Հայերեն   English   Русский  

​Գյուղաջակցության որոշ ծրագրեր կդադարեցվեն, բայց նորերը պակաս գրավիչ չեն


  
դիտումներ: 9648

Անցյալ շաբաթ կառավարությունը որոշեց գյուղացիներին ներել այն պարտքերը, որոնք կուտակվել են պետական ծրագրով սերմացուի և պարարտանյութի ձեռքբերման հետևանքով:

Ընդհանրապես սուբսիդավորված գներով պարարտանյութ, վառելանյութ ու սերմացու ձեռք բերելու ծրագրերն այն քչերից էին, որոնք բավական դրական էին ընդունվում գյուղացիների կողմից: Համենայն դեպս վերջին 2 տարիներին ամեն գարնանն ու աշնանը մենք այս ծրագրերի վերաբերյալ խոսել ենք եթե ոչ հարյուրավոր, ապա գոնե տասնյակ գյուղացիների հետ. բոլորն էլ գոհ էին այդ ծրագրերից, քանի որ հակառակ դեպքում ստիպված պետք է վառելանյութ ու պարարտանյութ ձեռք բերեին շուկայական գնով, այսինքն՝ ավելի թանկ: Սերմացու գտնելն ու ձեռք բերելն էլ մի այլ խնդիր էր:

Բայց պարզվում է, որ պարտքեր են գոյացել այդ ծրագրերով: Մասնավորապես դիզելային վառելիքն ու պարարտանյութերը գյուղացիներին տրամադրվում էին ոչ միայն սուբսիդավորված գներով՝ ավելի էժան, այլև ապառիկ հետագայում վճարելու պայմանով: Բնական է, որ գյուղացիների համար սա ևս խիստ խրախուսող հանգամանք պետք է լիներ, որովհետև, ինչպես հիշում ենք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից, գյուղում փողը մարդկանց ձեռքն է ընկնում միանգամից ու շատ, ու պատահում է, որ «ապառիկ էլ են ուտում»: Դեռ մարդկանց սոցիալական վիճակը մի կողմ դրած՝ գյուղում մարդկանց ձեռքը փող է ընկնում ըստ սեզոնների, երբ բերքը հավաքում ու իրացնում են: Ուստի հարմար է գարնանը ապառիկով սերմացու, պարարտանյութ ու վառելիք վերցնել և դրա դիմաց վճարել աշնանը՝ բերքը հավաքելուց ու իրացնելուց հետո: Բայց պարզվում է՝ ոչ բոլորն են պարտաճանաչ գտնվել ու փաստորեն 642 մլն դրամի պարտք է գոյացել, որն էլ ներեց կառավարությունը:

Ստացվում է՝ պարտաճանաչները, որ ժամանակին վճարել են իրենց պարտքերը, տուժում են, իսկ ով պարտաճանաչ չի եղել ու չի վճարել, դա չի էլ անի: Մյուս կողմից՝ այդ նիստից հետո մի քանի ուշագրավ նորություններ էլ եղան: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն «Առավոտին» ասել է, որ այսուհետ կառավարությունը դադարեցնում է ապառիկով դիզվառելիք կամ պարարտանյութ տրամադրելը: Այսինքն՝ գյուղացիները միայն նախապես վճարելու դեպքում կարող են պետական ծրագրով ձեռք բերել պարարտանյութն ու դիզվառելիքը:

Բայց նորությունը միայն դա չէ: Կառավարությունն այս տարվա գարնանը դեռ չէր որոշել՝ շարունակելո՞ւ է սուբսիդավորված գներով պարարտանյութ ու դիզվառելիք տրամադրել գյուղացիներին, թե՞ ոչ, և շարունակվելո՞ւ են սուբսիդավորված տոկոսադրույքներով գյուղվարկերի ծրագրերը, թե՞ ոչ: Որովհետև շատ էր խոսվում դրանց անարդյունավետության, ոչ նպատակային օգտագործման մասին: Այդ ժամանակ Իգնատի Առաքելյանը խոստացավ, որ տվյալ ծրագրերը գոնե այս տարի կշարունակվեն, մինչև իրենք ավելի ռացիոնալ գործիքներ մտածեն գյուղացիությանն աջակցելու համար: Իսկ որ գյուղացին ու գյուղատնտեսությունն առանց պետական աջակցության գոյատևել չեն կարող, արդեն անվիճելի փաստ է:

Մի խոսքով, Իգնատի Առաքելյանն անցյալ շաբաթ կառավարության նիստից հետո նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից դադարեցվելու է գյուղացիներին մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը, իսկ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը սուբսիդիայով տրամադրելու ծրագիրը շարունակվելու է: Ըստ նախարարի՝ այս տարվա աշնանացանի սերմացուների տրամադրման դեպքում գյուղացիները չեն սուբսիդավորվել, քանի որ տեղական սերմեր են ձեռք բերել, որոնց գինն ու որակը մրցունակ է, սուբսիդավորման կարիք չի եղել: Իսկ ազոտական պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը նույնպես կդադարեցվի, քանի որ դա ևս անարդյունավետ գործիք է համարվել: Նախարարն էլ խոստանում է ավելի արդյունավետ ծախսել այդ գումարները:

Իհարկե, որ սուբսիդավորման այդ ծրագրերը չեն շարունակվելու, շատ գյուղացիների ու գյուղացիական տնտեսությունների կտխրեցնի: Եվ արժե նայել, թե ինչ լրացուցիչ գործիքներ է ստեղծել մեր գործադիրը գյուղացիների համար, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, առանց պետական աջակցության ծրագրերի հնարավոր չէ գյուղատնտեսություն զարգացնել:

Այսպիսով, 2017 թ. մարտի 16-ին կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակն էլ գյուղատնտեսությունում տնտեսվարողներին մատչելի պայմաններով, հատկապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչի արդյունքում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար: Այս ծրագրի շրջանակներում էլ տնտեսվարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների գյուղտեխնիկա 20% կանխավճարով, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույքով և 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից: Սա շատ գրավիչ ծրագիր է երևում, և հետզհետե գյուղացիական տնտեսություններն ավելի աշխույժ են գյուղտեխնիկա ձեռք բերում, չնայած այստեղ ևս որոշակի խնդիրներ կան, որոնց «Անկախը» նախկինում անդրադարձել է:

Կառավարության առաջարկած մյուս հետաքրքիր ծրագիրը ցածր տոկոսներով, բայց ավելի մեծ գումարով ու համեմատաբար ավելի երկարաժամկետ գյուղատնտեսական վարկերի տրամադրումն է: Այս ծրագրի շրջանակներում էլ շահառուներին տրամադրվում են 3 -10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր նախկին 8%-ի փոխարեն: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների և գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կկազմի 3%: Սա ևս գրավիչ ֆինանսական գործիք է, որը ճիշտ ու նպատակային օգտագործելու դեպքում կարող է լավ խթան դառնալ գյուղատնտեսության համար: Նպատակային օգտագործում ասելով՝ նկատի ունենք, որ գյուղացին չվերցնի վարկն ու իր առօրյա, կենցաղային խնդիրները լուծի, օրինակ՝ նոր հեռուստացույց կամ գերժամանակակից ու թանկարժեք հեռախոս ձեռք բերի, այլ ծախսի իր տնտեսությունը, իր կարողությունները զարգացնելու վրա:

Մեկ այլ ծրագրով էլ ավելի մատչելի՝ 2% տոկսադրույքով վարկեր են տրամադրվում, եթե ֆերմերը կամ գյուղացին որոշել է իր տնտեսությունում օգտագործել ինովացիոն տեխնոլոգիաներ՝ կաթիլային ոռոգման համակարգ, հակակարկտային ցանցեր, ջերմոցներ հիմնել և այլն: Իսրայելում, որի գյուղատնտեսական հրաշքների մասին շատ ենք խոսել, այսպիսի գործիքները տպավորիչ արդյունքներ տվել են: Մնում է հուսալ, որ Հայաստանում էլ դրանք արդյունավետ կլինեն ու որոշակի աճ ու զարգացում կապահովեն, գյուղատնտեսությամբ զբաղվելն էլ կդարձնեն գրավիչ ու եկամտաբեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: