Հայերեն   English   Русский  

Հարվի Վայնշտեյնը պատասխանել է Սալմա Հայեքի մեղադրանքներին


  
դիտումներ: 1519

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ԶԼՄ-ները պարբերաբար տեղեկություններ են տարածում հայտնի հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի մասին, որին բազմաթիվ դերասանուհիներ և այլ կանայք սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրում: Գրում է Spletnik.ru-ն:

Երկար ժամանակ դերասանուհի Սալմա Հայեքը լուռ հետևում էր իրադարձությունների զարգացմանը, սակայն նախօրեին որոշել է պատմել իր պատմությունը` մեղադրելով պրոդյուսերին «Ֆրիդա» ֆիլմի նկարահանումների ժամանակ անպարկեշտ վարքագծի և ծաղրանքի մեջ: Սակայն Վայնշտեյնն առանց հապաղելու որոշել է մեկնաբանել Հայեքի բացահայտումը և հերքել մեքսիկացի դերասանուհու խոսքերը:

Վայնշտեյնի խոսքերը լրատվամիջոցներին փոխանցել է նրա ներկայացուցիչ Հոլի Բեյրդը և հայտարարել, որ Հայեքի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում:

«Սեռական ոտնձգությունների վերաբերյալ Սալմայի ներկայացրած բոլոր մեղադրանքները սուտ են, տեղի ունեցած այդ իրադարձությունների մասին ուրիշ վկաների մոտ այլ հիշողություններ են պահպանվել», - նշվել է պաշտոնական հայտարարության մեջ:

USA Today պարբերականին Վայնշտեյնի ներկայացուցչի ներկայացրած տեքստում նշվել է նաև, որ Վայնշտեյնը «չի հիշում», որ Սալմա Հայեքին ստիպել է մերկ այլն կնոջ հետ նկարահանվել, սակայն նա տվյալ տեսարանը տրամաբանական է համարում «Ֆրիդա» ֆիլմի համար, քանի որ նկարչուհի Ֆրիդա Կալոն բիսեքսուալ է եղել:

Իսկ Սալմա Հայեքը The New York Times պարբերականում հրապարակված հոդվածում նշել էր, որ համաձայնվել է այդ բաց տեսարանում նկարահանվել միայն Վայնշտեյնի ճնշումների, հետապնդումների և շանտաժի պատճառով, որը տվյալ ֆիլմի պրոդյուսերն էր: Սալման հայտնել է, որ Վայնշտեյնի հետ ժամանակ անցկացնելու մի քանի առաջարկները մերժելուց հետո պրոդյուսերը սկսել է նրան գիշերային հեռախոսազնագերով և սպառնալիքներով ահաբեկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: