյան. «Թող 2018-ը մարզական ձեռքբերումներով հարուստ տարի լինի»


  
դիտումներ: 7227

Մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի առաջատար, օղակների վրա վարժության 2016 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանն արդեն 2 տարի է` մարմնամարզության ակումբային թիմերի Գերմանիայի առաջնությանն է մասնակցում «Շտրաուբենհարդտի» կազմում:

Դեկտեմբերի 2-ին կայացած եզրափակչում հայ մարմնամարզիկը «Շտրաուբենհարդտի» հետ 2-րդ տարին անընդմեջ արժանացավ Գերմանիայի ակումբային առաջնության չեմպոնի տիտղոսին:

Վճռորոշ մրցամարտում «Շտրաուբենհարդտը» 34:19 հաշվով պարտության մատնեց «Սաարին»:

«Անկախի» հետ զրույցում Վահագնը պատմում է իր մասնակցության, եզրափակիչ փուլից ստացած տպավորությունների մասին` միաժամանակ ամփոփելով նաև մրցաշրջան 2017-ը:

- Գերմանիայի ակումբային առաջնությունն անցկացվում է 2 փուլով. 1-ին փուլը Եվրոպայի առաջնությունից առաջ է, իսկ 2-րդը` աշխարհի առաջնությունից հետո, որպեսզի մարզիկները կարողանան մասնակցել միջազգային ստուգատեսներին:

Ես մասնակցեցի կարևորագույն հանդիպումներին, որտեղ միավորները որոշիչ էին թիմի համար: Լեգեոներներին հրավիրում են թիմն ավելի ուժեղացնելու, փորձառու մարզիկներով համալրելու համար: Աշխարհի առաջնությունից հետո երկու անգամ հանդես եկա իմ թիմի կազմում: Մեկը գլխավոր մրցակցի`«Սաարիի» հետ վճռորոշ հանդիպումն էր. որոշվում էր մեր եզրափակիչ դուրս գալու խնդիրը: Եթե չհաղթեինք նրանց, ապա պետք է պայքարեինք 3-րդ տեղի համար: Եզրափակչում նույնպես մրցեցինք «Սաարիի» հետ և կարողացանք հաղթել:

Առաջնությունն անցավ հետաքրքիր պայքարում, քանի որ թիմերը բավական ուժեղ են: Մեր թիմն այս տարի պարտվեց առաջնության բրոնզե մեդալակրին`«Օբերե Լահնին»: Բարեբախտաբար այնպես ստացվեց, որ նրանք էլ պարտվեցին «Սաարիին:

- Կարևորագույն մրցամարտում Ձեզ գերազանց դրսևորեցիք. օղակների վրա կատարած վարժությունում 15 միավոր վաստակեցիք՝ 5 միավոր պարգևելով թիմին:

- Գերմանիայի ակումբային առաջնության անցկացման ընթացակարգը որոշակիորեն տարբերվում է: Ինձ համար էլ մի քիչ անսովոր էր սկզբնական շրջանում: Աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնություններում կոնկրետ գնահատականներն են գումարվում: Օղակների վրա վարժությամբ եմ հանդես եկել: Երկու թիմերի տվյալ վարժություն կատարողները մրցում են և միավորներ վաստակում: Ըստ կատարած վարժության և ստացած գնահատականների տարբերության` մարզիկները միավորներ են վաստակում իրենց թիմի համար: Որքան շատ է լինում գնահատականի տարբերությունը, այնքան բարձր է միավորը: Վերջում գումարվում են թիմի բոլոր անդամների վաստակած միավորները և, ըստ այդմ, որոշվում է հաղթողը: Որոշիչ մրցման ժամանակ իմ թիմին 5 միավոր պարգևեցի, որը բարձր միավոր է: Մեր թիմը հաղթեց մեծ առավելությամբ:

- «Շտրաուբենհարդտը» համալրված է լեգեոներներով: Թիմում ընդգրկված են փորձառու մարզիկներ տարբեր երկրներից: Ի՞նչ մթնոլորտ է թիմում:

- Բոլոր մարմնամարզիկներին գրեթե ճանաչում եմ: Նրանց հետ հանդիպում եմ տարբեր մրցաշարերի ժամանակ: Այստեղ արդեն հանդես ենք գալիս մեկ թիմի կազմում: Այս տարի Ռուսաստանից մեր թիմում ընդգրկեցին Դավիդ Բելյավսկուն: Նա տիտղոսակիր մարզիկ է:

Մրցումների կանոնակարգը թույլ չի տալիս, որ տվյալ գործիքի վրա մեկից ավելի լեգեոներ հանդես գա: Սա արվում է նրա համար, որ տեղացի մարզիկներն ավելի շատ լինեն: Յուրաքանչյուր գործիքի մոտենում է 4 մարզիկ: Նրանցից միայն մեկը կարող է լեգեոներ լինել: Բավական լավ հարաբերությունների մեջ եմ նրանց հետ, սակայն առավել մտերիմ եմ ռուսախոս մարզիկների հետ:

Ուրախ եմ, որ «Շտրաուբենհարդտում» եմ հանդես գալիս: Եթե հնարավորություն ընձեռվի՝ մեծ սիրով կշարունակեմ ելույթներս:

- Նկատելի է, որ երկրպագուները հետաքրքրությամբ են հետևում մրցումներին, աջակցում են սիրելի թիմի մարզիկներին: Այս ամենը ոգևորու՞մ է:

- Նրանք ճանաչում են բոլոր թիմերին ու մարզիկներին: Նման ոգևորություն և ակտիվություն ես չեմ նկատել անգամ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ժամանակ: Մարդիկ ապրում են մարմնամարզությամբ: Հետևում են մարզիկների վիճակագրությանը, կանխատեսումներ անում: Անսովոր է այդ ամենը, բայց միևնույն ժամանակ՝ շատ հաճելի: Այս ոգևորությունն անցնում է նաև մարզիկներին: Այնտեղ ակումբի մարզիկներին ճանաչում են գրեթե բոլորը: Սա կրկնակի լիցքեր է հաղորդում՝ ավելի հաջող հանդես գալու համար: Մարդիկ հետաքրքրված են մարմնամարզությամբ նույնքան, որքան ֆուտբոլով կամ բասկետբոլով:

- Ի՞նչ է տալիս Ձեզ մասնակցությունը Գերմանիայի ակումբային թիմերի առաջնությունում:

- Շատ կարևոր է մշտապես լինել լավ մարզավիճակում: Երբ մարզիկը գիտի, որ մրցումներ կան առջևում՝ կրկնակի ոգևորությամբ է մարզվում և նախապատրաստվում: Այդ գիտակցումը մարզիկին պահում է մշտական ռիթմի, տեմպի և տոնուսի մեջ: Բացի այդ, միջազգային ասպարեզում եմ հանդես գալիս, և մրցավարները տեսնում են, թե ինչպես եմ աշխատում: Սա դրական կարող է անդրադառնալ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների ժամանակ: Վերջիվերջո, պայմանագրով եմ հանդես գալիս և մասնակցության համար նաև վարձատրվում եմ:

- Ամփոփելով 2017 թվականը` ինչպե՞ս կգնահատեք անցնող տարին Ձեզ համար:

- Կարող եմ ասել, որ 2016 թվականից հետո 2017-ն այնքան էլ հաջող չդասավորվեց: Մրցաշարերին լուրջ էի տրամադրվել, մեծ սպասելիքներով էի մասնակցում, սակայն ընթացքն այնպես չստացվեց, ինչպես ցանկանում էի: Պատճառները տարբեր են: Վարժությունս փոփոխության ենթարկեցի: Եթե չփոխեի, հավանաբար ավելի լավ հանդես կգայի: Վերջնարդյունքը գոհացուցիչ չէր, քանի որ գնահատականը ցածր էր: Ամենակարևորը՝ առանց վնասվածքների անցավ տարին: Վնասվածքը լուրջ հետևանքներ կարող է թողնել, անգամ՝ ճակատագրական: Բարդ է մարզաձևը, և պետք է լուրջ մոտենալ այդ հարցին: Մյուս տարի կփորձեմ սխալները չկրկնել և ավելի լավ արդյունքներ գրանցել: Շատ ավելի մեծ դժվարություններ ու հիասթափություններ եմ հաղթահարել, քան վերջին Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունները: Եթե ընկճվեի կամ որևէ բան կոտրվեր, ապա դա պետք է լիներ ավելի վաղ շրջանում: Յուրաքանչյուր մարզիկ նման փուլեր ունենում է, որոնք պետք է հաղթահարել: Ավելի հաճախ հիասթափությունն է առաջ մղում:

Ուրախ եմ ընկերներիս և բոլոր մարզիկների հաջողությունների համար: Մարմնամարզիկները հաջող հանդես եկան. բոլորին շնորհավորում եմ: Թող 2018-ը մարզական ձեռքբերումներով հարուստ տարի լինի: Շնորհավորում եմ բոլորի գալիք Նոր տարին: Ամեն լավ բան, որ կատարվեց 2017 թվականին, թող շարունակվի գալիք տարում, իսկ անհաջողություններն ու դժվարությունները թող մնան անցյալում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: