Հայերեն   English   Русский  

Հաշվետու են լինում տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները


  
դիտումներ: 703

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը, աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներն երեկ ՝ դեկտեմբերի 16-ին, լսել են գեղասահքի, կանոեի, աթլետիկայի, առագաստանավային սպորտի և հանդբոլի Հայաստանի ֆեդերացիաների տարեվերջյան հաշվետվությունները:

Մարզաձևերի պատասխանատուների և հավաքականների ավագ մարզիչների ներկայացրած հաշվետվությունների մեջ ներառված էին տեղեկություններ 2014 թվականի մարզական միջոցառումներին ուղղված պետական բյուջեի ֆինանսական հատկացումների և ֆեդերացիաների կողմից կատարված ֆինանսավորման չափի վերաբերյալ: Տեղեկատվություն է ներկայացվել նաև 2014 թվականի հավաքական թիմերի պատրաստման օրացուցային պլանի, կենտրոնացված ուսումնամարզական գործընթացի կազմակերպման, մանկապատանեկան մրցումների (առաջնություններ, մրցաշարեր) անցկացման և հակադոպինգային սպասարկման ապահովման մասին:
Հաշվետվությունների լսումներն ամփոփվելուց հետո ֆեդերացիաների ներկայացուցիչներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ, մասնավորապես՝ գեղասահքի Հայաստանի ֆեդերացիան պետք է երեխաներին արտերկիր վերապատրաստման ուղարկելու ծրագիր պատրաստի, կանոէի Հայաստանի ֆեդերացիան պետք է ուսումնասիրի և ներկայացնի մարզաբազա ունեցող այն ԱՊՀ երկրների ցանկը, որտեղ հնարավոր է անցկացնել ուսումնամարզական հավաքներ, աթլետիկայի Հայաստանի ֆեդերացիան պետք է մարզաքայլք մրցաձևը զարգացնելու ուղղությամբ ծրագիր կազմի, հանդբոլի Հայաստանի ֆեդերացիան պետք է ներկայացնի այն տարածաշրջանների ցանկը, որտեղ առկա մարզադահլիճային պայմանները հնարավորություն են տալիս մարզաձևը զարգացնել և ուշադրություն դարձնի լողափնյա հանդբոլի զարգացման ու տարածման ուղղությամբ տարվող աշխատանքներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: