Հայերեն   English   Русский  

​Ամուսնական պայմանագիրը Հայաստանում


  
դիտումներ: 4901

Ամուսնանալ պատրաստվող զույգերի մեծ մասն այն կարծիքին է, որ ամուսնական պայմանագիրը հակադրվում է իրենց մաքուր զգացմունքներին և տանում դեպի բաժանություն, քանի որ չի կարելի անշահախնդիր հարաբերությունները կարգավորել պայմանագրով: Սակայն գոյություն ունի հակառակ կարծիքը, որի համաձայն` ամուսնական պայմանագիրն ամրապնդում է հարաբերությունները` նախօրոք լուծելով ամուսինների գույքային հարաբերությունները:

2004 թ. ընդունված ընտանեկան օրենսգրքով ներդրվեց ամուսնական պայմանագրի գաղափարը և չնայած 10 տարուց ավելի է, ինչ գործում է հայաստանյան օրենսդրությամբ, լայն կիրառություն չունի: Եթե օրինակ՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում ամուսնացող զույգերի 70%-ից ավելին իրենց ամուսնական հարաբերությունները սկսում են ամուսնական պայմանագրով, ապա Հայաստանում այդ թիվը երևի չի անցնում 5%-ը: Պատճառներից մեկը թերևս իրազեկության պակասն է, որի բարձրացմանն էլ հենց միտված է մեր այսօրվա հոդվածը:

Ի՞նչ է կարգավորում ամուսնական պայմանագիրը: Այն կարգավորում է ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և այն լուծվելու ընթացքում: Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։

Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ։

Ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաև իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսելու իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր։

Ի՞նչ չի կարող կարգավորել ամուսնական պայմանագիրը: Այն չի կարող կարգավորել ամուսինների իրավունակության կամ գործունակության հետ կապված հարցերը, մասնավորապես՝ սահմանափակել ամուսիններից մեկի իրավունակությունը կամ գործունակությունը, չի կարող սահմանափակել իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքը: Ի տարբերություն մի շարք այլ երկրների՝ Հայաստանում ամուսնական պայմանագիրը չի կարող կարգավորել ամուսինների միջև անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին։

Ընդ որում դատարանը կարող է նաև ամուսնական պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել ամուսիններից մեկի պահանջով, եթե այդ պայմանագրի պայմանները տվյալ ամուսնուն դնում են ծայրահեղ անբարենպաստ իրավիճակի մեջ:

Ե՞րբ կարող է կնքվել ամուսնական պայմանագիրը: Այն կարող է կնքվել ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում։

Ի՞նչ ձևով է կնքվում ամուսնական պայմանագիրը: Այն կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: