Հայերեն   English   Русский  

Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման համար հարմար պահ է. Արման Նավասարդյան


  
դիտումներ: 7612

Երուսաղեմում հայկական եկեղեցին, հայկական թաղամասը պետք է կարողանան պաշտպանել իրենց շահերը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նա համոզված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո անգամ առաբական երկրները Իսրայելի դեմ ռազմական գործողություններ չեն սկսի:

«Ընդամենը տեղի են ունենում բուռն և բազմամարդ ցույցեր, անվադողերի այրում և այլն: Այն շարժումը, որ կոչված է պայքարելու Իսրայելի դեմ՝ «Համասը», այսօր այն չէ, ինչ որոշ ժամանակ առաջ էր: Հազիվ թե նա կարողանա ոտքի հանել պաղեստինյան ժողովրդին, ընդհանրապես արաբական աշխարհին»,- ասաց նա:

Անդրադառնալով հայ-իսրայելական հարաբերություններին՝ Արման Նավասարդյանը նշեց՝ աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր է հայ-իսրայելական հարաբերությունների արդեն սկսված գործընթացը խորացնելը, կանոնակարգելը և հասնել այն խնդիրների լուծմանը, որոնք դրված են Հայաստանի առջև: Նախ պետք է զարգացնել երկկողմ հարաբերություններ և երկրորդ՝ դեսպանատների բացում:

«Մյուս խնդիրը հայ-իսրայելական հարաբերությունների Ցեղասպանության ճանաչման հարցն է: Ըստ երևույթին՝ հիմա լավ, հարմար պահ է սկսվել: Քնեսեթում Հայաստանին պաշտպանող ուժերը կարող են գերակայություն ձեռք բերել այս իրադարձությունների ֆոնին, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը շատ մեծ բացասական ռեակցիա է առաջացրել Իսրայելում: Այն երկիրը, որ միշտ տեռորիզմի բուն է եղել, հիմա Իսրայելին մեղադրում է ցեղասպանության մեջ»,- ասաց նա:

Պարոն Նավասարդյանը առանձնացրեց նաև Ադրբեջանի մասնակցությունը Իսլամական համագործակցության համաժողովին: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է օգտագործի այս փաստը Իսրայելին ցույց տալու համար, թե իրենից ինչ է ներկայացնում Ադրբեջանը:

Բացի այդ, բանախոսի կարծիքով՝ կարելի է հույս տածել, որ այս իրավիճակում և հաշվի առնելով Թրամփի քաղաքական ոճը, ԱՄՆ-ն կարող է գնալ վճռական քայլի և ընդունել հայոց ցեղասպանությունը: Մինչև այժմ նախագահները չէին ընդունում Հայոց ցեղասպանության փաստը ելնելով թուրք-ամերիկյան հարաբերությունների բնույթից: Եթե այդ հարաբերությունները շարունակեն վայրընթացը, ապա ճանաչման հավանականությունը կմեծանա»,- ասաց Արման Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում այլ զարգացումներին, ապա, ըստ պարոն Նավասարդյանի, պայքարն իՊ-ի դեմ չի ավարտվել.« Այն միտքը, թե Սիրիայում ռազմական գործողությունների արդյունքում ԻՊ-ի վերջ դրվել է, իրականությանը չի համապատասխանում: Առճակատումը, ռազմական գործողությունները կարծես թե ՍԻրիայում ավարտին են մոտենում, բայց չպետք է մոռանանք, որ իսլամական ֆունդամենտալիզմը իջնում է ընդհատակ և տարածվում է, ինչը պակաս վտանգավոր չէ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: