Հայերեն   English   Русский  

​ԳՐԻԳՈՐ Դ ՏՂԱ


  
դիտումներ: 6722

Կիլիկիայում իշխանապետ դարձած Լևոն Երկրորդն ավելի սերտացրեց հարաբերությունները կաթոլիկների հետ՝ ակնկալելով նրանցից թագ ստանալ:

Իսկ դա, բնականաբար, Գրիգոր Տղայի սրտով չէր: Եվ երբ Լևոնը համագործակցում էր խաչակրաց արշավանքների կազմակերպիչ, Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Բ Բարբարոսայի հետ, չուշացավ կաթողիկոսի դավաճանությունը:

Արաբ պատմիչ Բեհ ադ-Դինը վկայում է, որ հայոց Գրիգոր կաթողիկոսը խաչակրաց արշավանքների ժամանակ, գերմանական կայսր Ֆրիդրիխ Բարբարոսայի (որ հաջողության դեպքում թագ էր խոստացել Լևոն Բ Ռուբինյանին) շարժի մասին ծածուկ տեղյակ է պահել Սալահ ադ-Դինին:

Երբ հայոց կաթողիկոսն էր Ներսես Շնորհալին, նա որպես իրեն փոխանորդ նշանակեց իր ավագ եղբոր՝ Վասիլ իշխանի որդի Գրիգորին:

Պատանի իշխանազնը հասակ է առել հոգևոր միջավայրում՝ Հռոմկլայի կաթողիկոսարանում, այդ պատճառով էլ ժամանակակիցները նրան Տղա մականունով կնքեցին, ի նշան այն իրողության, որ իր հորեղբոր՝ Ներսես Շնորհալի կաթողիկոսի որդեգիրն էր և հասակ էր առել կաթողիկոսարանում:

1038 թ. Վասիլ Պահլավունին գերվել էր, և նրա պատանի որդու հոգածությունն ու խնամքը ստանձնել էին նրա հորեղբայրները՝ կաթողիկոսներ Գրիգոր Գ և Ներսես Շնորհալին:

Ժամանակակիցները նշում են, որ կաթողիկոս ընտրվելիս՝ 1173 թ., Գրիգոր Տղան բարձրահասակ և գեղեցկատես տղամարդ էր:

Երբ մահացավ Ներսես Շնորհալին, Գրիգոր Տղան գտնվում էր Կիլիկիայում, որտեղ իր փեսան՝ Կիլիկիո Մլեհ իշխանը, կռիվ էր տալիս Հեթումյանների դեմ՝ պաշարելով նրանց իշխանանիստ Լամբրոն ամրոցը: Նա աջակցեց Մլեհին այս պայքարում և շտապ վերադարձավ Հռոմկլա՝ զբաղեցնելու կաթողիկոսական թափուր գահը: Սակայն ամեն բան հարթ չընթացավ: Պահլավունիներից ևս մեկ հոգևորական՝ իր հորեղբորորդի Գրիգոր Ապիրատը, հասցրել էր տիրել կաթողիկոսական մատանուն ու իրեն հռչակել կաթողիկոս: Նա արգելեց Գրիգոր Տղայի մուտքը Հռոմկլա: Գրիգոր Տղան ստիպված էր դիմել իր զորեղ փեսային՝ Մլեհին: Վերջինս դիմում է իր բարեկամ և դաշնակից Հալեպի սուլթան Նուրադդինին, որի տիրույթներում էր գտնվում Հռոմկլան: Նուրադդինի օգնությամբ էլ գահընկեց է արվում Գրիգոր Ապիրատը, և կաթողիկոսական գահ է բարձրանում Գրիգոր Տղան:

Նորընծա կաթողիկոսը, սակայն, խստորեն չպատժեց Ապիրատին: Ավելին, նրան նշանակեց Լամբրոնի իշխանության արքեպիսկոպոս: Ուշագրավ է ասորի պատմիչ, հոգևոր գործիչ Միքայել Ասորու արձագանքը Գրիգոր Տղայի կաթողիկոս ընտրվելու կապակցությամբ: Նա, շնորհավորելով հայոց կաթողիկոսին, խորհուրդ է տալիս այնքան պարկեշտ լինել, որ իր վարքով հայոց վրայից վերացնի արծաթասեր լինելու կեղտը:

Նորընծա կաթողիկոսին շտապեցին շնորհավորել ժամանակի քաղաքական և հոգևոր գործիչները: Հատուկ սուրհանդակ ուղարկեց նաև Բյուզանդիայի կայսրը: Գրիգոր Տղան չէր թաքցնում իր սերը հույների և քաղկեդոնականության նկատմամբ և շոյված էր կայսեր վերաբերմունքից:

Գրիգոր Տղա կաթողիկոսը ակտիվ միջամտում էր ժամանակի անցուդարձին: Նա հարաբերություններ ու նամակագրական կապ ուներ ժամանակի իշխողների՝ Հռոմի Լուկիանոս Գ պապի, խաչակրաց արշավանքների կազմակերպիչ արքաների, Պոլսի պատրիարք Միքայել Անքիալոսի, եգիպտական ահեղ սուլթան Սալահ ադ-Դինի, Բյուզանդիայի կայսր Մանուել Ա Կոմնենոսի, այլ ազդեցիկ իշխանավորների հետ:

Գրիգոր Տղան ոչ միայն դեմ չէր քաղկեդոնականությանը, այլև գործուն քայլեր էր անում բյուզանդական եկեղեցուն միաբանվելու ուղղությամբ: Նա ընդունում էր Քրիստոսի երկու բնույթն ու երկու եկեղեցիների միության անհրաժեշտությունը:

Դա, ինչ խոսք, առաջ բերեց Հայոց արևելյան կողմի վարդապետների դժգոհությունն ու ընդդիմությունը:

Հակասությունը սուր բնույթ ստացավ: Կաթողիկոսը ստիպված էր իր հայացքները շարադրել խոհափիլիսոփայական գրությամբ՝ «Թուղթ առ վարդապետս Հիւսիսոյ»՝ ուղղված Արևելյան Հայաստանի ազդեցիկ հոգևորականությանը:

Այս գրության մեջ շարադրելով իր տեսակետները՝ կաթողիկոսը նշում է, որ հույն եկեղեցու հետ միությունը չի կարող վնասել հայությանը, հայ եկեղեցու շահերին, եթե այդ միությունը կայանա իբրև երկու իրավահավասար եկեղեցիների միություն:

Կաթողիկոսը բյուզանդական Մանուել կայսրին ուղղված իր նամակներում էլ ընդգծում և պաշտպանում էր այդ դրույթը: Միություն, սակայն դա կլինի միություն երկու հավասարների միջև:

Այնուամենայնիվ, որքան էլ մեր ժամանակների պատմաբաններն ու հոգևորականները փորձում են այլ կերպ ներկայացնել Գրիգոր Տղա կաթողիկոսի վարած կուրսը, նա ջատագովն էր հայ եկեղեցու միությանը հույների հետ:

Ի դեպ, Գրիգոր Տղան իր ազգականին՝ Ներսես Լամբրոնացուն դեռևս 22 տարեկանում եպիսկոպոս օծեց և մեծ լիազորություններ տվեց: Ներսեսը եկեղեցիների միության գործում պաշտպանում էր կաթողիկոսի դիրքորոշումը: Նա ժամանակի ուսյալ այրերից էր, սակայն իր բռնած գծով ոչ միայն հեռու էր հայության շահերի պաշտպանը լինելուց, այլև շատ դեպքերում ապազգային դիրք ուներ: Ներսես Լամբրոնացու աշխարհայացքը կարելի է բնութագրել իր իսկ խոսքով. «Ինձ համար հայ ու լատինը մեկ են, լատինն ու հելլենը, հելլենն ու սիրիացին, սիրիացին ու եգիպտացին: Եթե ես լինեի ջատագովն այդ ազգերից մեկի համար, ես չէի կարող շփվել մյուսների հետ: Բայց ես բոլորին, ովքեր թշնամի են միմյանց, միավորում եմ և սրանով ձեռք եմ բերում բոլորի բարեկամությունը միաժամանակ»:

Այո, հայ կղերի համար իրոք հայն ու լատինը, հելլենն ու արաբը մեկ են:

Կաթողիկոսը Գրիգոր Ապիրատին հանձնեց Անտիոքի թեմը, Ներսես Լամբրոնացուն հանձնեց Լամբրոնը: Բացի Լամբրոնացուց, Գրիգոր Տղային աջակից էր նաև նրա հորեղբոր թոռը՝ Շահանը:

1077 թ. Բյուզանդիայի Մանուել կայսրը կրկին պատվիրակ ուղարկեց Հռոմկլա՝ եկեղեցիների միության գործը գլուխ բերելու նպատակով: Կայսեր պատվիրակը նաև կաթողիկոսին և հայ հոգևորականության գլխավորներին հրավիրեց Կոստանդնուպոլիս:

Կայսեր պատվիրակը կաթողիկոսին հանձնեց նաև Պոլսի Միքայել պատրիարքի սիրալիր նամակը, որի տակ ստորագրել էին նաև բյուզանդական եկեղեցու գրեթե բոլոր երևելի այրերը:

Հույները տեղեկացնում էին, որ հատուկ ժողով են գումարել և որոշել հայ եկեղեցուց որևէ ծիսական փոփոխություն չպահանջել՝ բավարարվելով միայն Քրիստոսի երկու բնույթը ճանաչելու պայմանով:

Կաթողիկոսն ու իր խոհակիցները բավարարված էին հույների պահանջներից, սակայն խնդրի լուծման համար պետք էր եկեղեցական մեծ ժողով գումարել: Եվ երկու տարի անց, 1179 թ Զատկին, Հռոմկլայում գումարվեց ժողովը:

Մինչ ժողովի գումարումը կաթողիկոսը սերտ նամակագրություն էր ծավալել արևելահայ հոգևորականության հետ: Միությանը դեմ կանգնեցին Արևելքի՝ Անիի, Հաղպատավանքի, Սանահինի, Գոշավանքի եկեղեցականները ի դեմս Գրիգոր Տուտեորդու, Դավիթ Քոբայրեցու, Մխիթար Գոշի, որոնք էլ մեծ ազդեցություն ունեին Անիի Բարսեղ արքեպիսկոպոսի վրա:

Ի վերջո, ժողովը գումարվեց 33 մասնակիցներով, որոնցից Կիլիկիան ներկայացնում էին 16, բուն Հայաստանը՝ 17 հոգևորականներ:

Ժողովը շատ երկար տևեց և չնայած Արևելքի հոգևորականության դիմադրությանը՝ բանաձև ընդունեց՝ կողմ արտահայտվելով եկեղեցիների միությանը: Բայց մինչ ժողովի բանաձևը պատասխան նամակով կուղարկվեր Մանուել կայսրին, վերջինս նա արդեն 1180 թ. մահացել էր:

Ի դեպ,Կիլիկիայի և Հայաստանի հոգևորականության վերաբերմունքը երևույթին երևում է նաև կայսեր նկատմամբ դիրքորոշումից: Ներսես Լամբրոնացին Մանուելի մասին խոսում է իբրև սրբի մասին, իսկ Կիրակոս Գանձակեցին նրան Նեռ է անվանում:

Ժողովին չմասնակցեց կաթողիկոսի գլխավոր ընդդիմախոսը՝ Գրիգոր Տուտեորդին: Նա, սակայն, ծաղրական ոճով քննադատական նամակ է ուղարկում Գրիգոր Տղային: Կաթողիկոսը պատասխանում է նույն ոճով՝ փորձելով հիմնավորել իր տեսակետը: Բայց զգալով, որ աստվածաբանական բանավեճում Տուտեորդուն հաղթել անկարող է, ի վերջո խուսափում է նրանից՝ դադարեցնելով ամեն տեսակ շփում:

Բյուզանդիայի մայրաքաղաքում կայսերական գահի համար խառնաշփոթ պայքար սկսվեց: Գահին մեկը մյուսին հաջորդում էին իրարամերժ կայսրեր: Սա էլ երկու եկեղեցիների միության խափանման կարևոր կռվան եղավ:

Կայսրերից ոմանք փորձեցին կայսրության հպատակ հայերին ուժով քաղկեդոնական դարձնել: Կիլիկիայի իշխանների պատասխանը չուշացավ: Հայերը շրջվեցին դեպի կաթոլիկ աշխարհ: Ռուբեն Բ Ռուբինյանն անմիջապես ամուսնացավ լատին իշխան Հիմֆրիսի Իզաբել դստեր հետ և հույներից գրավեց Տարսոն քաղաքը: Իսկ Հռոմկլայի կաթողիկոսությունը թշնամական դիրք բռնեց հույների դեմ:

Տեսնելով հայության քաղաքական կուրսի փոփոխությունը՝ անմիջապես ակտիվացավ Հռոմի Լուկիոս Գ պապը՝ առաջարկելով դավանական միություն՝ հայ եկեղեցու ծիսակարգի փոփոխությամբ:

Ի դեպ, Կիլիկիայում իշխանապետ դարձած Լևոն Բ-ն ավելի սերտացրեց հարաբերությունները կաթոլիկների հետ՝ ակնկալելով նրանցից թագ ստանալ: Իսկ դա, բնականաբար, Գրիգոր Տղայի սրտով չէր: Եվ երբ Լևոնը համագործակցում էր խաչակրաց արշավանքների կազմակերպիչ, Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ Բ Բարբարոսայի հետ, չուշացավ կաթողիկոսի դավաճանությունը:

Արաբ պատմիչ Բեհ ադ-Դինը վկայում է, որ հայոց Գրիգոր կաթողիկոսը խաչակրաց արշավանքների ժամանակ, գերմանական կայսր Ֆրիդրիխ Բարբարոսայի շարժի մասին ծածուկ տեղյակ է պահել Սալահ ադ-Դինին:

Նա չէր թաքցնում իր հակակրանքը Կիլիկիո իշխանների՝ արքայական թագ ստանալու ձգտումներին և հակառակվում էր Լևոն Բ-ի ծրագրերին:

Գրիգոր Դ Տղա կաթողիկոսը մահացավ 1193 թ. Սիս քաղաքում: Մարմինն ամփոփվել է Դրազարկի վանքում:

Գրիգոր Տղա կաթողիկոսը գրական ժառանգություն է թողել: Հատկապես պատմական մեծ արժեք ունի նրա գրած պոեմը Երուսաղեմի՝ արաբների կողմից գրավման մասին՝ «Ողբն վասն առմանն Երուսաղեմի», գրել է նաև «Յիսուս Քրիստոս Որդի և Բան» պոեմը:

Գրիգոր Դ Տղա կաթողիկոսը մտերիմ էր Մխիթար Հերացուն: Բժշկապետը կաթողիկոսի անձնական բարեհաճությամբ է գրել իր «Ջերմանց մխիթարություն» երկը: Նա նաև աջակցեց Մխիթար Գոշին «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: