Հայերեն   English   Русский  

​Մեդալաբեր 2017 -ը


  
դիտումներ: 6343

2017 թվականը մի քանի օրից պատմություն կդառնա: Ավանդույթի համաձայն՝ «Անկախը» ներկայացնում է մարզական անցուդարձի առանցքային դրվագները և անցնող մրցաշրջանում հայկական սպորտում ամենանշանակալի ձեռքբերումները:

2017 թվականի մրցաշրջանը մեզ համար առանձնացավ հաղթանակի էջերով, որոնք խոստանում են կանխորոշել հայրենի սպորտի զարգացման հետագա ուղին:

Մարզական տարին ամփոփելով՝ հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ հիշարժան հաղթանակներն ուրախության, ոգևորության և հպարտության րոպեներ պարգևեցին սպորտի երկրպագուներին:

Ունիվերսիադաներ

սիմոն Մարտիրոսյան

Հունվարի 29-ից փետրվարի 8-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացավ համաշխարհային ձմեռային 28-րդ ունիվերսիադան:

Ձմեռային ուսանողական խաղերին Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում: Եվ ահա եկավ այն օրը, երբ հայաստանցի մարզիկը հայտնվեց ձմեռային մարզաձևի միջազգային խոշոր պաշտոնական մրցման պատվո պատվանդանին: Մեր երկիրը ունիվերսիադայում պատվով ներկայացրեց և աննախադեպ հաջողության հասավ հայկական դահուկավազքի վերջին տարիների ընդգծված առաջատար Սերգեյ Միքայելյանը՝ դառնալով մեդալի արժանացած հայ առաջին դահուկորդը: 10 կմ ազատ ոճում Սերգեյը գրանցեց 27.04 րոպե արդյունք` նվաճելով բրոնզե մեդալ:

Նման նվաճում Հայաստանը չէր ունեցել նաև խորհրդային տարիներին, քանի որ հանրապետությունը, չգիտես ինչու, համարվում էր բացառապես ամառային մարզաձևերի բնօրրան:

Ամռանը` օգոստոսի 19-30-ը, Թայվանում կայացան 29-րդ համաշխարհային ուսանողական մարզական խաղերը: Ունիվերսիադան համաշխարհային սպորտի մեջ օլիմպիական խաղերից հետո թե՛ մասնակիցների քանակով, թե՛ մարզաձևերի ընդգրկվածությամբ ամենամեծ մարզական միջոցառումն է: Սկսած 1995 թվականից՝ Հայաստանն ակտիվորեն մասնակցել է համաշխարհային ուսանողական մարզական խաղերին՝ ներկայացնելով ուսանողական սպորտի ուժեղագույն մարզիկներին:

2017 թվականի ամառային ունիվերսիադային Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին 7 մարզաձևի 16 մարզիկներ: Հայ մարզիկները հանդես եկան ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, թաեքվոնդո, ուշու, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ մարզաձևերով:

Մեր մարզիկները նվաճեցին 6 մեդալ՝ 3 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե։ Ունիվերսիադայի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը նվաճեց 3 ոսկե մեդալ:

Մեր տղաներին հաղթանակները հեշտ չտրվեցին. նրանք պայքարեցին և արժանիորեն վաստակեցին հաղթողի կոչումը: Ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը ոսկե մեդալները նվաճեցին համառ պայքարում:

Ծանրամարտ

Գոռ Մինասյան

2017-ին Հայաստանի ծանրամարտի հավաքականները միջազգային մրցաշարերից վերադարձան 78 մեդալով` 36 ոսկե, 21 արծաթե, 23 բրոնզե: Մրցաշրջանում փայլեցին և տարբեր մրցաշարերում չեմպիոններ հռչակվեցին Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը:

Մեդալների քանակն ավելի շատ կլիներ, եթե հայ ծանրորդները կարողանային մասնակցել աշխարհի առաջնությանը, որը բաց թողեցին որակազրկման պատճառով:

Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը չեմպիոն է

Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձավ 1 ոսկե մեդալով։

Յոթնամյա ընդմիջումից հետո Հայաստանն ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն: Պատվավոր և սպասված տիտղոսը նվաճեց մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Հովհաննես Բաչկովը հաջող հանդես եկավ նաև Համբուրգում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում` դառնալով բրոնզե մեդալակիր:

Ըմբշամարտ. Ալեքսանյանն աշխարհի եռակի չեմպիոն է

Փարիզում կայացած հունահոռմեական ոճի ըմբշամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությունում 2016 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն, 25-ամյա գյումրեցի Արթուր Ալեքսանյանը՝ 98 կգ քաշային կարգի 33 ըմբիշների մրցապայքարին մասնակցող հայ ըմբշամարտիկը, փայլուն անցկացրեց նախնական փուլի 4 հանդիպումները՝ մտնելով եզրափակիչ:

Եզրափակիչ վճռորոշ գոտեմարտում Արթուրը խելամիտ մարտավարությամբ ու համարձակ գործողություններով 3:1 հաշվով վստահ ու տպավորիչ հաղթանակ տարավ ռուսաստանցի Մուսա Եվլոևի նկատմամբ ու իր կարիերայի ընթացքում արժանիորեն աշխարհի չեմպիոնի 3-րդ ոսկե մեդալը նվաճեց:

Իր կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Հայ մարզիկը եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց բելառուս Ռադիկ Կուլիևին:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում։ Չեմպիոններ դարձան Արթուր Ալեքսանյանը և Մաքսիմ Մանուկյանը։

Առաջին մեդալը հեծանվասպորտում

Նոյեմբերի 3-5-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացրեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը: Երիտասարդ մարզիկը, փայլուն հանդես գալով սկրետչ մրցաձևում և դառնալով արծաթե մեդալակիր, հեծանվասպորտի անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում:

Լևոն Արոնյանը՝ աշխարհի գավաթակիր

Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը 12 տարի անց վերադարձրեց շախմատի աշխարհի գավաթը՝ այս մարզաձևի թերևս երկրորդ մրցանակը աշխարհի չեմպիոնի պարգևից հետո: Թբիլիսիում կայացած խաղարկության եզրափակիչ հանդիպման թայ-բրեքում նա որևէ հնարավորություն չթողեց չինացի Դին Լիժենին:

Հաղթանակը դարձավ նրա համար հաջողված մրցաշրջանի արժանի հանգուցալուծումը: Վճռական մրցամարտում նա կարծես չէր շտապում իրացնել ակնհայտ առավելությունը: Իսկ ահա թայ-բրեքում մեր գրոսմայստերը պարզապես անկասելի էր: Նրա յուրաքանչյուր քայլը նման էր շեշտակի հարվածի, մրցակիցը սկզբում չէր հասցնում հակազդել դրանց, իսկ հետո արդեն չէր էլ փորձում արձագանքել: Պայքարի ելքը վճռվեց արագ շախմատի երկու պարտիաներում: Անցնելով եզրափակիչ՝ Լևոնը ձևակերպեց իր մասնակցությունը հաջորդ տարվա մարտի 10-28-ը Բեռլինում անցկացվելիք տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում:

Աշխարհի 2015 թվականի գավաթակիր Սերգեյ Կարյակինը նշեց, որ Արոնյանի նոր հաղթանակը վկայում է նրա ոգու ամրության և սուպերգրոսմայստեր լինելու մասին:

Հաղթանակից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 30-ին, Լևոն Արոնյանն ամուսնացավ ֆիլիպինցի Արիանա Կաոիլիեի հետ: Զույգի պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն էր Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ֆուտբոլ

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը E խմբում 7 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Մեր ընտրանին դուրս մնաց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլից։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեկտեմբերին ամփոփեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017 թվականի քվեարկության արդյունքները:

Հենրիխ Մխիթարյան

Հավաքելով 190 միավոր` Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: Սակայն ամենայն հավանականությամբ Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»:

35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որի անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում:

Արթուր Ալեքսանյանը` տարվա լավագույն մարզիկ

ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքով 2017 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչվեց օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, երկրորդ տեղում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը, երրորդը հայկական շախմատի առաջատար, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանն է:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: