Հայերեն   English   Русский  

Ռեմարկի «Երեք ընկեր» վեպն առաջին անգամ գերմաներենից թարգմանվել է հայերեն


  
դիտումներ: 7177

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը բացառիկ իրավունք է ձեռք բերել հայերեն թարգմանելու և հրատարակելու Էրիխ Մարիա Ռեմարկի բոլոր ստեղծագործությունները:

Առաջինն այս շարքում հրատարակվել է գերմանացի գրողի «Երեք ընկեր» վեպը:

Ի դեպ, գիրքն առաջին անգամ է բնագրից հայերեն թարգմանվել: Թարգմանիչը Վանուհի Բաղմանյանն է:

«Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերներն ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքներն և ճակատագրերը շատ նման են իրար:

Հենց այս վեպն առաջինը հրատարակելու որոշումը պատահական չէր: Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում «Էդիթ պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ «Երեք ընկեր» վեպի բովանդակությունը շատ նման է այն իրականությանը, որտեղ ապրում են հայ ընթերցողները. «25 տարի մենք ապրում ենք նույն պայմաններում, ինչ այս գրքի հերոսները: Գրքի գործողությունները տեղի էին ունենում հետպատերազմյան Գերմանիայում: Սա շատ կարևոր է մեր զինվորների համար, որոնք ապտերազմ են տեսնում և հետո վերադառնում քաղաքացիական կյանք: Այս գրքում առկա լավատեսությունն իրոք կարող է օգնել նրանց: Այս գիրքը սովորեցնում ոչ թե կյանքում վատը տեսնել, թողնել, գնալ երկրից, այլ ապրել ու հաղթահարել այդ մարտահրավերները», - նշեց Մկրտիչ Կարապետյանը:

Թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ թարգմանության ընթացքը բավականին բարդ էր. «Ռեմարկն իր իրականությունն էր ներկայացնում` ի´ր կյանքը, ի´ր ապրումներն ու հույզերը, այսինքն` թարգմանչի պատասխանատվությունը եռակի և քառակի մեծանում էր: Ըստ կարելվույն` պետք է հավատարիմ մնայի հեղինակի ոճին: Թարգմանության ընթացքում երկու կյանք ապրեցի. մեկն իմ կյանքը, մյուս` Ռեմարկի, որովհետև նրա ապրումները պետք է կրեի իմ մեջ»:

Վանուհին նշեց, որ հիմնական տարբերությունը նախորդ ` ռուսերենից թարգմանության և նոր հրատարակության խորհրդային գրաքննության բացակայության պայմաններում առանձին հատվածների վերականգնումն էր: Նախորդ թարգմանության դեպքում քաղաքական բովանդակություն ունեցող որոշ հատվածներ պարզապես դուրս էին մնացել տեքստից:

Անկախի հարցին պատասխանելով` թարգմանիչը նշեց, որ գիրքը բավականին բազմապլան և բազմաշերտ է. « Յուրաքանչյուր ընթերցող այստեղ կարող է գտնել իր համար հոգեհարազատ շերտեր: Վերպում կա և´ պատերազմ (իսկ մենք պատերազմի միջով անցած ժողովուրդ ենք, և բնական է` մենք դա մեր սրտին ավելի մոտ ենք զգում, ավելի լավ ենք հասկանում), և´ ընկերություն ու մեծ սեր: Վերջին երկու գաղափարները գերակայում են վեպում: Չնայած պատերազմի, կա խիստ լավատեսությունը, իրական լավատեսությունը»,-ասաց Վանուհի Բաղմանյանը:

Նշենք, որ Ռեմարկի մյուս՝ «Հաղթական կամարը», «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», «Վերադարձ», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպերը կթարգմանվեն և հրատարակվեն առաջիկայում: Իսկ մինչ այդ` դեկտեմբերի 23-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: