Հայերեն   English   Русский  

​Ձևական, թե՞ իրական բարեփոխումներ. Սաուդյան Արաբիայում առաջին կին դեսպանը կնշանակվի


  
դիտումներ: 6479

Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների ոլորտում բարեփոխումները հաջորդում են մեկը մյուսին. այս երկրում կանանց այսուհետ կթույլատրվի ոչ միայն ավտոմեքենա, այլև բեռնատար ու մոտոցիկլ վարել, մասնակցել զանգվածային հանրային միջոցառումներին, այդ թվում և մարզադաշտ այցելել։ Եվ տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում արդեն հայտնի է, որ Բելգիան մտադիր է այս երկրում կին դեսպան նշանակել: Դոմինիկ Միներն իր պարտականություններն Էր-Ռիադում կստանձնի 2018-ի ամռանը։

Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Սաուդյան Արաբիայում երկրի արդիականացմանը միտված փոփոխությունները բազմագործոն դրդապատճառներ ունեն։ Նա նշում է, որ 2015 թ. Սալման իբն աբդ ալ-Ազիզ ալ-Սաուդ թագավորի գահակալությունից և նրա որդի Մուհամմադ իբն Սալմանի առաջին գահաժառանգ արքայազն դառնալուց ի վեր երկրում տարատեսակ բարեփոխումներ են իրականացվում։ Տեղի ունեցող փոփոխությունների նպատակներից մեկն է ամրապնդել Մուհամադ Իբն Սալմանի դիրքերը երկրի ներսում, ձևավորել ռեֆորմատորի կերպար և նպաստել իշխանության կենտրոնացմանը թագավորական ընտանիքի՝ ներկայումս թագավորող այս նեղ ճյուղավորման ձեռքում։

Մինչդեռ կա մի կարևոր հանգամանք. արդյոք խորքային, բովանդակային տարածում կունենա՞ նախաձեռնված գործընթացը, թե՞ կսահմանափակվի միայն մակերեսային հարթությունով: Իսկ հռչակված փոփոխությունները նպատակ ունեն նաև ձևավորել Սաուդյան Արաբիայի՝ վստահելի գործընկերոջ կերպար արտատարածաշրջանային առանցքային դերակատարների համար, ինչը նաև կօգնի խուսափելու արտաքին միջամտությունից երկրի ներքին գործերին։ Իր կողմից հռչակած Saudi Vision 2030 բարեփոխումների լայնամասշտաբ ծրագրի միջոցով Սաուդյան Արաբիայի երիտասարդ գահաժառանգ արքայազնը նաև նպատակ է հետապնդում արդիականացնել թագավորության ներքին կյանքի տարբեր ոլորտները, հատկապես դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը՝ նվազեցնելով կախվածությունը ածխաջրածինների արտահանումից։

Արմեն Պետրոսյան

«Արաբական գարնան գործընթացի շրջանակներում Սաուդյան Արաբիան ևս զերծ չմնաց ներքին ցնցումներից, բայց տարբեր, այդ թվում և ռեպրեսիվ միջոցներով իշխանությունները կարողացան զսպել դրանց վերաճումը հեղափոխական գործընթացի։ Աշխարհի արդիականացման տեմպերի և Սաուդյան Արաբիայում առկա խիստ պահպանողական բարքերի տարբերությունը, հատկապես արդի աշխարհի տեխնիկական և տեղեկատվական հնարավորությունների պայմաններում, մի օր հանգեցնելու էր ներքին լրջագույն բախումների, և սաուդյան իշխանությունները նաև այս ամենը հաշվի առնելով են գնում նման քայլերի»,- ասում է Պետրոսյանը՝ տեղի ունեցող փոփոխությունները գնահատելով որպես առաջանցիկ քայլ։

Նա նշում է, որ ավելի հեշտ է կանխել հնարավոր դժգոհությունը, քան կանխատեսել դրա հետագա զարգացման ուղղությունները։

Հարցին ի պատասխան, թե երկրի պահպանողական բնակչությունն ինչպես է արձագանքում տեղի ունեցող փոփոխություններին, հասցնո՞ւմ է արդյոք հանրության մտածողությունը տեղի ունեցող փոփոխությունների հետևից, Պետրոսյանը նշում է, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է։ «Դեռ բավական դժվար է գնահատական տալ, քանի որ Սաուդյան Արաբիան փակ երկիր է, և հասարակական ընկալումները դժվար է շոշափել, բայց որ բարեփոխումների գործընթացը բախվելու է երկրի ներսում իշխող և ազդեցիկ դիրքեր ունեցող որոշակի շերտերի շահերին, կանխատեսելի է, բնականաբար նաև նրանց կողմից գործընթացին հնարավորինս խոչընդոտելու հնարավորության համատեքստում»,- ասում է նա։

Սաուդյան տեսլական 2030-ը

Սաուդյան Արաբիայի ապագայի տեսլականը, այդ թվում և սպասվող բարեփոխումներն ամփոփված են «Սաուդյան տեսլական 2030» ծրագրում, որի հեղինակը հենց գահաժառանգ արքայազնն է։ Ըստ այդմ՝ 2030-ին Սաուդյան Արաբիան լինելու է «արաբական և իսլամական աշխարհի սիրտը», ներդրումների խոշոր կենտրոն և Ասիան, Եվրոպան ու Աֆրիկան կապող համաշխարհային հանգույց։

Ծրագրի նպատակների թվում են ոչ միայն երկրի ՀՆԱ-ում ածխաջրածիններից ստացվող եկամուտների մասնաբաժնի նվազեցումը, գործազրկության տոկոսի կրճատումը, կյանքի միջին տևողության երկարացումը, աշխարհի հզոր տնտեսությունների 15-յակում ընդգրկվելը, այլև աշխատաշուկայում կանանց ներգրավվածության տոկոսի բարձրացումը՝ 22-ից հասցնելով մինչև 30 տոկոսի։

Հավակնոտ ծրագրի իրագործման համար 2016-ին գործարկվել է Ազգային փոխակերպման ծրագիրը , և մարդկանց մի հսկայական թիմ պատասխանատու է դրա իրագործման համար։

Շոո՞ւ, թե՞ իրական բարեփոխումներ

Միջազգային մամուլը վերջին շրջանում հաճախ է անդրադառնում Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող փոփոխություններին։ Դրական հրապարակումների հետ մեկտեղ, սակայն, կան նաև այլ տեսակետ ներկայացնող նյութեր։ Մասնավորապես կարծիք կա, որ դրական հրապարակումներն ավելի շատ շոու են՝ կոչված այդ երկրի միջազգային դրական իմիջի ձևավորմանը։

Այսպես, հորդանանյան Al Bawaba պարբերականը պնդում է, որ վերջին շրջանի աղմկահարույց 4 բարեփոխումներն իրականում ընդամենը շոու են, և յուրաքանչյուր փոփոխություն, հատկապես՝ կանանց իրավունքների ոլորտում, մի քանի անգամ է որպես տեղեկատվական առիթ օգտագործվում Սաուդյան Արաբիային գովաբանելու համար։ Այսպես, պարբերականը նշում է, որ Բելգիայի դեսպանն առաջին կին դեսպանը չի լինելու Սաուդյան Արաբիայում։ Առաջինը լինելու պատիվը դեռ 7 տարի առաջ բաժին է ընկել Վրաստանի դեսպան Եկատերինա Միկաձեին։ Նա, սակայն, պաշտոնը համատեղությամբ է իրականացրել, նրա նստավայրը եղել է Քուվեյթում։ Հետագայում, երբ Վրաստանը դեսպանություն է բացել հենց Սաուդյան Արաբիայում, այդ պաշտոնում տղամարդ դեսպան է նշանակվել։

Պարբերականը նշում է, որ իրականությանը չեն համապատասխանում նաև սեպտեմբերյան լուրերը, թե կառավարական բարձր պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել։ 2009-ին դեռ այդ երկրում կանանց հարցերով կրթության փոխնախարարը կին էր։

Օրեր առաջ կանանց առաջին համերգը Սաուդյան Արաբիայում ևս առաջինը չի եղել, ավելի վաղ ևս կանայք ելույթ էին ունեցել բեմից, պարզապես բեմից ելույթ ունեցողները միայն կանայք չէին:

Պարբերականը չափազանցված է համարում նաև այն լուրերը, թե 2018-ին Սաուդյան Արաբիայում կբացվեն առաջին կոմերցիոն կինոթատրոնները։ Նշվում է, որ առաջին կինոփառատոնն այստեղ տեղի է ունեցել դեռ 2008-ին, իսկ 2015-ից ի վեր ամենամյա կինոփառատոն է անցկացվում։

Նշենք, որ 2017-ի «Գլոբալ գենդերային տարբերությունների» ուսումնասիրության համաձայն՝ Սաուդյան Արաբիան 144 երկրներից 138-րդն է կանանց քաղաքական ու տնտեսական, կրթական ակտիվության ցուցանիշներով։ Սակայն այս և նմանատիպ այլ ցուցանիշները չեն խանգարել, որ օրինակ՝ այս տարի այդ երկիրն ընտրվի ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: