Հայերեն   English   Русский  

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններն առաջին հերթին վերաբերում են աշխատանքային անվտանգ պայմաններին. փոխնախարար


  
դիտումներ: 1384

Այս տարի հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 8-ը «edraft» կայքում հանրային քննարկման էր դրվել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ օրենքը մշակելիս մեծ կարևորություն են տալիս քննարկումներին և հանրային կարծիքը կշարունակեն հաշվի առնել: Նա համոզված է, որ որքան քննարկվի, որքան մարդիկ իրազեկվեն, այնքան մարդիկ կողմ կլինեն այս օրինագծին:

Այս պահին արդեն ամփոփվում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների քննարկումների փուլը: Դրանից հետո նախագիծը կներկայացվի արդարադատության նախարարություն՝ փորձագիտական եզրակացության: Այն արդեն ստացել է Աշխատանքի միջազգային կազմակերպության մասնագիտական փորձագիտական եզրակացությունը, որը պարունակում է 14 առաջարկություն: Բացառությամբ 1-2 առաջարկների, մյուսներն ընդունվել են ու տեղ գտել նախագծում:

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ օրինագծի փոփոխություններից մեկն առաջին հերթին աշխատողների առողջության ու անվտանգության ոլորտում նոր մոտեցումների, կարգավորումների ներբերումն է, որը բխում է ՀՀ ստանձնած միջազգային պարտավարությունների կատարումից ու միջազգային ստանդարտների համապատասխանեցումից:

Նա ընդգծեց՝ աշխատողի համար առաջին հերթին պետք է սահմանվեն աշխատանքի համար անվտանգ պայմաններ. «Գործող օրենսդրությամբ, նշված են ծանր աշխատանքներ, որոնց համար սահմանված են հավելումներ: Այս կարգավորումը հակասում է միջազգային ստանդարտներին, ստանձնած պարտավորություններին: Սրա մասին մենք հաճախ ստանում ենք զեկուցումներ մասնագիտական կազմակերպություններից: Մենք ասում են, որ վտանգավոր պայմաններում աշխատանքը պետք է բացառվի: Իսկ եթե անհնար է, բացառիկ դեպք է, այդ պարագայում գործատուն պարտավոր է ապահովել լրացուցիչ ընդմիջումներ, լրացուցիչ արձակուրդ, որի հիմնական նպատակը աշխատողի հնարավոր կորցրած առողջության վերականգնումն է»,-մանրամասնեց փոխնախարարը՝ նշելով, որ վարձատրությունը պետք է որոշվի փոխադարձ համաձայնությամբ:

Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանն իր հերթին նշեց, որ ձեռնարկություններում բանակցությունների արդյունքում արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստի օրերին աշխատանքի վարձատրության չափը որոշելը ն անիրատեսական է համարում: Նրա խոսքով՝ այսօր չկա աշխատանքի դիմաց վարձատրության քաղաքականության կարգ. «Մենք այսօր չունենք իրականությանը համապատասխանող աշխատանքի գինը: Աշխատողը չպետք է աղքատ լինի: Պետք է ստանա այնքան, որ կարողանա բավարարել իր ընտանիքի պահանջմունքները»։

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: