Հայերեն   English   Русский  

​2017-ը՝ զբոսաշրջության հաջողությունների մեկնարկի տարի՝ զբոսաշրջիկների թվի աննախադեպ աճով


  
դիտումներ: 14671

2017 թվականի հունվարին, երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ամփոփում էր կառավարության 100 օրվա գործունեությունը, հատուկ անդրադարձավ զբոսաշրջության ոլորտին:

Նա նշեց, որ կառավարությունն ախտորոշել է այդ ոլորտի խնդիրները տնտեսական զարգացում ապահովելու նպատակով և պարզել, որ զբոսաշրջությունը չունի այն դերը տնտեսության մեջ, որի ներուժն ունենք:

Ախտորոշելով խնդիրները՝ կառավարությունը մի շարք քայլեր ձեռնարկեց: Դեռ 2016 թվականի հոկտեմբերին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգում ստեղծվել էր Զբոսաշրջության պետական կոմիտեն: Մշակվեց «Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքի ու առնչվող այլ օրենքների ու իրավական ակտերի փաթեթը: Ստեղծվեց Հայաստանում 2017-2022 թթ. զբոսաշրջության զարգացման հայեցակարգ և այլն:

Ի՞նչ դրական տեղաշարժ է բերել այս ամենը: 2017 թվականին զբոսաշրջիկների թիվն ավելաց՞ել է, թե՞ ոչ: Այս և այլ հարցերին պատասխանում է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

Картинки по запросу Մեխակ ապրեսյանԱյո, նախորդ տարվա համեմատ մենք այս տարի ունենք աննախադեպ աճ: 2017 թվականի արդյունքները կամփոփվեն եկող տարվա հունվարի վերջին, սակայն արդեն առաջընթացը տեսանելի է: 2016 թվականին մենք ունեցել ենք 1 մլն 260 հազար զբոսաշրջիկ, իսկ այս տարի միայն հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ ավելի քան 1 մլն 172 հազար, այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 21 տոկոսով ավելի: Ակնկալում ենք, որ այս տարի կհատենք 1,5 միլիոնի սահմանագիծը և կարձանագրենք առնվազն 20 տոկոսի աճ՝ նախորդ տարվա համեմատ: Սակայն մեր նպատակն է ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 5 տարում հասցնել տարեկան առնվազն 3 միլիոնի»,- ասում է Ապրեսյանը:

2017-ը զբոսաշրջային միջոցառումների առումով հագեցած է եղել, հետևաբար արդյունքը նույնպես զգալի է եղել: Չնայած, Ապրեսյանի խոսքով, համալիր միջոցառումների արդյունքը շատ ավելի ցայտուն կլինի հետագա տարիներին:

Ի՞նչ ծրագրեր ու միջոցառումներ են մշակվել և իրականացվել զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով:

«Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»: Այս կարգախոսը հանրայնացրեց Հռոմի պապը Հայաստան այցելության ժամանակ, դա դարձավ պատմական այցի առանցքային հաջողություններից մեկը: Եվ չօգտագործել այդ հիանալի հնարավորությունը մեր երկրի զբոսաշրջության զարգացման գործում ուղղակի մեծ բացթողում կլիներ: «Փաթեթավորված, բրենդավորված տուր-պրոդուկտ, որի գաղափարը, իհարկե, վաղուց կար, և դեռևս տարիներ առաջ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ քննարկումներ են եղել, սակայն Հռոմի պապի այցելությունից հետո դա դարձավ հստակ ռազմավարություն, որն արդեն մշակվել է, ներկայացվել ՀՀ կառավարություն, և 2018-ին արդեն կսկսենք այդ ուղղությամբ որոշակի ծրագրեր իրականացնել, բայց որոշ ծրագրեր արդեն իսկ կատարում ենք»,- ասում է Ապրեսյանը:

«Գինու հետքը մեծ մետաքսի ճանապարհին». սա էլ ոլորտի զարգացման մեկ այլ կարևոր ռազմավարություն է: Հայաստանն իբրև գինու երկիր հանրահռչակելու և դրա շնորհիվ զբոսաշրջությունը խթանելու ուղղությամբ նախորդ տարիներին էլ որոշ ծրագրեր իրականացվել են, բայց նոր ռազմավարությամբ այդ ամենը կկրի ավելի համակարգված բնույթ՝ իրականացվելով միջազգային համագործակցության շրջանակներում:

«Այս տարի ամռանը Վալենսիայում Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հերթական համաժողովի ժամանակ, որտեղ քննարկվում էր «Զբոսաշրջության մետաքսի ճանապարհ» ծրագիրը, մեր պատվիրակությունը, որը ես էի ղեկավարում, հանդես եկավ նախաձեռնությամբ՝ իրականացնել Մետաքսի ճանապարհին գտնվող երկրներում գինու զբոսաշրջությունը զարգացնելու ծրագիր: Նախաձեռնությունը ողջունվեց, և մեզ վերապահվեց այդ ծրագրի առաջնորդությունը»,- ասում է Ապրեսյանը:

«Հետք». ծրագիր, որի թիրախը ռուսաստանցի զբոսաշրջիկներն են: Հաշվի առնելով, որ մեր կարևորագույն շուկաներից մեկը Ռուսաստանն է և ռուսները Հայաստան ներգնա այցելությունների մեջ զբաղեցնում են առաջին տեղը, որոշվել է մշակել հատուկ ռազմավարություն ռուս զբոսաշրջիկների այցելություններն առավել խթանելու նպատակով: Ծրագրի շրջանակներում զբոսաշրջիկներին ներկայացվելու են Ռուսաստանի պատմամշակութային ժառանգությանն առնչվող զբոսաշրջային տուրեր:

Նշենք, որ Հայաստան ներգնա այցելությունների մեջ ռուսներից հետո ամենամեծ թիվը կազմում են վրացիները, ինչն առաջին հայացքից անսպասելի է, երրորդ տեղը զբաղեցնում են Եվրամիության երկրների քաղաքացիները, չորրորդը՝ իրանցիները, հինգերորդը՝ ԱՄՆ-ից ժամանողները, և այլն:

Զբոսաշրջության զարգացման կարևոր գործոններից են տրանսպորտային կապի մատչելիությունն ու հասանելիությունը (ուղիղ չվերթներ, նոր ուղղություններ և այլն), ինչպես նաև սահմանային անցման գործընթացների դյուրացումը:

Ապերսյանի խոսքով՝ այս տարի շատ երկրների հետ սահմանվել է առանց վիզայի մուտքի ռեժիմ, շատերի հետ էլ գործընթացը պարզեցվել է: Օրինակ՝ առանց մուտքի վիզայի ռեժիմ է սահմանվել Ճապոնիայի քաղաքացիների համար՝ հաշվի առնելով Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և այն հանգամանքը, որ ճապոնացի զբոսաշրջիկներն աշխարհում ամենացանկալիներից են իրենց բարեկրթության, քաղաքակիրթ պահվածքի, ինչպես նաև ծախսելու առումով:

Ընդհանուր առմամբ Հայաստանն առանց մուտքի վիզայի ռեժիմ է սահմանել մոտ 60 երկրների համար:

Ռուսաստանը, որի հետ նույնպես առանց վիզայի ռեժիմ է գործում, այս տարի ևս մի արտոնություն ստացավ: Ռուսաստանի քաղաքացիներին հնարավորություն տրվեց Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Նշենք, որ արտերկիր այցելելու համար Ռուսաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է արտասահմանյան անձնագիր, ինչը, սակայն, ոչ բոլոր քաղաքացիներն ունեն: Փաստորեն, այդ փոփոխությամբ ՌԴ առավել մեծ թվով քաղաքացիների է տրվում Հայաստան այցելելու հնարավորություն, և նրանք սիրով օգտվում են դրանից:

Գաստրոտուրիզմ. սա նույնպես մեր երկրի զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման կարևոր ուղղություններից է:

Պարզվում է՝ բազմաթիվ զբոսաշրջիկներ Հայաստան են գալիս հատուկ սննդի տարաբնույթ փառատոներին մասնակցելու նպատակով: Ապրեսյանի խոսքով՝ Խորովածի փառատոնը, Տոլմայի փառատոնը, Գինու փառատոնը արդեն կայացած են և բավական հայտնի միջազգային շուկայում. «Եվրոպայից, ճապոնիայից, Չինաստանից, տարբեր երկրներից Հայաստան են գալիս հենց այդ փառատոներին մասնակցելու նպատակով: Արդեն իսկ հարցումներ են անում եկող տարվա փառատոներին մասնակցելու համար»:

Էլեկտրոնային մարքեթինգ: Մոտ 2 ամիս առաջ Զբոսաշրջության պետական կոմիտեն գործարկել է www.armenia.travel կայքը, որն արդեն հասցրել է միլիոնավոր այցելություններ ու մեծ թվով հավանումներ ունենալ: Կայքն այն հարթակն է, որտեղ Հայաստան այցելել ցանկացող յուրաքանչյուրը կարող է գտնել զբոսաշրջային բոլոր առաջարկներն ու ընտրել իրեն հետաքրքրող ուղղությունը՝ բիզնես տուրիզմ, հարսանիք և մեղրամիս, ընտանեկան ճամփորդություն, ձմեռային սպորտաձևեր, արշավներ, պատմամշակութային տուրեր և այլն:

Կայքում շուտով կտեղադրվի նաև առանձին ուղղություն՝ բուժական տուրիզմ՝ զբոսաշրջության կարևոր մի ուղղություն, որը մեր երկրում զարգանալու լուրջ ներուժ ունի.«Առողջապահության նախարարության հետ համատեղ այժմ աշխատանքներ ենք կատարում, և բուժական զբոսաշրջային ծառայությունների առումով առաջին քայլը կլինի ատամնաբուժական ծառայությունների ոլորտը: Հետագայում կներառվեն առողջապահական ոլորտի այլ ուղղություններ, որոնք պատրաստ կլինեն միջազգային կարգի ծառայություններ մատուցել»:

«Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ: Զբոսաշրջության ոլորտը մինչ այս կարգավորվել է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է 2003 թվականին: Դրանից հետո այն որոշ փոփոխությունների ու լրացումների է ենթարկվել: Սակայն այժմ մշակվում է բոլորովին նոր՝ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի գլխավոր նպատակներից մեկը որակական չափորոշիչների սահմանումն է, քանի որ առանց որակի զբոսաշրջության ոլորտի զարգացման համալիր միջոցառումներն ուղղակի չեն ապահովի սպասված արդյունքը:

Այո, մեկ գոհ զբոսաշրջիկ նշանակում է տասնյակ պոտենցիալ զբոսաշրջիկ ընկերներ, բարեկամներ, հարևաններ: Եվ մեկ դժգոհ զբոսաշրջիկ նշանակում է հրաժարում հարյուրավոր պոտենցիալ զբոսաշրջիկներից: «Եթե ուզում ենք ավելի քան կկրկնապատկել մեր զբոսաշրջային այցելությունների թիվը, պետք է մրցունակ լինենք, իսկ մրցունակ լինելու համար նախ պետք է ունենանք որակյալ զբոսաշրջային ծառայություններ: Որակ ապահովելու համար պետք է սահմանենք հստակ չափանիշներ»,- ասում է Ապրեսյանը:

Վիճակագրական-տեղեկատվական համակարգի բարելավում: «Բնականաբար, եթե չունենք որակյալ վիճակագրություն ու ճիշտ տեղեկատվություն, չենք կարող գնահատել մեր արածի արդյունքը և համապատասխան որոշումներ ընդունել: Նախատեսվում է նաև իրավական հիմքեր ստեղծել վարչական ռեգիստրի ներդրման առումով, նախատեսում ենք նաև զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան ստեղծել ու վարել»:

Ո՞ւմ է պետք զբոսաշրջությունը, եթե այն չի նպաստում մեր քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը: Այս առումով շատ կարևոր է արհեստագործության զարգացումը, որն իր հերթին կնպաստի նաև ազգային արժեքների, ավանդույթների պահպանմանը: «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծում սահմանվել է «Հայաստանի արհեստագործական արտադրանք» դրույթը, որը պետք է դառնա բրենդ, և որի պիտակը պետք է տրվի նրանց, ովքեր զբոսաշրջային արտադրանքը ստեղծում են Հայաստանում: Սա նաև հայկական արտադրանքը դրսից ներկրված էժանագին ապրանքից տարբերակելու և ավելի պաշտպանված դարձնելու մեխանիզմ է:

Մի խոսքով, զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում իրականացվում են բավականին լուրջ և ծավալուն միջոցառումներ, որոնք վստահաբար դրական ազդեցություն կունենան աշխարհում Հայաստանն իբրև զբոսաշրջային երկիր ընկալելու և այդ կարևոր ոլորտը մեր երկրի զարգացմանը ծառայեցնելու գործում: Սակայն, ինչպես Մեխակ Ապրեսյանն է նշում, զբոսաշրջության զարգացման գործում կարևոր է յուրաքանչյուրիս դերը՝ սկսած պետական պաշտոնյաներից և վերջացրած տաքսու վարորդով, մատուցողով և պարզապես սովորական քաղաքացիներով: «Բոլորս պետք է մի մեխի խփենք»,- ամփոփում է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: