Հայերեն   English   Русский  

​Հողամասերի նկատմամբ իրավունքները


  
դիտումներ: 15217

Նախորդ հոդվածում անդրադարձանք հողային ֆոնդին, բացահայտեցինք, թե որն է հողային ֆոնդի կազմը և էությունը: Այս հոդվածում կշարունակենք հողային հարաբերությունների թեման և կխոսենք հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների մասին:

Այսպես, հողամասի նկատմամբ իրավունքներից առաջինն ու թերևս գլխավորը հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն է: Քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հողամասերն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքն է` օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ: Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Նշված անձինք կարող են լինել միայն հողի օգտագործողներ:

Հողային օրենսգրքով նախատեսված բացառությունը վերաբերում է ՀՀ կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց:

Հողի օգտագործումն իրականացվում է կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով: Հողամասն օգտագործման կարող է տրամադրվել միայն հողամասի սեփականատիրոջ կողմից:

Այժմ անդրադառնանք հողամասի օգտագործման եղանակներին:

Հողամասի անհատույց (մշտական) օգտագործում է համարվում սեփականատիրոջ կողմից այլ անձի օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրված հողամասի տիրապետումն ու օգտագործումը:

Հողամասի վարձակալության իրավունքը վարձակալության պայմանագրի պայմաններով վճարի դիմաց հողամասի ժամկետային օգտագործման իրավունքն է: Հողամասի սեփականատերը պայմանագրով կարող է վարձակալին տրամադրել հողամասի ենթավարձակալության և գրավ դնելու իրավունքներ:

Պետության և համայնքների սեփականության հողամասերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարուց ավելի ժամկետով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչև 25 տարի, ընդ որում վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի:

Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք, այսինքն՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը: Ընդ որում սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Կառուցապատման իրավունքը տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով և չի կարող գերազանցել 99 տարին, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: