Հայերեն   English   Русский  

Տեղի է ունեցել Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների մեծարման հանդիսավոր արարողությունը


  
դիտումներ: 687

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների և 2017 թվականի ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիետի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, բարձրաստիճան հյուրեր, մարզաշխարհի ներկայացուցիչներ:

Նախագահ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների և մարզիչների, խրախուսել նաև դրամական պարգևներով ու նվերներով:

Միջոցառման շրջանակներում լավագույն տասնյակին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնել է հավաստագրեր և խորհրդանիշ-արձանիկներ: 2017 թվականի լավագույն մարզական տասնյակին մրցանակներ է հանձնել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Տարվա 10 լավագույն մարզիկներ

Հանդիսավոր արարողության ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հանրապետության Նախագահին է փոխանցել Բանակի կենտրոնական մարզական ակումբի հիմնադիրներից մեկին` Արմենակ Ալաջաջյանին ակումբի 80-ամյակի առթիվ շնորհված հոբելյանական գավաթը:

Մարզիկների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ են ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նախարար Ռոստոմյանը դիմելով ներկաներին ասել է. «Մեծարգո´ պարոն Նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հարգարժա´ն նախագահ, տիկնայք և պարոնայք, սիրելի´ գործընկերներ, քույրեր և եղբայրներ: Տարեմուտի այս օրերին մենք, ավանդույթի ուժով, վերջին 2-3 շաբաթների ընթացքում ամփոփում ենք անցնող տարվա Հայաստանի Հանրապետության մարզական անցուդարձը: Տարի, որը լի էր հաղթանակներով, ապրումներով, բերկրանքով, նաև՝ նոր հույսերով, որոնց իրականացմանը մենք լծվելու ենք 2018 թվականին:

Առանձնահատուկ է եղել այս տարվա մարզական արդյունքների ամփոփումն այն առումով, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իր վրա պատասխանատվություն էր վերցրել սահմանելու այնպիսի խաղի կանոններ, որոնք ոչ միայն ընդունելի, ընկալելի և թափանցիկ գործընթաց պետք է ապահովեին, այլև հիմնված լինեին միջազգային լավագույն փորձի և ընդունելի չափորոշիչների վրա:

Մենք փոխլրացման սկզբունքով համատեղելի ենք դարձրել մի կողմից մարզական բարձր նվաճումները, մյուս կողմից՝ Հայաստանի հանրահռչակմանը նպաստ բերած լինելու հանգամանքը: Առաջին անգամ էր նաև, որ որոշումների իրականացման գործընթացի մեջ մենք ներգրավել ենք հասարակության բոլոր այն շերտերին, որոնք ցանկացել են մասնակիցը լինել այս գործընթացին և իրենց ձայնը լսելի դարձնել:

Մեծարգո´ պարոն Նախագահ, հավաստիացնում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել արդար մրցակցային արդյունքներ: Վստահեցնում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը առաջիկայում ևս շարունակելու է այս ուղեգիծը՝ դինամիկ փոփոխության ենթարկելով բոլոր այն գործընթացները, որոնք հանրության ուշադրության կենտրոնում են և պահանջում են հատուկ լուծումներ ու նոր մոտեցումների ամրագրում: Օգտվելով առիթից՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և մարզական հանրության անունից ցանկանում եմ շնորհավորել բոլոր մարզիկներին և առանձնապես մեր տասը լավագույններին, որոնց ջանքերով Հայաստան անունը աշխարհի տարբեր անկյուններում ճանաչելի է դառնում:

Շնորհավորում եմ նաև մեր բոլորի Ամանորը: Թող որ գալիք տարին հույսերի և երազանքների իրականացման տարի լինի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: