Հայերեն   English   Русский  

ԱՐԳԻՇՏԻ Բ


  
դիտումներ: 5408

Արարատյան թագավորությունը մ.թ.ա. 714 թ. մեծ հարված ստացավ իր ոխերիմ ախոյանից՝ Ասորեստանից: Սարգոն Բ արքան մեծ զորքով հարձակվեց հայոց երկրի վրա: Նա չկարողացավ գրավել մայրաքաղաք Տուշպան, բայց գրավեց ու ավերեց երկրի հոգևոր կենտրոնը՝ Արդինիի Մուսասիրի տաճարը: Հայոց արքան՝ Ռուսա Ա-ն, վշտից ու անպատվությունից ինքնասպան եղավ:

Թվում էր՝ սա խորտակիչ հարված էր Արարատյան թագավորությանը: Ինչպե՞ս դասավորվեց հայոց այդ հնագույն պետության ճակատագիրը…

Ռուսա Ա-ի մահից հետո՝ մ.թ.ա. 714 թ., հայոց գահն անցավ նրա որդուն՝ Արգիշտի Բ արքային:

Հայոց երկիրը պետք է թոթափեր ասորական բանակի արշավանքի հետևանքները: Ուստի գահ բարձրացած երիտասարդ տիրակալի առջև ծանր խնդիրներ էին դրված. երկիրը հանել ճգնաժամային իրավիճակից, համախմբել բոլոր ուժերը, չեզոքացնել Ասորեստանից սպառնացող մահացու վտանգը, վերականգնել Արարատյան թագավորության հզորությունն ու հեղինակությունը: Առկա իրավիճակում, սրանք անլուծելի խնդիրներ էին թվում:

Սակայն հայոց երիտասարդ գահակալն ընկրկելու իրավունք չուներ և եռանդով գործի անցավ:

Նախ Արգիշտի Բ արքան պետք է կարողանար վերակազմավորել հայոց բանակի բեկորներն ու պատրաստեր իր ռազմուժը Ասորեստանի երկրորդ՝ կործանիչ հարվածին: Իսկ Ասորեստանից նման հարված ակնկալելն իրատեսական էր, քանզի ասորաց արքա Սարգոն Բ-ն ցանկանում էր վերջնականապես խորտակել Արարատյան պետության զորությունն ու հպատակեցնել իրեն: Սակայն, ամենայն հավանականությամբ, Արգիշտի Բ-ն կարողացել է կարճ ժամանակում վերակազմավորել հայոց զինուժն ու կազմ ու պատրաստ դիամագրավել ոսոխին: Մ.թ.ա. 712 թ. արդեն Սարգոն Բ արքային տեսնում ենք Արարատյան թագավորությունից արևմուտք՝ Մելիդ և Կամմանու պետությունների դեմ պատերազմելիս: Ըստ հարկի՝ Արգիշտի Բ արքան ոչ ուղղակի օգնություն է ցույց տվել իր ախոյանի թշնամիներին: Սակայն Սարգոնը, այս պատերազմում հաղթելով հանդերձ, սիրտ չի արել իր սուրն ուղղել Արգիշտի Բ-ի վրա:

Մի քանի տարի անց Արգիշտի Բ արքան ավելի ակտիվացրեց իր ռազմական գործողությունները և անգամ Կումմուխ երկրի թագավոր Մուտտալլուին դրդեց Ասորեստանի դեմ ռազմական ելույթի՝ բացահայտ զինական աջակցություն ցույց տալով նրան:

Այս փաստը վկայում է, որ Սարգոնի մ.թ.ա. 714 թ. ռազմական մեծ հաջողությունն ուղղակի պատահականություն էր և հանգամանքների բերումով էր ընձեռված: Իրականում Արարատյան թագավորությունը չէր կորցրել իր հզորությունը, և այդ ավերիչ արշավանքից ընդամենը 6 տարի անց հայոց արքան արդեն ռազմական բացահայտ ցուց է անում Ասորեստանի զորեղ տիրակալի դեմ:

Հայ-ասորական հարաբերությունները գերլարված էին մ.թ.ա. 703 թ.: Ինչպես հնագիտական պեղումներով գտնված արձանագրություններն ու նամակներն են փաստում, հաճախակի են դառնում սահմանային ընդհարումները, որոնց ժամանակ կողմերը երկուստեք զոհեր են տալիս:

Մի արձանագրությունից երևում է նաև, որ Արգիշտի Բ արքան Ասորեստանի դեմ լայնածավալ հարձակման հրաման է տվել հայոց զորքերին: Սակայն, ըստ երևույթին, չհասնելով վճռական հաջողության, կռիվը դադարեցրել է:

Իր հերթին ասորական տիրակալներն արդեն շատ ավելի զգուշությամբ էին վերաբերվում Հայաստանին: Նրանք ակտիվ հետախուզական աշխատանքներ են տանում Արարատյան թագավորության շուրջը և ներսում:

Հայտնի է ասորեստանյան գործակալ Ուպպախիր-բելի նամակը՝ ուղղված Սարդուրի Բ արքային, որում հաղորդում է, որ իր ցանցն է գցել հայոց երկրի մարզերի կառավարիչներից մեկին, որի միջոցով արժեքավոր տեղեկություններ է ստանում Արգիշտի Բ-ի ծրագրերի, զորքերի տեղաբաշխման մասին:

Հատկանշական է, որ նման տեղեկությունները, փոխանակ ասորաց արքային վստահություն ներշնչելու և առավելություն հաղորդելու, որպեսզի նա վճռական հարված հասցնի Արարատյան երկրին, ըստ երևույթին ավելի են վախեցրել, քանզի նա վերջնականապես հրաժարվեց Արգիշտիի հետ վճռական պատերազմում չափվելու մտքից:

Ուժերի նման հարաբերությունը երկար պահպանվեց: Սակայն լարվածությունը մնում էր: Դրա վկայությունն է նաև այն փաստը, որ հայ-ասորական սահմանային գոտում անտառահատում իրականացնելու համար անհրաժեշտ է եղել երկու պետությունների տիրակալների հատուկ պայմանավորվածության առկայությանը:

Ասորական ագրեսիայի թուլացմանն ու հայոց պետության դիրքերի ամրապնդմանը նպաստեց այն փաստը, որ Սարգոն Բ-ի հաջորդ Սիննախերիբը (մ.թ.ա. 705-680) պատերազմներ էր մղում վերստին զորեղացող Բաբելոնի թագավորության, արևելքում բարձրացող Մարաստանի, հարավում՝ Հուդայական թագավորության դեմ: Արևելքում և հարավում հաջող պատերազմներ վարելու համար Ասորեստանին պետք էր ապահովել իր թիկունքն ու բարիդրացիական հարաբերություններ հաստատել Արարատյան թագավորության հետ:

Իր հերթին Արգիշտի Բ արքան հասկանալով, որ անմիջական վտանգ Ասորեստանից սպասելի չէ, մի հեռահար արշավանք ձեռնարկեց դեպի արևելք: Հայոց բանակը հայտնվեց Կասպից ծովի արևմտյան ափերին: Այս շրջանները Արարատյան թագավորությունից անջատել էր Սարգոն Բ-ն՝ մ.թ.ա. 714 թ արշավանքի արդյունքում: Փաստորեն, այս արշավանքով Արգիշտի Բ-ն երկրի արևելյան կողմում վերականգնեց իրերի նախկին վիճակն ու Արարատյան պետության ազդեցությունը:

Մի քանի տարի անց՝ մ.թ.ա. 695 թ., Արգիշտի Բ արքան հայոց բանակով հայտնվեց Արարատյան երկրից արևմուտք՝ այստեղ ևս վերականգնելու հայոց երկրի ազդեցությունը:

Հայ-ասորական բախում եղավ, այս անգամ՝ ասորաց արքայի նախաձեռնությամբ: Հավանաբար, ցանկանալով կանխել Արգիշտիի օրեցօր աճող զորությունը, Սինախերիբը, ինչպես վկայում է մի արձանագրություն, հարձակում է ձեռնարկել հայոց երկրի վրա: Սակայն հաջողության չի հասել և նահանջել է: Ավելին, Արգիշտի Բ-ն հակահարձակման է անցել և վերականգնել Արարատյան թագավորության դիրքերը հարավում:

Արգիշտի Բ-ն հայտնի է նաև շինարարական գործունեությամբ: Նա հայոց երկրի արևմտյան հատվածում մեծ ու հզոր ամրոց է կառուցել երկրի արևմտյան սահմանների պաշտպանության համար: Նա շինարարություն է ծավալել հիմնականում երկրի միջնամասում՝ Վանա լճի շրջակայքում՝ ներկայիս Արճեշ քաղաքի մատույցներում: Այստեղ խաղողի և պտղատու այգիներ է տնկել, ջրանցքներ անցկացրել, ոռոգիչ ցանց ստեղծել:

Հետաքրքրական է, որ Արգիշտի Բ արքան կազմակերպել է մարզական խաղեր և անձամբ մասնակցել դրանց: Խոսքը վերաբերում է նավասարդյան խաղերին, որոնք հայոց երկրում անցկացվել են դեռևս Հայկ նահապետի ժամանակներից:

Արգիշտի Բ-ն հայոց Արարատյան թագավորության վերջին զորեղ տիրակալն էր: Նա մահացել է մ.թ.ա. 685 թ.:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: