Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը վարչական կալանքի է դատապարտվել


  
դիտումներ: 1929

Օրերս Ադրբեջանում ձերբակալված Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը դատապարտվել է 10 օրվա վարչական կալանքի:

Ընդ որում՝ Գազիևին դատել են ազգականներից և փաստաբաններից գաղտնի պայմաններում:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը ձերբակալվածի եղբայր Ռահիբ Գազիևը հայտնել է, որ դատավարության անցկացման և նախկին նախարարին 10 օրվա վարչական կալանքի դատապարտելու մասին ինքն իմացել է միայն աշխատանքային օրվա ավարտին Նարիմանովի շրջանային ոստիկանությունից:

Ընդ որում՝ ոստիկանությունից չեն մանրամասնել, թե ինչ իրավախախտումներ է արել Ռահիմ Գազիևը: Լրագրող և իրավապաշտպան Ավազ Յեյնալլըին կարծում է, որ Ռահիմ Գազիևին դատապարտել են Ադրբեջանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի՝ «ոստիկանության աշխատակցի օրինական պահանջներին չենթարկվելու» հոդվածով: Կալանավորվածի գտնվելու տեղի մասին տեղեկություններ չեն տրամադրվել:

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռագիմ Գազիևը դեկտեմբերի 25-ին ձերբակալվել է Բաքվի մետրոյի «Նարիմանովի» կայարանում: Մի խումբ ադրբեջանցի իրավապաշտպաններ կարծում են, որ Ռահիմ Գազիևին ձերբակալել են օրերս «Kanal-13» ինտերնետային հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վերջինիս հոր՝ հանգուցյալ Հեյդար Ալիևի հասցեին քննադատական ելույթով հանդես գալու համար: Իրավապահ մարմինները Ռահիմ Գազիևի ձերբակալության մասին որևէ տեղեկություն դեռ չեն տրամադրել: Ռահիմ Գազիևը 1989 թ-ին ստեղծված Ժողովրդական ճակատ կուսակցության կառավարման անդամ էր: 1992 թ-ի մարտից մինչև 1993 թ-ի փետրվար Ռահիմ Գազիևը զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը:

Հետագայում Ռահիմ Գազիևը ձերբակալվել և մահապատժի է դատապարտվել ծանր հանզագործություններ կատարելու մեղադրանքով, որն այնուհետև փոխարինվել է ցմահ ազատազրկման: Ավելի ուշ վճիռը փոխարինվել է 15 տարվա ազատազրկմամբ: 2005 թ-ին Ադրբեջանի նախագահի որոշմամբ վերջինիս ներում է շնորհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: