Հայերեն   English   Русский  

​Մենք համայնքները խոշորացնում ենք, իսկ գերմանացիները փոքր համայնքները վաճառում են


  
դիտումներ: 9765

Օրերս գերմանական «Շպիգել» պարբերականը գրեց, որ Գերմանիայի Բրանդենբուրգ դաշնային տարածքում մի ոչ մեծ բնակավայր աճուրդով վաճառվել է 140 հազար եվրոյով:

Պարբերականի հրապարակման համաձայն՝ Ալվինե անվամբ այդ գյուղակը բնակեցված է ընդամենը 15 մարդով և զբաղեցնում է մոտ 16 հազար քմ կամ ընդամենը 1,6 հեկտար մակերես: Հատկանշական է ոչ թե այն, որ գյուղակն աճուրդի է հանվել ու վաճառվել մասնավոր անձի, այլ այն, որ մինչ աճուրդն այն պատկանել է մեկ այլ սեփականատիրոջ, որը, սակայն, չի կարողացել վճարել վարձերը: Այս գյուղակը գտնվում է Բեռլինից մոտ 100 կմ հեռավորության վրա, այնտեղ կան մի քանի բնակելի տներ, որոնց մեծ մասում, սակայն, բնակվող չկա, ինչպես նաև ավտոտնակներ, օժանդակ այլ շինություններ ու ենթակառուցվածքներ: Մեզ համար այս արտասովոր իրողությունը մի ուշագրավ կողմ ունի: Ալվինե գյուղակի նոր սեփականատերը պարտավորվել է ստանձնել գյուղը պահելու բոլոր հոգսերը: Սա հիանալի առիթ է զուգահեռներ անցկացնելու մեր շատ ու շատ համայնքների հետ ու անդրադառնալու մեր խնդիրներին:

Հայաստանում էլ քիչ չեն այնպիսի գյուղերը, որոնք շատ քիչ բնակչություն, բավականին համեստ միջոցներ ու հնարավորություններ ունեն և չեն կարողանում ինչպես հարկն է իրականացնել իրենց հիմնական գործառույթներն ու բնակիչներին ապահովել անհրաժեշտ ծառայություններով: Իսկ տեղական ինքնակառավարում առաջին հերթին ծառայություններ մատուցել է ենթադրում:

Համաձայն «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ» փաստաթղթում հրապարակված տեղեկատվության՝ մինչ խոշորացումը Հանրապետությունում ձևավորված էր 915 համայնք, որոնց մոտ կեսը՝ 442-ը, 1.000-ից պակաս բնակչություն ունեն, իսկ ամեն չորրորդ-հինգերորդ գյուղ՝ մինչև 300 բնակիչ: Ըստ բնակչության թվի` ամենամեծ գյուղական համայնքը Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքն է 9745 բնակչով, ամենափոքրը` Սյունիքի մարզի Քաշունին՝ 27 բնակչով:

Հարկ է նշել, որ բոլոր համայնքների համար, անկախ նրանց չափերից, գործում է միևնույն օրենսդրական համակարգը՝ վերապահելով նրանց միևնույն լիազորությունները: Օրինակ՝ գրեթե 200 հազար բնակչությամբ Գյումրի քաղաքի և 27 բնակիչ ունեցող Քաշունիի տեղական ինքնակառավարման մարմինները նույն լիազորություններն ու պարտականություններն ունեն: Սա հանգեցնում է դժվարությունների, քանի որ համայնքների մեծ մասը չի կարողանում բնակչությանն անհրաժեշտ ծառայություններ մատուցել:

Առաջին հերթին՝ անհրաժեշտ միջոցների սղության պատճառով: Որովհետև համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ համայնքային բյուջեների եկամուտներում մեծ տեսակարար կշիռ ունեն ֆինանսական համահարթեցման դոտացիաները (2010 թ. այս ցուցանիշը կազմել է 38.7 տոկոս): «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքին համապատասխան՝ մինչև 300 բնակիչ ունեցող բոլոր համայնքները դոտացիա էին ստանում 3 մլն 500 հազար դրամի չափով, մինչդեռ 300-ից քիչ ավելի բնակիչ ունեցող և գրեթե նույն կամ մի քիչ ավելի կարողություններն ունեցող 30 համայնք՝ դրանից պակաս:

Իսկ ինչպե՞ս են ծախսվել այդ սուղ միջոցները: Պարզվում է, որ նախկին փոքր համայնքների բյուջեներում ծախսերի 96.5 տոկոսը՝ գրեթե ամբողջը, կազմում էր տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձը: Այս ցուցանիշը վկայում է համայնքային բյուջեների գումարների ոչ արդյունավետ օգտագործման մասին: Վարչական ծախսերի զգալի մասը, փաստորեն, ուղղվում է վարչական ապարատի պահպանմանը, ինչը վկայում է աշխատակիցների թվի և նրանց կողմից մատուցված ծառայությունների ծավալի և որակի անհամապատասխանության մասին: Հանրապետության 61 համայնքներում աշխատանքի վարձատրության և սոցիալական ապահովության գծով ծախսերը կազմում են 90 տոկոսից ավելին, թեպետ այդ աշխատավարձն անգամ պաշտոնապես համարվում է ցածր: Այսինքն՝ միջոցները միջին և մեծ համայնքների համար քիչ են, իսկ բազմաթիվ փոքր և թույլ համայնքներ չեն կարողանում բնակչությանն անհրաժեշտ ծառայություններ մատուցել` համապատասխան համայնքային կառույցներ չունենալու կամ ունենալու դեպքում շահագործել չկարողանալու, ինչպես նաև անբավարար ֆինանսական միջոցների պատճառով:

Ընդհանրացնելով պետք է ասել, որ մեր հանրապետությունում նախկին փոքր համայնքների ֆինանսական հնարավորությունները բավարար չեն տեղական ինքնակառավարումն արդյունավետ իրականացնելու և բնակչությանն անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար: Հիմնականում հենց այս պատճառով Հայաստանն անցավ համայնքների խոշորացման քաղաքականության:

Ըստ ամենայնի՝ անգամ Եվրամիության տնտեսական լոկոմոտիվը համարվող Գերմանիայում նման խնդիր կա: Հակառակ պարագայում ինչո՞ւ պետք է մասնավորին վաճառվեր մի ամբողջ գյուղ՝ պայմանով, որ սեփականատերը հոգա այդ գյուղի բոլոր ծախսերը: Հիմա պատկերացնենք, որ մեր կառավարությունն աճուրդով վաճառքի է հանում վերոհիշյալ Քաշունի գյուղը, որը 27 բնակիչ ունի: Ինչ-որ մեկը գնում է այդ գյուղը՝ իր տարածքով, անշարժ գույքով ու խոստանում ապահովել ծախսերը: Եթե հաշվի առնենք, որ պետությունը մինչ խոշորացումը Քաշունիին տրամադրում էր 3 մլն 500 հազար դրամ դոտացիա, ապա մեկ տարվա ընթացքում սեփականատերը դրա կրկնակին ծախսելու դժվարություն, ըստ ամենայնի, չի ունենա: Իսկ մարդիկ կապրեն ոչ թե հույսները կառավարության, տեղական իշխանությունների և Աստծո վրա դնելով, այլ կիմանան, որ կա ինչ-որ մի սեփականատեր, որը պատրաստ է հոգալու իրենց ծախսերը, ստեղծելու անհրաժեշտ պայմաններ ապրելու և աշխատելու համար:

Սա, ինչ խոսք, զվարճալի է թվում, բայց կարծես թե գործող տարբերակ է: Համենայն դեպս՝ Գերմանիան ու Հայաստանը առնվազն տնտեսական պոտենցիալով անհամեմատելի են: Գերմանիան գերտերություն է՝ հարուստ ու զարգացած: Ու եթե այնտեղ որոշել են, որ սեփականատերը պետությունից ավելի լավ կհոգա գյուղի հոգսերն ու ծախսերը, ուրեմն մի բան գիտեն: Միգուցե մի օր էլ մենք զարթնենք ու որոշենք, որ փոքր գյուղերը կարելի է վաճառել մեծահարուստ ներդրողներին, ի՞նչ իմանաս:

Բայց մենք դեռ պետք է ապրենք խոշորացված համայնքների իրողությամբ՝ մի 5-10 տարի էլ պետք կլինի հասկանալու համար, թե որոնք են այս համակարգի առավելություններն ու թերությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: