Հայերեն   English   Русский  

​Անճաշակ «գեղանկարչություն» Գառնիի տաճարի հարևանությամբ


  
դիտումներ: 9362

Գառնիի տաճարի հարևանությամբ սպիտակ և մանուշակագույն երանգների համադրությամբ պատկեր է հայտնվել, որի նպատակն ու պատկերի բովանդակությունը մասնագետներն ու քաղաքացիներն այդպես էլ չեն կարողանում ըմբռնել։

Հաշվի առնելով, որ տաճարը կառուցվել է Արշակունիների օրոք, կարելի է ենթադրել, որ փորձել են արքայատոհմի դրոշը պատկերել։

Պատկերի ու դրա բովանդակության մասին օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան Վահե Լոռենցը։ «Հերթական անճաշակությունը, չէ՛, անհեթեթությունը Գառնու հեթանոսական տաճարում է: Եթե սա Արտաշեսյանների զինանշանն է, ապա ինչո՞ւ այստեղ: Արտաշեսյաններն ի՞նչ կապ ունեն Գառնու հետ: Այստեղ պետք է Արշակունիներինը լիներ: Եթե Արտաշեսյանների զինանշանն է, ապա ինչո՞ւ են արծիվները թխսկան հավեր դարձել, իսկ աստղը 21 թև ունի... Եվ ինչո՞ւ կապույտ, եթե ոչ ծիրանի.... Մշակույթի նախարարություն ունե՞նք.... չունե՛նք.... շոու է, միայն շոու»,- պատկերը հրապարակելով գրել է Լոռենցը։

Արշակունիների ժամանակաշրջանի գիտակ Գևորգ Հովհաննիսյանը, «Անկախի» հետ զրույցում մեկնաբանելով Գառնու տաճարի հարևանությամբ հայտնված պատկերը, ասում է, որ այնտեղ որևէ արքայատոհմի դրոշ չկա պատկերված, ուղղակի անարվեստ հորինվածք է։ «Գառնու տաճարի հարևանությամբ արված խեղկատակության ճիշտ կամ սխալ լինելու շուրջ վիճաբանություն չի կարող լինել, եթե նույնիսկ համարենք, որ Արշակունի կոչված արքայատոհմը ժառանգաբանորեն տարբեր էր Արտաշեսյան կոչվածներից, ապա միևնույն է, նկարված դրոշը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ»,- ասում է նա:

Հովհաննիսյանը նշում է, որ Հայկական դրոշների և զինանշանների լավագույն ուսումնասիրողն է եղել Վենետիկի Մխիթարյաններից հայր Վարդան Հացունին, որն այսպես է նկարագրում. Արշակունյաց դրոշը ծիրանագույն էր, իրար նայող արծիվների պատկերով, իսկ արծիվների արանքում ութաթև աստղն է՝ իբրև արևի խորհրդանիշ:

«Ես այս նկարում տեսնում եմ ընդամենը քիմիական պատվաստանյութերով գերսնված հավեր, իսկ աստղի մասին էլ չեմ խոսում: Դիտավորյալ, թե անգրագետ կերպով, միևնույն է, խեղաթյուրվել են ազգային սրբությունները»,- ասում է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե պետք էր արդյոք դրոշ պատկերել տաճարի հարևանությամբ, Հովհաննիսյանը նշում է. «Համոզված եմ, որ Գառնու տաճարի հարևանությամբ ոչ ոքի դրոշն էլ պետք չի պատկերել, և ընդհանրապես ոչինչ էլ պետք չի ավելացնել: Այդ տարածքում շատ գործ կա անելու՝ սկսած սրբավայրի իրական խորհուրդներն արձանացնելու խնդիրներից մինչև տարածքի բարեկարգում, կիսատ թողնված հետազոտություններ, նորմալ պայմանների ապահովում այցելուների համար, և այլն: Անճաշակ նկարների միջոցով փող լվանալու փոխարեն թող զբաղվեն նման խնդիրներով»:

Թե ինչպես է ստացվել, որ պատկան մարմինները սխալ դրոշ են պատկերել, Հովհաննիսյանը ենթադրում է, որ առանց սկզբնաղբյուրներն ուսումնասիրելու՝ սիրողական մակարդակի գործ են արել՝ օգտվելով առաջին իսկ պատահած աղբյուրից։

Նկարի վերաբերյալ պատկան մարմիններից մեկնաբանություն ստանալու ջանքերն ապարդյուն էին։ Մշակույթի նախարարությունից մեզ ուղղորդեցին Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն։ Այս կառույցի մամուլի խոսնակ Մարինե Ավանեսյանն էլ, լսելով համացանցում ծավալված քննարկումների մասին, զարմացավ, տեղյակ չէր որևէ քննարկումից։ Նա հրաժարվեց հարցերին պատասխանել՝ խնդրելով հնարավորություն տալ նախ քննարկումներին ծանոթանալ։ Դրանից հետո, սակայն, ողջ օրվա ընթացքում նրա հետ կապվել այլևս չհաջողվեց։ Բաժնի աշխատակիցը շարունակ նշում էր, որ Ավանեսյանը տեղում չէ, տարեվերջ է, շատ գործեր ունեն ու չեն հասցնում լրագրողների հարցերին պատասխանել։ Հետևաբար այդպես էլ չհաջողվեց պարզել, թե Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունում ինչ սկզբունքով են առաջնորդվել և ում խորհրդատվությունից են օգտվել պատկերը հաստատելիս և ստեղծելիս։

Սակայն «Անկախը» կապ հաստատեց պատկերի հեղինակ Կարեն Հարությունյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ նկարիչ չէ, ոչ էլ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատակից։ Նրա խոսքով՝ դրոշի ստեղծման մտահղացումը ներկայացրել է ծառայությանը, նրանք էլ տեղը, դիրքը, չափերը որոշելուց հետո հաստատել են առաջարկը՝ իրեն նկարը պատկերելու հնարավորություն տալով։

Հարությունյանի խոսքով՝ ինքն է ուսումնասիրություններ արել, համացանցից նյութեր գտել և դրանց հիման վրա նկարել Արշակունիների դրոշը։ Իսկ այն, որ Հարությունյանը վստահելի պատմական աղբյուրներից չի օգտվել, հուշում է նաև Վահե Լոռենցի գրառման տակ ծավալված քննարկումը։ Իր աշխատանքի ճշտությունը հիմնավորելու համար նա հղում է անում Վիքիպեդիա առցանց հանրագիտարանին։ Նշենք, որ Վիքիպեդիան հանրային հանրագիտարան է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է նյութ հեղինակել, սա վստահելի աղբյուր համարվել չի կարող։

Ինչևէ, հերթական անգամ պատմական հուշարձաններին առնչվելիս պատկան մարմինները մոռացել են, որ կարելի է խորհրդակցել ոլորտի մասնագետների հետ։ Սխալը մատնացույց անելուց հետո հավանաբար այն կշտկվի, գուցե կջնջվի կամ ճիշտ պատկերով կփոխարինվի, սակայն հարց է, թե ով է հատուցելու բյուջեի կրած վնասները։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանքով հերթական անարդյունավետ ծախսն է տեղի ունեցել պետական բյուջեի միջոցներից։ Իսկ քանի դեռ նման անփութությունների համար մարդիկ չեն պատժվում, քանի ամեն մասնագետ իր տեղում չէ, նման դեպքերը դեռ կկրկնվեն ու կկրկնվեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: