Հայերեն   English   Русский  

​Շան տարին հայոց պատմության մեջ


  
դիտումներ: 33668

2018 թվականը, համաձայն չինական օրացույցի, խաղաղասեր Դեղին Շան տարի է:

Եկեք տեսնենք, թե չինական Դեղին Շունն ի՛նչ հետք է թողել հայոց պատմության էջերում, արդյոք մի՞շտ էր խաղաղասեր:

Առաջին արժանահիշատակ իրադարձությունը Չինական Շան տարում վերաբերում է մ.թ.ա. VIII դարին:

Մ.թ.ա. 754 թ. - Սարդուրի Բ արքան հաղթանակ տարավ Ասորեստանի թագավոր Աշուրնիրարի Զ-ի նկատմամբ: Արարատյան թագավորությունը Մենուա, Արգիշտի Ա թագավորների կառավարման ժամանակաշրջանում հզորագույնն էր աշխարհում: Հայոց երկիրն իր առաջնությունը պահեց նաև Սարդուրի Բ-ի կառավարման առաջին շրջանում:

Մ.թ.ա. 550 թ. - Հայոց բանակի հարվածներից կործանվեց Մարաստանը: Այո՛, երբ հայն ապավինել է իր բազկին՝ պատմության իր փառահեղ էջերն է կերտել: Հայոց Տիգրան Երվանդյան արքան, բացահայտելով մարաց Աժդահակ արքայի դավաճանությունն ու նենգությունը, սպանեց նրան մենամարտում և Մարաստանի թագավորությունը կործանեց:

Մ.թ.ա. 538 թ. – Հայկական բանակը աքեմենյան արքա Կյուրոս Բ բանակի կազմում մասնակցեց Բաբելոնի նվաճմանը; Ցավոք, հաճախ ենք մեր զորությունը վատնել օտարի համար, արյուն հեղել հանուն օտարի շահի:

Մ.թ.ա. 190 թ. - Մագնեսիայի ճակատամարտը՝ կարևոր իրադարձություն հայ ժողովրդի պատմության մեջ: Ասիա ներխուժած հռոմեական բանակը ջախջախեց սելևկյան զորքերը: Առիթից օգտվելով՝ Արտաշեսը հռչակեց Մեծ Հայքի անկախություն, զորեղ թագավորության ու իր դինաստիայի հիմքը դրեց: Արտաշեսի զինակից ու ազգական Զարեհը անկախություն հռչակեց Ծոփքում:

Մ.թ.ա. 94 թ. - Տիգրան Մեծը գրավեց Ծոփքը: Հայոց գահ բարձրանալով՝ Տիգրան Մեծն իր առաջ խնդիր դրեց ստեղծել հզոր աշխարհակալություն: Եվ նա սկսեց այնտեղից, որտեղ կանգ էր առել իր պապը՝ Արտաշես Ա-ն, որ միավորեց հայոց բոլոր հողերը՝ բացառությամբ Ծոփքի թագավորության:

Մ.թ.ա. 94 թ. - Հայ-պոնտական դաշինքի կնքումը: Տեսնելով Տիգրան Մեծի համառությունն ու հասկանալով նրա հավակնությունները՝ հայոց հյուսիսային հարևանի՝ Պոնտոսի թագավորության տիրակալ Միհրդատ Զ Եվպատորը նրան դաշինք առաջարկեց: Կնքվեց հայ-պոնտական դաշինք, որն արդյունավետ էր երկու կողմերի համար և գործեց մինչև մ.թ.ա. 66 թվականը:

Մ.թ.ա. 34 թ. - Անտոնիոսի արշավանքը Հայաստան: Արտավազդ Բ հայոց արքայի գերեվարությունն ու մահը: Հայոց քաջ և առաքինի տիրակալը, որ իր նվիրումը հայրենիքին, քաջությունն ու դիվանագիտական նուրբ ընկալումը բազմիցս ապացուցել էր, սայթաքեց, ընկավ հռոմեացի նենգ ու դավաճան զորավար Մարկոս Անտոնիոսի լարած ծուղակը, կալանավորվեց ու սպանվեց: Բարեբախտաբար հայոց գահին նրան փոխարինեց քաջ ու զորեղ որդին՝ Արտաշես Բ-ն:

Մ.թ.ա. 34 թ. - Արտաշես Բ՝ հայոց այս քաջ գահակալը, զբաղեցնելով գահը, վրեժ լուծեց ոսոխից իր հոր սպանության համար՝ սրակոտոր անելով 30 հազար հռոմեացիների:

62 թ. - Հռոմեական զորքերի ծանր պարտությունը Հռանդեայում: Սա Հռոմի պատմության մեծագույն խայտառակությունն էր: Հռոմեական 80-հազարանոց զորքն անցավ անարգանքի լծի տակով: Տրդատ Ա Արշակունին հաղթահանդեսով մտավ Հռոմ, և Ներոն կայսրը ստիպված էր ճանաչել հայոց անկախությունը:

338 թ. - Մահացավ Խոսրով Կոտակը: Իր կարճատև թագավորության շրջանում նա հասցրեց հիմնադրել Դվին մայրաքաղաքն ու տնկել Խոսրովի անտառները՝ մեզ հասած աշխարհի հնագույն արգելոցը:

350 թ. - Արշակ Բ արքայի գահակալության սկիզբը: Նա ողջ կյանքում պայքար մղեց Հռոմի, Պարսկաստանի և Հայաստանը ներսից քայքայող եկեղեցու դեմ: Պարսիկները միայն դավադրաբար կարողացան նրան ձեռք գցել և Անհուշ բանտը նետել:

374 թ. - Պապ թագավորի սպանությունը: Հայոց պատմության թերևս ամենաամոթալի էջերից մեկը: Հայոց երիտասարդ ու քաջ արքայի սպանությունից հետո հայոց կաթողիկոսն ու նախարարները ժողով են գումարում և որոշում, որ պետք չէ վրեժ լուծել հռոմեացիներից, քանզի վայել չէ քրիստոնյա հային վրեժ լուծել քրիստոնյա հռոմեացուց, երբ նա սպանել է մի հեթանոս հայ արքայի:

374 թ. - Վարազդատ Արշակունու գահակալության սկիզբը: Նա մահապատժի ենթարկեց Պապի սպանության մեղավորներից մեկին՝ Մուշեղ Մամիկոնյանին: Ցանկացավ նաև անկախ քաղաքականություն վարել, սակայն նրա ընթացքը կասեցրեց Պարսկաստանից Հայաստան գործուղված Մանվել Մամիկոնյան զորավարը, որ ապստամբեց հայոց արքայի դեմ և նրան գահընկեց արեց:

422 թ. - Գահ բարձրացավ Արտաշես Դ Արշակունին՝ վերջին արքան Արշակունյաց հարստությունից: Նրա օրոք գրվեց հայոց պատմության ամենաամոթալի էջերից մեկը: Հայոց ազնվականները դիմեցին պարսից արքային՝ խնդրելով գահընկեց անել Արտաշեսին և պատրաստակամություն հայտնեցին հավատարմորեն ծառայել պարսից արքային:

482 թ. - Ներսեհապատի ճակատամարտը: Հայկական բանակը Գայլ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ ջախջախեց պարսկական մեծաքանակ զորքերը:

482 թ. - Ճարմանայի ճակատամարտը: Վրացիների կազմակերպած դավադրությունը: Ճակատամարտի հենց սկզբից վրաց բանակը՝ Վախթանգ թագավորի հրամանատարությամբ, նահանջեց՝ հայոց բանակը թողնելով պարսկական մեծաքանակ զորքերի դեմ հանդիման: Հայոց զորքը ծանր պարտություն կրեց:

770 թ. - Սմբատ Բագրատունին ճանաչվեց հայոց իշխան: Բագրատունիները աստիճանաբար իրենց դիրքերն ամրապնդեցին հայոց երկրում և Արծրունիների, Սյունյաց տան հետ միասին ձեռնամուխ եղան Հայաստանի ազատագրմանն ու անկախ պետականության կերտմանը:

890 թ. - Սմբատ Ա-ի գահակալման սկիզբը: Հայոց այս արքան դժբախտ ճակատագիր ունեցավ: Արաբները նրան գերեցին, գլխատեցին, մարմինը խաչեցին:

914 թ. - Աշոտ Բ Երկաթի գահակալման սկիզբը: Բագրատունյաց տոհմի թերևս ամենաարժանապատիվ գահակալը: Նա ողջ կյանքում մարտնչեց արաբների դեմ, բազում հաղթական ճակատամարտերում իր փառքն ու պատիվը կերտեց: Ժողովուրդը նրան Երկաթ մականունով կնքեց՝ ի նշան երկաթյա կամքի:

1226 թ. - Հայոց գահին բազմեց Հեթում Ա արքան, որ մոնղոլների հետ բարենպաստ պայմանագիր կնքեց և Կիլիկիայի թագավորությունից վանեց վերահաս վտանգը:

1514 թ. - Օսմանյան թուրքերը գրավեցին Արևմտյան Հայաստանը: XVI դարում հայ քաղաքական միտքը վաղուց արդեն մարել էր: Հայոց ռազմիկները փառք էին որոնում օտար ափերում միայն:

1826 թ.- Սկիզբ առավ ռուս-պարսկական պատերազմը: Ռուսական զորքերը գրավեցին Արևելյան Հայաստանն ու կցեցին Ռուսաստանին:

1826 թ. հուլիս-սեպտեմբեր - Շուշիի բերդի պաշտպանությունը: Հայ կամավորներն ու ռուս զինվորները հերոսաբար պաշտպանեցին Շուշին պարսկական գրոհներից:

1838 թ. - Շուշիի թեմական դպրոցի բացումը: Այս դպրոցը հսկայական նշանակություն ունեցավ արևելահայության կրթական, մշակութային կյանքում:

1850 թ. - Երևանի առաջին թեմական դպրոցի բացումը:

1862 թ. - Զեյթունի ապստամբությունը: Զեյթունցիները հերոսաբար դիմադրեցին թուրքական գրոհներին: Նրանց կիսանկախ իշխանությունը գոյատևեց մինչև 1915 թվականը:

1874 թ. - Բացվեց Գևորգյան ճեմարանը, հոգևոր այս հաստատությունը գործում է մինչ օրս:

1898 թ. - ՌՍԴԲԿ առաջին համագումարը: Բոլշևիզմի ուրվականը գլուխ էր բարձրացնում՝ ստանալով ահագնացող չափեր:

1922 թ. - ՀԽՍՀ առաջին սահմանադրությունը: Խորհրդային Հայաստանը իրավական առումով անկախ պետություն էր: Բայց այդ անկախությունը սոսկ թղթի վրա էր:

1946 թ. - Խորհրդային Հայաստանի իշխանությունների կազմակերպած ներգաղթի շնորհիվ տասնյակ հազարավոր հայեր ներգաղթեցին և հաստատվեցին Հայաստանում:

1994 թ. - 1988 թվականին սկսված Արցախյան ազատամարտն Ադրբեջանի խնդրանքով ավարտվեց հայ-ադրբեջանական զինադադարով: Հայոց բանակը փառքով իր սուրը դրեց պատյան:

Ահա Շան տարում հայոց պատմության մեջ կատարված կարևորագույն իրադարձությունները: Թող որ բոլորիս նախաձեռնությունները միշտ հաջողությամբ ու հաղթանակով ավարտվեն, թող միշտ փառավորյալ լինի մեր հայրենիքը: Շնորհավոր ամենիս ամանորը:

ՏԱՐԵՀԱՑ

Անհրաժեշտ է 1 բ. եռացրած ջուր, 1 բ. ձեթ, 1 բ. շաքարավազ, 5 բ. ալյուր, կես բ. մանրացրած չրեղեն, կես բ. մանրացրած ընկուզեղեն, կես բ. կանեփ, 1 թ. գդ. սոդա:

Իրար խառնել ալյուրը, շաքարավազն ու սոդան: Շաղախել` լցնելով ջուրն ու ձեթը: Ավելացնել չրեղենն ու ընկուզեղենը: Փռել նախապես ձեթով և ալյուրով պատած տապակի մեջ: Մեջը դնել մետաղադրամ, կամ ինչ-որ կորիզ որպես միջինք: Վրան շաղ տալ կանեփ ու թխել:

ԱՂԱՆՁ

Անհրաժեշտ է 2 բ. ձավար, կես բ. սիսեռ, 1 բ. կանեփ, կես բ. ընկույզ, աղ:

Լվանալ և չորացնել ձավարն ու կանեփը: Սիսեռը մի քանի ժամ թրջել գոլ ջրով, ապա հանել ջրից և ցամաքեցնել: Յուրաքանչյուրը մարմանդ կրակով առանձին-առանձին բովել՝ անընդհատ խառնելով: Սառչելուց հետո խառնել իրար, ավելացնել ընկույզը:

Կարելի է հատիկեղենին ավելացնել բոված ու մանրացված նուշ, ծիրանի ու դդմի կորիզ, կաղին, արևածաղկի սերմ, ինչպես նաև չամիչ ու թթի չիր:

ՄԱՐԴԱԿԵՐՊ ԳԱԹԱՆԵՐ

Կարելի է պատրաստել տարեհացի խմորով:

Խմորը ձևավորել մարդու տեսքով` աչքերի ու բերանի, ինչպես նաև կրծքի հատվածում, ձեռքերի վրա չամիչ շարել:

ԼՈԲՈՎ ԱՂՑԱՆ

Անհրաժեշտ է 1 բ. լոբի, 1 գլուխ սոխ, 1 ճ. գդ. քացախ, 1 ճ. գդ. ձեթ, կանաչի, կարմիր և սև պղպեղ, աղ:

Լոբին խաշել, ջրքամել: Ավելացնել կտրատած սոխն ու կանաչին, ապա համեմել աղով ու պղպեղով:

ՄԱՅՐԱՄԱՊՈՒՐ

Անհրաժեշտ է 1 բ. կորկոտ, 1 բ. չիր, կես բ. դոշաբ:

Խաշել կորկոտը, ավելացնել չրերը: Եփել մինչև պատրաստ լինելը: Վերջում ավելացնել դոշաբը:

ԿԱՂԱՆԴԱՆՈՒՇ

Անհրաժեշտ է 1 բ. մեղր, 1 բ. ընկույզ:

Մեղրը հարել այնքան, մինչև սպիտակի: Ընկույզի միջուկը մանրացնել և բովել, ապա խառնել հարած մեղրին:

ԽՈՇԱԲ ԿԱՄ ՉԱՄՉԱՐԱԿ

Անհրաժեշտ է 1 բ. չիր (սալորաչիր, թթի չիր, ծիրանաչիր, չամիչ), 1 լ ջուր, դարչին:

Չիրը մանրացնել, ավելացնել տաք ջուր և եփել 10-15 րոպե, ավելացնել դարչին:

Մատուցել սառը վիճակում:

ՍԻՍԵՌԻ ԳՆԴԻԿՆԵՐ

Անհրաժեշտ է 1 բ. սիսեռ, կես բ. հոնաչիր, կես բ. չամիչ, կես բ. ընկույզ, 2 ճ. գդ. ալյուր, 1/3 բ. ջուր, հիլ, աղ:

Մի ամբողջ օր սիսեռը գոլ ջրով թրջել: Խաշել, ապա՝ տրորել: Ավելացնել կորիզը հանած հոնաչիրը, մանրացված ընկույզը, չամիչը, հիլն ու աղը: Ալյուրը բովել, բացել քիչ ջրով, թանձր խյուսը լցնել սիսեռի վրա: Լավ խառնելուց և սառեցնելուց հետո, զանգվածից պատրաստել փոքրիկ գնդեր: Մատուցելիս շարել սկուտեղի վրա, համեմել կանաչիով:

Խյուսին կարելի է խառնել դահին ու կիտրոնի հյութ:

ՄԱԽՈԽ ԱՊՈՒՐ

Գարու մանրաձավարը եփել: Նախապես լավ թթվեցրած խմորը խառնել ջրի հետ, խյուս սարքել, հարել, ավելացնել ձավարին: Միասին լավ եփել, վերջում համեմել դաղձով ու սխտորով:

ՔՐՉԻԿ

Անհրաժեշտ է կես կգ թթու կաղամբ, 200 գ մանրաձավար,1 գլուխ սոխ, 2 ճ.գդ. յուղ, 3 ճ. գդ. տոմատի մածուկ, 3-4 կարտոֆիլ, անանուխ, աղ:

Յուղով ու սոխով սոխեռած պատրաստել, վրան ավելացնել եռացրած ջուր, խորանարդաձև կտրատած կարտոֆիլ, մանրաձավար: Եփելուց հետո ավելացնել նաև մանր կտրատած թթու կաղամբն ու անանուխը: Վերջում ավելացնել աղ:

ԱՆՈՒՇԱՊՈՒՐ

Անհրաժեշտ է կես կգ ձավար, կես կգ խառը չիր (չամիչ, ծիրանի, տանձի, դեղձի, թզի, խնձորի, սալորի և այլն), 1 բ. ընկուզեղեն (ընկույզ, կաղին, նուշ), 1 բ. շաքարավազ, 1 թ. գդ. դարչին, 8-10 բ. ջուր:

Ձավարը խաշել: Մանրացնել չրերն ու ընկուզեղենը, ավելացնել ձավարին:

Լցնել շաքարավազն ու դարչինը: Մարմանդ կրակին եփել մոտավորապես 2 ժամ:

ԿՃԱԽԱՇ

Անհրաժեշտ է 1 բ. խոշոր կորկոտ, կես բ. եգիպտացորեն, կես բ. լոբի, կես բ. սիսեռ, 2 գլուխ սոխ, 1 սուրճի բ. ձեթ (կամ 2 ճ. գդ յուղ), չորացրած կանաչի, սև պղպեղ, աղ:

Լոբին, սիսեռն ու եգիպտացորենը խաշել, ավելացնել կորկոտը: Մանրացնել սոխը, տապակել յուղի մեջ և լցնել ապուրի վրա: Ավելացնել համեմունքները և շարունակել եփել, մինչև հատիկեղենը համասեռ դառնա:

ՊԱՍՈՒՑ ՏՈԼՄԱ

Անհրաժեշտ է կես բ. խաշած սիսեռ, կես բ. խաշած լոբի, կես բ. խաշած ոսպ, կես բ. խոշոր կորկոտ, կես բ. խաշած եգիպտացորեն, կես բ. խաշած ոլոռ, կես բ. կանեփ, կես բ. լոլիկի մածուկ, կես բ. ձեթ, 4 գլուխ սոխ, 1 կապ խառը կանաչի, սալորաչիր, կարմիր ու սև պղպեղ, թթու կաղամբ, աղ:

Ողջ ընդեղենը խառնել իրար: Պատրաստել սոխեռած, վրան ավելացնել ջրով բացված լոլիկի մածուկը, համեմել աղով և համեմունքներով, լցնել ընդեղենի վրա: Ավելացնել մանրացված կանաչի, խառնել և փաթաթել կաղամբի տերևներիի մեջ: Դասավորել կաթսայում՝ վրան շերտ առ շերտ սալորաչիր շարելով: Վրան ջուր լցնել և եփել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: