Հայերեն   English   Русский  

​Գագիկ Սարոյան. «Ուժային եռամարտով զբաղվողների թիվն ավելանում է»


  
դիտումներ: 6630

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Լեհաստանում կայացավ ուժային եռամարտի (պաուերլիֆթինգ) աշխարհի 27-րդ առաջնությունը: Հայտավորված 19 երկրների ավելի քան 420 մարզիկներից 18-ը ներկայացրին Հայաստանը: Առաջնությունն անցկացվեց 3 տարիքային խմբերում: Հայ մարզիկները հանդես եկան բոլոր խմբերում՝ նվաճելով 18 մեդալ:

«Անկախի» հետ զրույցում ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ, պրոֆեսոր Գագիկ Սարոյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում մարզիկների ելույթների և Հայաստանում պաուերլիֆթինգի զարգացման մասին:

- Պարոն Սարոյան, շնորհավորում ենք, հայ մարզիկները Լեհաստանի աշխարհի առաջնությունից հարուստ ավարով վերադարձան և աշխարհի 5 ռեկորդ սահմանեցին:

- Այո, հաճելի անակնկալ մատուցեցին մեր մարզիկները. բոլորը մրցանակային տեղեր գրավեցին: Երկու տարիքային խմբերում թիմային հաշվարկով 3-րդ տեղը զբաղեցրինք: Աշխարհի ռեկորդակիրներ դարձան Հովհաննես Անտոնյանը (52 կգ, ձգում վարժություն, պատանիների խումբ), մեծահասակների խմբում՝ Կամո Բաղդասարյանը (52 կգ, ձգում հարթակից), Արթուր Հակոբյանը (100 կգ, եռամարտ, ձգում հարթակից), աշխարհի և Եվրոպայի 7-ակի մեդալակիր Հովհաննես Յազիչյանը (100 կգ ), Գագիկ Տոնոյանը (110 կգ, եռամարտ): Մեծ հաջողություն էր այս արդյունքը թե՛ ֆեդերացիայի, թե՛ մեր երկրի համար:

- Հետաքրքիր է, որ փակման հանդիսավոր արարողությունը վերածվեց մեծ տոնակատարության, որի նմանը դեռևս չէր եղել ոչ մի առաջնությունում:

- Իսկապես, պարգևատրության արարողությունից հետո դահլիճում հնչեց հայկական քոչարին, և Հայաստանի ներկայացուցիչների հետ պար բռնեցին բոլոր երկրների պատվիրակները: Նրանց միացան նաև դահլիճում գտնվող մարզասերները: Նշեմ նաև, որ առաջնության ընթացքում մեզ շատ աջակցեցին մեր հայրենակից երկրպագուները՝ Լեհաստանում բնակվող հայերը:

- Այն էլ նշենք, որ վետերանների մրցավեճում Դուք արժանացաք աշխարհի չեմպիոնի կոչման:

- Այս մարզաձևը յուրահատուկ է նրանով, որ տարիքային սահմանափակումներ չկան: Պաուերլիֆթինգով զբաղվում են 7-8 տարեկանից մինչև 76-77 տարեկան մարզիկները: Բոլոր տարիքային խմբերի մարզիկները մասնակցում են միջազգային մրցաշարերին:

Ասեմ, որ ուժային եռամարտի ծրագրում ընդգրկված է 3 մրցաձև՝ կքանիստ ծանրաձողով ուսերից, սեղմում պառկած դիրքից ծանրաձողով, ձգում հարթակից մինչև գոտկատեղը ծանրաձողով: Մարզիկները կարող են եռամարտով մասնակցել մրցումներին, իսկ նրանք, ովքեր ոտքերի հետ կապված առողջական խնդիրներ ունեն, մրցումներին մասնակցում են 2 վարժությամբ: Ուժային եռամարտով զբաղվողները լուրջ հաջողություններ են ունենում նաև այլ մարզաձևերում: Ծանրամարտով զբաղվելու համար ընտրվում են լավագույն մարզիկները, որոնք հետագայում հաստատ հաջողության են հասնում:

- Պարոն Սարոյան, աշխարհի առաջնությունը մրցաշրջանի յուրահատուկ ամփոփում դարձավ: Հայաստանում մարզաձևը մասսայականություն վայելո՞ւմ է:

- 2016 և 2017 թվականներին մեր մարզիկները բավական լուրջ հաջողություններ են գրանցել միջազգային ասպարեզում, մրցանակային տեղեր են զբաղեցրել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում: Ուժային եռամարտով զբաղվողների թիվն օր-օրի ավելանում է Երևանում և մարզերում, հատկապես՝ սահմանամերձ համայնքներում: Ուժային եռամարտով զբաղվում է շուրջ 2000 մարզիկ՝ թե՛ տղաներ, թե՛ աղջիկներ: Մարզիկների վարպետությունն ակնհայտ է:

Նշեմ նաև, որ հանրապետության բոլոր բուհերում ուսանողները զբաղվում են ուժային եռամարտով: ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը կազմակերպեց հանրապետական ուսանողական մարզական խաղեր: Ուժային եռամարտի մրցումներն անցկացվեցին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Պայքարի մեջ մտան բոլոր բուհերը, շուրջ 220 ուսանող մասնակցեց մրցումներին: Չեմպիոն դարձավ Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը:

Մարզաձևը նաև ընդգրկված է ուժային կառույցների, բուհերի ուսանողական առաջնություններում: Մարզաձևի զարգացմանն ու առաջընթացին մեծապես աջակցում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնը, որը ղեկավարում է ԽՍՀՄ սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ, պրոֆեսոր Արարատ Ղոչիկյանը: Նա դահլիճներն անվճար տրամադրում է մարզիկներին:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին մեզ աջակցելու, մարզահագուստով ապահովելու համար: Մեզ համար լրացուցիչ խթան է նրանց աջակցությունը: Թիմը պատվով ներկայացավ աշխարհի առաջնությունում՝ ռեկորդներ սահմանելով: Մարզիկներն առավել ոգևորված մասնակցեցին մրցումներին: Առաջնությունից հետո նրանց շնորհվեցին սպորտի վարպետի կոչումներ, միջազգային կարգեր:

- Մարզական տարին մրցաշարերի առումով ավարտվեց: Ամփոփելով մրցաշրջանը՝ ի՞նչ գնահատական կտաք:

- Տարին հագեցած էր մրցաշարերով: Մարզիկները հաջող հանդես եկան, մեծ թվով մեդալներ նվաճեցին թե՛ Եվրոպայի, թե՛ աշխարհի առաջնություններում: Որպես ֆեդերացիայի նախագահ՝ բարձր եմ գնահատում իրականացված աշխատանքներն ու մարզիկների ձեռքբերումները:

2018 թվականի օրացուցային պլանն արդեն պատրաստ է: Տարին հագեցած է լինելու միջազգային տարբեր մրցումներով: Մեր մարզիկները սկսել են նախապատրաստվել կարևորագույն ստուգատեսներին: Ապրիլի 6-8-ը Լեհաստանում կայանալու է Եվրոպայի առաջնությունը, մայիսի 16-20-ը Ուկրաինայում կանցկացվի աշխարհի առաջնությունը: Մենք կփորձենք զարգացնել հաջողությունները՝ շարունակելով բարձր մակարդակով և պատվով ներկայացնել մեր երկիրը միջազգային հարթակում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: