Հայերեն   English   Русский  

​Թուրքիան պարգև է խոստանում ամերիկացի նախկին պետական պաշտոնյաների համար. ԶԼՄ


  
դիտումներ: 492

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցներից մեկը պատրաստ է 800 հազար ամերիկյան դոլար վճարել Պենտագոնի և Կենտրանական հետախուզական վարչության նախկին երկու աշխատակիցների համար, որոնց համարում է 2016 թ-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձում ներգրավված:

Այս մասին հաղորդում է «Washington Free Beacon» թերթը` հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին:

Ըստ թերթի աղբյուրների` խոսքը Պենտագոնի նախկին աշխատակից Մայքլ Ռուբինի և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Գրեմ Ֆուլերի մասին է: Հաղորդվում է, որ Ռուբինն ու Ֆուլերը բազմիցս քննադատել են Էրդողանին, իսկ թուրքական դատախազությունը ներկայացրել է նրանց ձերբակալելու օրդեր:

Թերթի աղբյուրները «անհեթեթ» են համարում Թուրքիայում հեղաշրջման փորձին պաշտոնյաների որևէ մասնակցության մասին պնդումները: «Պետդեպարտամենտի լռությունն այն պայմաններում, երբ Թուրքիան պարգև է խոստանում երկու ամերիկացիների համար, ովքեր եղել են պետական ծառայողներ, սարսափելի ազդանշան է, որն էլ խրախուսում է Թուրքիային»,- Ռուբինի խոսքերն է մեջբերում թերթը:

2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Հեղաշրջման փորձից հետո՝ 2016 թ-ի հուլիսի 20-ին, Թուրքիայի նախագահը երեք ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է հաստատել, որի ժամկետն արդեն երեք անգամ երեք ամսով երկարաձգվել է: Քանի դեռ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ է հաստատված, սահմանափակումներ են սահմանվել հանրահավաքների և որոշ զանգվածային միջոցառումների համար, ուժային կառույցներն առավել լայն իրավունքներ են ստացել: Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական երկրներ և թուրքական ընդդիմությունը քննադատաբար են մոտենում արտակարգ դրության նոր երկարացմանը` նշելով, որ այն սպառնում է երկրի բնակչության ազատությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: