Հայերեն   English   Русский  

Պատերազմից՝ վիրահատարան, 5 ամիս անց՝ համալսարան


  
դիտումներ: 2964

Շտապում եմ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի 3-րդ հարկ՝ զինվորական հաշմանդամների համար գործող ժամանակավոր վերականգնողական կենտրոն` հանդիպելու քառօրյա պատերազմի վիրավոր զինվորներից մեկի՝ Հայկ Թորոսյանի հետ: Պայմանավորված ժամին այնտեղ եմ, բայց Հայկը չկա: Ասում են՝ իր սենյակում քնած է: Չեմ ուզում արթնացնել, սպասում եմ: Հետո հիշում եմ, որ ժամը 12:00-ին Հայկը պետք է համալսարան գնա քննության, հետևաբար ժամանակը քիչ է, ուզեմ-չուզեմ պետք է արթնացնեմ: Սանիտարուհին ներս է մտնում տղաների սենյակ, քիչ անց դուրս գալիս ու ասում. «Արթնացավ, հիմա կգա»:

Ահա և Հայկը․ մոտենում է քնաթաթախ և, ինչպես ինքն է ասում, մի քիչ անջատված։

Բարևում է, մոտենում միջանցքում անվասայլակին նստած Ավետիս Զարգարյանին, որը նույնպես ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորներից է, ձեռքով բարևում է ու համբուրում:

- Ամեն օր էսպես համբուրվելո՞վ եք իրար բարի լույս ասում,- ծիծաղում եմ:

- Հա, բա ո՞նց, ախպերս է, բա ո՞նց բարևեմ,- ասում է Հայկն ու մոտենում մյուս ընկերներին:

Արդեն շուրջ երկու տարի այս տղաները միասին են ու իրար հետ կիսում են ոչ միայն պատառ հացը, այլև հոգսերն ու խնդիրները, ուրախությունն ու հույսը և սպասում, թե երբ անվերադարձ դուրս կգան այս պատերից, որը մյուս կողմից էլ իրենց համար հարազատ տուն է դարձել։

Ի դեպ, զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնը, որը գործում է «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական նախաձեռնության հավաքած միջոցներով, շուտով նոր, հատուկ զինհաշմանդամների համար կառուցված տարածք կունենա՝ իր բոլոր հարմարություններով, և տղաները կտեղափոխվեն այնտեղ։

***

Հայկ Թորոսյանն ընդամենը 80 օրվա զինծառայող էր, երբ սկսվեց քառօրյա պատերազմը: Երևանցի է, Նոր Նորքից։ Ծառայում էր Մարտակերտի շրջանում: Հիշում է՝ ապրիլի 2-ը շաբաթ էր, և մի քիչ երկար պետք է քնեին, մինչև ժամը 7-ը (սովորաբար 6:30 էին արթնանում): Բայց Հայկը, չգիտես ինչու, այդ օրը ժամը 6-ից արթուն էր: Հանկարծ տագնապ է հայտարարվում: Սկզբում չգիտեին՝ ինչ է պատահել: Հետո, երբ արդեն հագնվել էին, կազմ ու պատրաստ կանգնել, ընկերներից մեկն ասում է՝ տղե՛րք, կռիվ է:

Կռիվ-կռիվ փոքր ժամանակ բոլորն են խաղում։ Հետո, երբ մեծանում են, կռիվ-կռիվ ֆիլմեր են դիտում, լսում պատմություններ կռիվների մասին, ու ենթագիտակցության մեջ պատերազմի մասին պատկերացումները կարծրանում են արյունոտ երանգով ու հրազենի ծխով։ Բայց վառոդի հոտը զգում է միայն նա, ով պատերազմը տեսնում է իրական կյանքում։

- Պատերազմն էդպես չէի պատկերացնում,- խոստովանում է Հայկը,- սա մի տեսակ խուլ, գաղտնի, անսպասելի պատերազմ էր։

- Ո՞ր օրը վիրավորվեցիր,- հարցնում եմ։

- Հենց առաջին։

- Ո՞նց, ես գիտեի՝ ավելի ուշ։

- Երանի չէ՞ր,- ափսոսանքով ասում է Հայկը,- կուզեի ուշ վիրավորվել, որ հասցնեի ավելին տեսնել ու հասկանալ։

Ապրիլի 2-ի լուսաբացին տղաներին հանել էին դիրքեր: Հայկն առաջին անգամ էր դիրք բարձրանում և հենց առաջին իսկ ժամերին գլխուղեղի ծանր վիրավորում է ստանում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխում են նախ Մարտակերտի հիվանդանոց, ապա Ստեփանակերտ, իսկ ուշ երեկոյան ուղղաթիռով հասցնում են Երևան։ Մուրացանի զինվորական հոսպիտալում նրան ծանր վիրահատություն էր սպասում: Հայկը 4 օր անց գիտակցության է գալիս, ցավոք, ձախակողմյան վերջույթների անզգայությամբ։ Երկու ամսից ավելի նա անվասայլակին է մնում, բայց այսօր, շնորհիվ վերականգնողական բուժման, կարողանում է ինքնուրույն քայլել։ Ճիշտ է՝ ոչ լիարժեք, ձախ ոտքն ու ձախ ձեռքը դեռ վերականգնման կարիք ունեն, ոտքի թաթը չի կարողանում շարժել, ձախ ձեռքն էլ՝ օգտագործել, բայց Հայկը հավատում է, որ մի օր լիարժեք կապաքինվի։

Կարևորը՝ կարողացել է արագ հաղթահարել հոգեբանական խնդիրը։ Ասում է՝ քառօրյա պատերազմին մասնակցած շատ տղաներ, որ անգամ չեն վիրավորվել, մինչ օրս հոգեբանական լուրջ խնդիրներ ունեն։ Իսկ Հայկն այդ ամենին նայում է իբրև վատ հիշողության, որ մնացել է անցյալում։ Հավանաբար հենց դա էլ նրան օգնել է ուժ գտնել և պատերազմից ընդամենը 5 ամիս անց, երբ նոր-նոր էր սկսել քայլել, ընդունվել Երևանի պետական համալսարան։

Հայկն ապագա սոցիալական աշխատող է, սոցիոլոգիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող։ Ժամանակին այդ աշխատանքին որոշակի կարծրատիպերով էր նայում, բայց անցնելով բազում փորձությունների միջով՝ սկսել է ավելի ու ավելի գնահատել իր ընտրած մասնագիտությունը։

Ստացիոնար բուժման պատճառով հեռակա է սովորում, բայց իսկապես սովորում է։ Մեր զրույցի օրը նա մասնագիտական քննություն պետք է հանձներ։

- Պարապե՞լ ես,- հարցնում եմ։

- Դե պարապելը ո՞րն է, բոլոր դասախոսություններին ներկա եմ եղել, լսել եմ ու ամեն ինչ լավ հիշում եմ։ Իսկ եթե նույն բանը կարդայի՝ չէի հիշի։

Պատերազմի հետևանքներն են․ գլխուղեղի վնասվածքն իր հետքը թողել է նաև հիշողության վրա։

Կուրսում միակ զինհաշմանդամն է:

- Երևի բոլորի ուշադրության կենտրոնում ես։

- Դե, եթե հաշվի առնենք, որ շատերը նոր են իմացել, որ քառօրյայի ժամանակ եմ վիրավորվել․․․Գիտեին՝ ավտովթարից եմ հաշմանդամ դարձել, չեմ սիրում խոսել էդ մասին:

Անկախ ամեն ինչից՝ նա կարծում է, որ պետք է ծառայել։

- Եթե ոչինչ էլ չանես, միայն քո ներկայությունը բանակում արդեն մեծ բան է: Բացի այդ, ծառայության ժամանակ ես ձևավորվում, դառնում ինքնուրույն մարդ, հասկանում քո նախընտրությունները, սկսում մտածել քո կյանքի մասին։

Հայկը ռեալիստ է: Ամանորի հետ կապված երազանքները նույնպես իրականության սահմաններում են: Ուզում է՝ առողջական խնդիրները հնարավորինս հաղթահարվեն, որից հետո շատ ու շատ այլ հարցեր ինքնաբերաբար կլուծվեն։ Հավատում է, որ կյանքը հնարավորությունների շղթա է, պետք է պարզապես կարողանաս վերցնել: Միաժամանակ հավատում է, որ խոսքը մեծ ուժ ունի, և մաղթում է․

- Թող բոլորիս համար հոգևոր հանգստության տարի լինի: Ֆիզիկական հոգնածությունը քնելով կարող ես անցկացնել, հոգևոր հոգնածությունը երբեք չի անցնի:

Զրույցից հետո Հայկին մեքենայով հասցնում եմ համալսարան։ Ճանապարհին իրատեսական երազանքներից մեկն էլ է խոստովանում․

- Մեքենա եմ ուզում։ Ի դեպ, լավ վարորդ եմ, բանակում էլ եմ վարորդ եղել։ Կարևորը՝ աջ ձեռքս ու աջ ոտքս նորմալ են, կարող եմ վարել։ Գիտե՞ս՝ Սարգիս Ստեփանյանը ոնց է վարում:

Մայոր Սարգիս Ստեփանյանի մասին է խոսում, որը 2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս կորցրեց 2 ոտքն ու աջ ձեռքը, իսկ վերջերս դարձավ բազկամարտի աշխարհի չեմպիոն հաշմանդամություն ունեցող անձանց մրցաշարում։

Հայկի ծնողները, սակայն, առայժմ դեմ են, որ նա մեքենա վարի։

- Հայրս ասում է՝ տղա ջան, դու ավելի կարևոր բաների մասին մտածիր, ընտանիք կազմիր, երեխա ունեցիր: Մերոնք թոռ են ուզում, ես՝ մեքենա,- ծիծաղում է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: