Հայերեն   English   Русский  

​Լինել պարտաճանաչ, ազնիվ ու աշխատասեր. «Սովթ պապիրուսի» հաջողության բանաձևը


  
դիտումներ: 7813

Անձեռոցիկն ու զուգարանի թուղթն այսօր Հայաստանում ամենապահանջված ապրանքներից են:

Դրանց պահանջարկը կարելի է համեմատել թերևս հացի հետ, որքան էլ որ համեմատությունը պատշաճ չթվա: Հենց այս համեմատությունը 2014 թ. կեսերին հուշեց գործարար Տիգրան Կարապետյանին Հայաստանում հիմնել տարբեր տեսակի անձեռոցիկներ և զուգարանի թուղթ արտադրող «Սովթ պապիրուս» ընկերությունը:

Շուկայի «ոտքից գլուխ» ուսումնասիրությունն ու հաշվարկները Տիգրան Կարապետյանին հուշում էին, որ այսպիսի բիզնեսը կարող է հաջողություն ունենալ: Մտահղացումից, շատ արագ ընկերության համար անուն մտածելուց, Թուրքիա այցելելուց ու համանման արտադրության գործընթացներին ծանոթանալուց հետո գործարարը Հայաստանում հանդիպում է համապատասխան հաստոց արտադրող մարդկանց հետ, պատվիրում իրեն անհրաժեշտ հաստոցներն ու իր խնայողությունները ներդնելով՝ արագ էլ սկսում է կազմակերպչական ու հիմնադրման աշխատանքները:

«Դա 2014 թվականի հուլիսն էր: Ինձ թվում էր, թե ամբողջ շուկան նստած ինձ է սպասում, ու հենց ես արտադրեմ՝ պահանջարկը խեղդելու է: Դեկտեմբերի սկզբին սկսեցինք վաճառքը. այսօրվա պես հիշում եմ՝ սպասում էի, որ ինչ ուղարկել եմ շուկա՝ վաճառվելու է, բայց ընդամենը 24 հազար դրամի վաճառք ունեցա: Մոտավորապես մի շաբաթ այդ պատկերն էր: Նոր միայն զգացի, թե ինչի մեջ եմ մտել ու ինչ է ինձ սպասում: Մինչև դեկտեմբերի վերջը 15-16 խանութ կարողացանք մտնել ընդամենը, թեև սկզբում մեզ թվում էր, թե 400-500 խանութ պետք է մտնենք: Այդպես շատ տխուր Նոր տարի դիմավորեցի, հետո վերահաշվարկ արեցի, փորձեցի հասկանալ, թե ինչի մեջ եմ խրվել: Հետո կամաց-կամաց մտանք շուկա: Արդեն 2015 թվականի վերջին մեզ շուկայում սկսեցին ճանաչել: Մի տարի տևեց խանութներ մտնելը»,- «Անկախի» հետ զրույցում հիշում է «Սովթ պապիրուս» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը:

2015 թվականի ապրիլին էլ Տիգրան Կարապետյանը վաճառում է իր հիմնած ընկերության բաժնեմասերի կեսը, այդտեղից էլ որոշակի գումարներ են գոյանում, հնարավոր է դառնում գոյատևել, ու ոչ միայն գոյատևել, այլև աճել, ընդլայնվել ու զարգանալ: Հիմնադրման պահին ընկերությունում աշխատում էին 4-5 հոգով, իսկ ներկայումս աշխատակիցների թիվը եռապատկվել է:

Սկզբում 15-16 ապրանքատեսակ ունեին, ներկայումս՝ ավելի քան 60: Ծավալներն էլ սկզբնականի համեմատ մոտ եռապատկվել են: Հիմա էլ ընկերությունն ընդլայնվում է: Արդեն մոտ 500 գործընկեր ունեն՝ խանութներ ու տարբեր ձեռնարկություններ, որոնք վաճառում են «Սովթ պապիրուս» ապրանքներ:

Վերջին մի քանի ամիսներին նոր «Սովթ պապիրուս» ընկերությունը սկսել է աշխատել շահույթով. արդեն ձեռք են բերել սեփական արտադրամաս նախկին վարձակալվածի փոխարեն ու կարող են արտադրությունն էլ ավելի ընդլայնել: Այս տարի ծավալների մոտ 30 տոկոսի ավելացման նպատակ ունեն, նոր հաստոցների ձեռքբերում, շուկայի ընդլայնում: Ներկայումս ըկերության արտադրանքն իրացվում է Երևանում ու Գյումրիում, իսկ շուկայի ընդլայնումը ենթադրում է ծածկել հանրապետության ու Արցախի ամբողջ տարածքը, իսկ հաջորդ տարվանից արդեն մուտք կգործեն Վրաստանի տարածք:

Կարճ ասած՝ այս երեք տարիներին անպատմելի ծանր ու անասելի դժվարություններ են ստիպված եղել հաղթահարել ընկերությունում: Դրանք հաղթահարելուն օգնել է կամքի ուժն ու աշխատասիրությունը:

«Սկզբնական հիասթափությունը՝ դեպրեսիան, ինձ մոտ անցավ մոտ 3 ամսվա ընթացքում, երբ անընդհատ մտածում էի, որ կործանվում ենք, ու երեք ամիս ախուվախ անելուց հետո մտածեցի, որ ճիշտը հանձնվելը չէ, այլ պայքարելը: Այդ ժամանակ էլ ընկերության 50 տոկոս բաժնեմասը վաճառելու որոշում կայացվեց, դրանից հետո արդեն նոր գործընկերներ կային, որոնք օգնեցին ընկերությանը: Այդ օգնությունը գումարվեց մեր աշխատասիրությանն ու կամքի ուժին, ու արդեն սկսվեց աճի ու ընդլայնման փուլը»,- ժպտալով վերհիշում է Տիգրան Կարապետյանը:

Ստեղծման պահից մինչ օրս, ինչպես նշում է մեր զրուցակիցը, այս բիզնեսն ամեն տարի մոտ 20-30 տոկոսանոց աճ է ունեցել: Գոնե Երևանում բնակչության մեծ մասն արդեն «Սովթ պապիրուսը» ճանաչում է որպես բրենդ, իսկ Տիգրան Կարապետյանն արդարացիորեն հպարտանում է, որ այս ընթացքում իրենք ո՛չ գործընկերներին, ո՛չ աշխատողներին, ո՛չ էլ, առավել ևս, գնորդներին ու ժողովրդին չեն խաբել: Երբեք. Չեն փորձել տուփերի մեջ պակաս լցնել, որակը գցել և այլն: Չխաբելը ընկերությունում ոսկե կանոն է:

Իսկ մեր հարցին՝ որքանով է դա կարևոր, կտրուկ պատասխանում է՝ դա հաջողության 50 տոկոսն է: Իսկ մյուս 50 տոկոսը պայմանավորված է առավոտից երեկո քրտնաջան աշխատանքով:

«Մենք այս գործում մեջք չենք ունեցել, մենք ենք եղել մեր մեջքը, ամեն ինչի հասել ենք մեր քրտնաջան աշխատանքով: Յուրաքանչյուր խանութի համար ճակատամարտ ենք տվել: Չեք պատկերացնի, թե դա ինչ է, քանի ինքներդ այդ ամենի միջով չեք անցել: Չես կարող մենակ փող ունենալ ու դրանով ոչինչ չանել: Պետք է այդ փողը դնել շրջանառության մեջ: Ու այնպես չէ, որ ներդրում ես անում հենց այնպես, մենք էլ ներդրում անելուց շահույթ ենք ակնկալել ու նաև ստանում ենք որոշակի շահույթ: Բայց ինձ համար սա աշխատանք է: Պետք է աշխատեի ուրիշի մոտ, իսկ հիմա իմ բիզնեսում եմ աշխատում: Ընկերությունն ինձ համար ապրուստի միջոց է ու նաև կենսակերպ: Այս բիզնեսն արդեն ինձ համար կյանք է, ամեն ինչ, ես հիմա իմ կյանքն առանց այս գործի չեմ պատկերացնում: Հիմա մտածում եմ, որ «Սովթ պապիրուսը» ժամանակի ընթացքում պետք է դառնա համաշխարհային բրենդ, մենք դրա համար ամեն ինչ անելու ենք: Թե ինչքանով կստացվի՝ ժամանակը ցույց կտա, բայց այս պահին որպես բրենդ արդեն Հայաստանում ճանաչված է»,- ընդգծում է մեր զրուցակիցը:

Ըստ Կարապետյանի՝ փայլուն տեսլականը յուրաքանչյուր բիզնեսի հաջողության հիմնական գրավականն է: Եթե իրենք բիզնեսն անընդհատ չընդլայնեն, նույն տեղում մնան, կգա ժամանակ, որ կսկսեն նահանջել: Պետք է հստակ հասկանաս, թե ուր ես գնում: Եվ ներկայումս իրենց համար գլխավոր նպատակը Հայաստանի ու Արցախի ամբողջ տարածքը ծածկելն է:

«Ուղղակի սկզբում մի կոպիտ սխալ արեցի, որ միանգամից մեծ սկսեցի: Պետք էր ավելի փոքրից սկսել ու կամաց-կամաց գնալ մեծին: Ընդհանրապես կարևոր է սկզբում յուրացնել մի քանի սկզբունք. բիզնեսում միշտ պետք է լինել հետևողական ու աշխատասեր, աշխատել անմնացորդ նվիրումով, լինել համբերատար ու փոքրից սկսելով՝ գնալ դեպի մեծը: Ամեն դեպքում համբերատարությունն ամենակարևորն է: Իմ օրինակով ասեմ. նայում էի, թե մեր սեկտորում աշխատող որ մեծ ընկերությունն ունի այս արտադրանքը, և մտածում էի՝ ես էլ ստեղծեմ, ինչո՞վ եմ պակաս նրանից, ու անում էի: Բայց հետո տեսնում էի, որ դա պարտքերի հաշվին է արվում: Հետո մի պահ եղավ՝ պարտքերն այնքան էին շատացել, որ էլ չէի դիմանում այդ ծանր բեռին: Ու այս երեք տարվա աշխատանքի փորձով հասկացանք, որ ամենաճիշտը համբերատար, մանր քայլերով առաջ գնալն է՝ շարժվելն ըստ հնարավորությունների ու առկա իրողությունների: Ունե՞մ հնարավորություն հաջորդ հերթական քայլն անելու՝ ուրեմն անում եմ, ընդլայնվում եմ: Համենայն դեպս՝ երբեք տեղում չենք դոփել, ամեն ամիս աճ ենք ունեցել: Մենք տեղում դոփելու իրավունքը չունենք»,- նշում է Տիգրան Կարապետյանը:

Գործարարը վստահ է՝ եթե նույն բիզնեսը մի որևէ այլ երկրում հիմներ, ամենայն հավանականությամբ ավելի արագ կաճեր ու կզարգանար: «Բայց հո բոլորը չե՞ն գնալու, մեկը պետք է մնա՞, թե՞ ոչ: Ու այդ մեկը՝ ես ինձ եմ ընտրել, պետք է մնամ, աշխատեմ, զարգանամ ու ընդլայնվեմ, այս երկրում փորձելու եմ ինչ-որ բան փոխել, ինչ-որ բան տալ: Թե ինչքանով կստացվի՝ այս պահին չեմ կարող ասել»,- ժպտալով վրա է բերում Տիգրան Կարապետյանն ու ընդգծում՝ ամեն դեպքում ինքը լավատես է:

Տիգրան Կարապետյանի փորձը ցույց է տալիս, որ բիզնեսում շատ է օգնում պարտաճանաչությունը, իսկ բարկությունն ու խուճապի մատնվելը բիզնեսմենի ամենալուրջ խնդիրներից են: Խուճապի ժամանակ կայացնում ես հապշտապ սխալ որոշումներ: Պետք է լինել սառնասիրտ, ցանկացած խնդրի ոչ թե տաքգլուխ արձագանքել, այլ սառնասրտորեն, սթափ գնահատել իրավիճակը, վերլուծել ու նոր միայն որոշումներ ընդունել: Բիզնեսում միշտ էլ կարող են առաջանալ անկանխատեսելի իրավիճակներ, բայց եթե ամեն անգամ պարտաճանաչ ու ազնվորեն գործընկերներիդ տեղեկացնում ես իրավիճակի մասին, ձեռք ես բերում վստահություն ու հավատ քո հանդեպ, ու բոլոր հարցերն իրենց ժամանակին լուծվում են: «Միշտ պետք է լինել լավատես»,- ասում է մեր զրուցակիցը:

Ի դեպ, ինչ վերաբերում է լավատեսությանը, նա ասում է, որ դա բիզնեսում ամենակարևոր պայմաններից մեկն է: Այն ուղին, որով անցել են ինքն ու իր հիմնած ընկերությունը, առանց լավատեսության, առանց վաղվա օրվան հավատալու պարզապես չէր ստացվի, հատկապես այն պահերին, երբ իրավիճակը թվացել է անելանելի, փակուղային: Այդպիսի պահեր հաճախակի են եղել, բայց իրենք չեն հանձնվել, չեն հանձնվում ու չեն հանձնվելու, այլ փորձելու են հասնել իրենց մեծ երազանքին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: