Հայերեն   English   Русский  

Հայաստանի ծանրորդները վերջին չորս տարում 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել. Փաշիկ Ալավերդյան


  
դիտումներ: 238

Վերջին չորս տարում՝ 2014-թվականից մինչեւ 2017-ը, Հայաստանի ծանրորդներն ընդհանուր առմամբ մեզի եւ արյան 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել միջազգային հակադոպինգային կազմակերպություններ կազմակերպած ստուգումներում եւ ոչ մի անգամ հակադոպինգային կանոնների խախտում չի հայտնաբերվել:

«Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հնարավոր է մեր նկատմամբ կիրառված պատժամիջոցի ժամկետը կրճատվի մինչեւ վեց ամիս եւ Հայաստանի հավաքականը, չի բացառվում եւս մեկ-երկու երկիր, կարողանա մասնակցել եկող տարվա գարնանը կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մենք 2018 թվականի մեր պլանը կազմել ենք հենց այդ հաշվարկով, որպեսզի պատրաստ լինենք: Պաշտոնապես մեր որակազրկման ժամկետը լրանում է ապրիլի 19-ին եւ դրանից հետո Հայաստանի ծանրորդները կարող են մասնակցել բոլոր տարիքային խմբերի պաշտոնական առաջնություններին»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Նա խոսեց նաեւ մեր ծանրորդների հետագա մարզական ճակատագրի, ծանրամարտում կատարված եւ սպասվող փոփոխությունների մասին.

«Հռիփսիմե Խուրշուդյանը մայիս ամսից կարող է միանալ հավաքականին: Նա հիմա մարզվում է եւ պատշաճ մարզավիճակ պահպանում: Տիգրան Մարտիրոսյանը չի ցանկանում շարունակել ծանրորդի կարիերան: Նրա տարիքն արդեն այն չէ, երկար ժամանակ չի մարզվել: Հիմա նա մտածում է ընտանիք կազմելու եւ աշխատանքի մասին:

Ծանրամարտում ամռանն էական փոփոխություններ են ակնկալվում: Մինչեւ հուլիս ամիսը տղամարդկանց քաշային կարգերը պակասեցվելու են մեկով: Թե´ տղամարդիկ, թե´ կանայք պայքարելու են 10 քաշային կարգում, որոնցից միայն յոթն է օլիմպիական լինելու: Իսկ թե որո՞նք, դեռ պարզ չէ: Ազգային ֆեդերացիաներին հանձնարարվել է մինչեւ հունիս ամիսը առաջարկներ ներկայացնել, որոնք քննարկելուց հետո միայն վերջնական որոշում կկայացվի:

Տոկիոյում կրճատվելու է մեկ ազգային ֆեդերացիային մինչեւ այժմ հասնող օլիմպիական ուղեգրերի առավելագույն քանակը՝ վեցից իջնելով չորսի: Այսուհետեւ, ծանրորդը օլիմպիական խաղերին մասնակցելու վարկանիշ ստանալու համար պետք է 18 ամսվա ընթացքում մասնակցի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մեծահասակների 4-ից 6 պաշտոնական մրցաշարի: Հակառակ դեպքում, անկախ աշխարհի առաջնություններում ցույց տված արդյունքներից, նրան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք չի ընձեռվի: Դա արվում է նրա համար, որպեսզի ծանրորդը աշխարհի ու մայրցամաքային առաջնություններին մասնակցելուց առաջ մի քանի անգամ դոպինգ ստուգում անցնի:

Մենք մեր հավաքները 2018 թվականին կսկսենք ինչպես միշտ՝ հունվարի կեսերից, երբ պետական աջակցությունը կլինի:

Հատուկ ուզում եմ նշել, որ այս տարվա 80 մեդալները նվաճելու գործում, որքան էլ մեծ է եղել պետական ֆինանսավորումը, անգնահատելի դեր է կատարել ՀԱՕԿ-ը Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Նկատի ունեմ հատկապես վնասվածք ստացած մեր ծանրորդների բուժումն ու վերականգնողական գործընթացը, առանց որի 2017 թվականին այսպիսի արդյունքներ չէինք ունենա: Մենք, ինչպես գիտեք, երկար ժամանակ է, ֆեդերացիայի նախագահ չունենք: Սակայն պարոն Ծառուկյանի շնորհիվ ոչ մի խնդիր չի եղել: Նա իր վրա է վերցրել բոլոր հոգսերը. ֆեդերացիային ֆինանսավորում է, մարզիկներն իրենց թոշակներն ստանում են, տարեվերջին, վստահ եմ, ծանրորդները նաեւ կպարգեւատրվեն: Եվ չեմ կասկածում, որ ոչ միայն ծանրորդները, այլեւ մյուս մարզաձեւերը դա գնահատում են եւ իրենց երախտագիտությունը հայտնում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: