Հայերեն   English   Русский  

«10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը ցույց է տալիս, որ հայ կանաք եղանակ են ստեղծել հայոց պետականության պատմության մեջ


  
դիտումներ: 6360

«Զանգակ» գրատանն երեկ կայացավ Արտակ Մովսիսյանի «Տասը հայ ականավոր թագուհիներ» գրքի շնորհանդեսը:

Ներկայացնելով գիրքը`Մովսիսյանը նշեց, որ հայ թագուհիները մեծ ավանդ են ունեցել հայ մշակույթի ու պետականության զարգացման գործում, սակայն ամենաքիչը նրանք են լուսաբանված և հանրությանը հայտնի չեն:

Գրքում հեղինակն ամեն արքայատոհմից մեկ թագուհու է ներկայացնում, սակայն նախաբանում ներկայացնում է արքայատոհմի բոլոր թագուհիներին, նրանց վաստակը, ապա մանրամասնում այն թագուհու կյանքն ու գործունեությունը, ում անունը կրում է ակնարկը:

Մովսիսիյանը նշում է,որ հայ իրականության մեջ կինը երբեք ստրկացված չի եղել: Դրա վկայությունը Բագրատունյաց և Կիլիկյան թագավորությունների ժամանակների մանրանկարներն են, որտեղ կանայք պատկերված են դեմքը և թևերը բաց, ավելին, նրանք ստեղծել են արժեքներ, որոնք բացառիկ են ու կան մինչ օրս:

«10 հայ ականավոր թագուհիներ»

Մովսիսիյանն ասում է, որ պատմագրությունից անվանապես մեզ հայտնի է 65 թագուհու անուն: Եվ հիմնականում բոլորն էլ զբաղվել են բարեգործությամբ, տաճարներ կառուցել, հիվանդանոցներ ու դպրոցներ բացել, պատվիրել մատյաններ: Պատմաբանը նշում է, որ օրենսդրորեն երկրի բոլոր ոսկու հանքերը պատկանել են թագավորին, իսկ արծաթի հանքերը`թագուհուն: Հայ թագուհիներն իրենց եկամուտն օգտագործել են բարեգործության նպատակով:

« Ամեն երկիր պատիվ կհամարեր նման թագուհիներ ունենալը: Նրանց չգնահատելը երախտամոռություն է թե նախնիների, թե ապագա սերունդների նկատմամբ»,- ասում է Մովսիսյանը:

Որպես օրինակ նա նշում է Զաբել թագուհուն, ով դպրոցական դասագրքերում հիշատակվում է այն պատճառով, որ 4 տարեկանում որբանում է ու դառնում գահի ժառանգորդ. ով ամուսնանար նրա հետ, կդառնար հայոց արքան:

«Մեր դասագրքերում Զաբել թագուհին հիշատակվում է իր կյանքի ամենատխուր էջերով : Բայց նա շատ կարևոր հետք է թողել, 13-րդ դարում կառուցել է հիվանդանոց, որտեղ բուժումն անվճար էր: Մատենագիրները գրում են, որ թագուհին ինքն էր խնամում հիվանդներին,- ասում է Մովսիսյանը:- Եթե նման թագուհի լիներ Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի պատմության մեջ, երևի մի 30 հատ գեղարվեստական ֆիլմ նկարած կլինեին:Բայց այդ թագուհու մասին մեզանում չգիտեն»:

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Պետրոս Հովհաննիսյանն ասում է, որ մեր պատմությունը գրել են տղամարդիկ և շատ սահուն կերպով դուրս են թողել կանանց պատմությունից, եթե նրանք հանդիպում են պատմության մեջ, ապա միայն տհաճ իրավիճակներում: Նրա խոսքով`այդպիսի քար անտարբերության պայմաններում կանանց մասին տեղեկություններ հավաքելը և մի գրքում ամփոփելը բարդ է: Գիրքն , ըստ Պետրոսյանի, ունի ոչ միայն պատմագիտական, այլ նաև հասարակական նշանակություն:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ ասում է, որ գրքում կերպարները հստակ են, ու դրա շնորհիվ հասկանում ես որ հայ կանաք եղանակ են ստեղծել հայոց պետականության պատմության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: