Հայերեն   English   Русский  

​Հայաստանյան անցուդարձը 2017-ին


  
դիտումներ: 11063

Ընթացիկ տարվա ո՞ր իրադարձությունները և համապետական զարգացումներն են պայմանավորել ՀՀ քաղաքացու և Հայաստանի ներկան ու ապագան, ինչո՞վ է ապրել ու շնչել հայաստանցին 2017-ին։

2018-ի տարեմուտին ընդառաջ «Անկախն» ամփոփում է 2017-ի իրադարձությունները։

2017-ը՝ ընտրական տարի

Անցնող տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցան երկու խոշոր ընտրություններ։ Հատկապես կարևոր էին խորհրդարանական ընտրությունները։ Հայաստանը, նոր սահմանադրության համաձայն, խորհրդարանական հանրապետություն է, և այս տարվա ընտրություններն առաջին համապետական ընտրություններն էին նոր սահմանադրությամբ։ Ձևավորված խորհրդարանը եկող տարի, երբ ավարտվեն գործող նախագահի լիազորությունները, լայն իրավասություններ կստանա։

Խորհրդարանական ընտրություններն ուշագրավ էին նաև այն առումով, որ անցկացվում էին նոր ընտրական օրենսգրքով, որը ենթադրում էր 100 տոկոսով համամասնական ընտրակարգ։ Ընտրությունները, սակայն, ցույց տվեցին, որ մեծամասնական թեկնածուներին փոխարինեցին ռեյտինգային թեկնածուները, որոնց ստացած քվեները նաև գումարվեցին իրենց կուսակցության քվեներին։

Ընտրությունների արդյունքներով ԱԺ անցավ 4 քաղաքական ուժ՝ իշխող ՀՀԿ-ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31 մանդատ), «Ելք» դաշինքը (9 մանդատ) և ՀՅԴ-ն (7 մանդատ)։

Խորհրդարանական ընտրություններն աչքի ընկան նաև հանգիստ հետընտրական շրջանով։ Չնայած կեղծված ու ընտրակաշառքներով ընտրությունների մասին ահազանգերին` բողոքի ցույցեր տեղի չունեցան։

Հաջորդը Երևանի ավագանու ընտրություններն էին, որոնք աչքի ընկան քաղաքական ուժերի պասիվությամբ։ Ընտրություններին մասնակցեց երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ Երեք քաղաքական ուժերն էլ մանդատներ ստացան, ՀՀԿ-ն՝ 46, «Ելք» դաշինքը՝ 14 և «Երկիր ծիրանին»՝ 5 մանդատ։ Քաղաքապետ դարձավ, ավելի ճիշտ՝ վերընտրվեց մեծամասնության թեկնածուն՝ ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը։

Ներդրողների ակումբ և 1 մլրդ դոլարի ներդրումների խոստում

Հայաստանի ներդրողների ակումբ

Գարնանը Կարեն Կարապետյանի և ռուսաստանաբնակ մի շարք հայազգի գործարարների նախաձեռնությամբ մեկնարկ տրվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային հիմնադրամի գործունեությանը։

«Հայաստանի ներդրողների ակումբը» ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված առաջին ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է Հայաստանում, որի նպատակն է ներքին և արտաքին մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ նպաստել ՀՀ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հետևյալ ոլորտների զարգացմանը. էներգետիկա, այդ թվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրություն, էներգետիկ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, հանքանյութի վերամշակում, սննդի և թեթև արդյունաբերություն: Նման պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարևոր տեղ են զբաղեցնում զարգացած պետությունների ֆինանսական գործիքների շարքում՝ հանդիսանալով տնտեսական աճի և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործոն:

Նախատեսվում էր, որ խոստացված 3,2 մլրդ ներդրումներից շուրջ 1 մլրդ-ի ներդրումներն այս տարի կլինեն։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, սակայն, տարվա ընթացքում «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամը երկրում գործարկել է 250 մլն դոլար արժողության երկու ծրագիր՝ «Շնող» ՀԷԿ-ի կառուցումը և կոշտ մետաղների վերամշակման գործարանի կառուցումը:

Ավրորա մրցանակաբաշխությունը

2017 թ.Ավրորայի մրցանակակիրը,Շառլ Ազնավուր

Երկրորդ անգամ Երևանում տեղի ունեցավ «Ավրորա» մրցանակաբաշխությունը։ Մրցանակը շնորհվեց բժիշկ Թոմ Քաթինային, որը հազարավոր մարդկանց կյանք է փրկել Սուդանի Նուբայի լեռներում։ Նա մշտական գործող միակ վիրաբույժն է այդ տարածաշրջանում։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է արժանին մատուցել մեր օրերի հերոսներին և գնահատել այն բացառիկ ազդեցությունը, որ նրանց գործունեությունն ունեցել է մարդկային կյանքի պահպանման և մարդասիրական գործն առաջ մղելու հարցում։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է ամեն տարի Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն իրենց փրկողներին։

Համայնքների խոշորացում

Ընթացիկ տարում պիլոտային ծրագրից հետո մեկնարկեց համայնքների խոշորացման գործընթացը։ Պաշտոնական հիմնավորումն այն է, որ մեր երկրի տարածքի ու բնակչության համեմատ՝ գոյություն ունեցող 915 համայնքները չափազանց շատ են։ Հետևաբար սակավաթիվ բնակչություն ունեցող համայնքները խոշորացվելու են՝ ունենալով կառավարման ընդհանուր մարմին։ Նախատեսվում է 324 համայնքների միավորման արդյունքում ձևավորել 34 համայնք։

Համայնքների խոշորացմանը, սակայն, դեմ են թե՛ շահակից համայնքների բնակիչները, թե՛ շատ մասնագետներ։ Կարծիք կա, որ համայնքների խոշորացումը կբերի արտագաղթի նոր ալիք, մինչդեռ պաշտոնական հիմնավորմամբ՝ խոշորացված համայնքների բյուջեների միավորման շնորհիվ հնարավոր կլինի գումարներն ավելի արդյունավետ ու նպատակային օգտագործել։

Նախատեսվում է համայնքների խոշորացման գործընթացն ավարտել 2019-ին։

Եվրամիության հետ գործընկերության համաձայնագիրը

Տարվա ձեռքբերումը, անկասկած, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է։

Համաձայնագրում դիտարկվում են Հայաստան-ԵՄ փոխգործակցության ամրապնդման հնարավորություններ այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, տրանսպորտը, էներգետիկան, բնապահպանությունը, առևտուրը, ներդրումային նախագծերը և այլն։

Նշենք, որ Հայաստանը դեռ 2013-ի նոյեմբերին պետք է ԵՄ-ի հետ ստորագրեր Ասոցացման և ազատ առևտրի գոտու համաձայնագիրը։ Սակայն ԵԱՏՄ անդամակցության որոշմամբ չեղարկվեց կամ հետաձգվեց եվրոպական ինտեգրումը։ Հայկական կողմը տարիներ շարունակ պնդում էր, որ երկու միությունների միջև ընտրության կողմնակից չէ և նախընտրում է «և՛,և՛» մոտեցումը, ինչն անհնար էր թվում։ Սակայն Հայաստանն ի վերջո կարողացավ համատեղել երկու միությունների հետ համագործակցությունը՝ դառնալով ԵԱՏՄ անդամ միակ երկիրը, որը նման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ։

Երևանում այլևս ԵԱՀԿ-ի գրասենյակ չունենք

ԵԱՀԿ

Այս տարվա օգոստոսին դադարեցվեց ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի գործունեությունը։ Պատճառն Ադրբեջանի դիրքորոշումն էր։ Ավելի վաղ Ադրբեջանը փակել էր ԵԱՀԿ-ի գրասենյակը Բաքվում և չհանդուրժեց դրա գոյությունը նաև Երևանում։

Գործող կարգի համաձայն՝ ԵԱՀԿ-ի գրասենյակների գործունեության ժամկետը 12 ամիսը մեկ երկարաձգվում է: Կառույցում որոշումները կոնսենսուսով են ընդունվում, հետևաբար չէին կարող հաշվի չնստել Ադրբեջանի դիրքորոշման հետ։

«Բաքվում գրասենյակի փակումից հետո արգելափակելով երևանյան գրասենյակի աշխատանքը` Ադրբեջանը փաստորեն զրկեց կազմակերպությանը լիարժեք առաքելությունից Հարավային Կովկասում, ինչը բացասաբար կազդի ոչ միայն ԵԱՀԿ-ի տարածաշրջանային, այլև կազմակերպության ողջ գործունեության վրա»,- իրավիճակն այսպես է մեկնաբանել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Տարկետման սկզբունքը կփոխվի

տարկետում

ԱԺ-ն ընթացիկ տարվա աշնանն ընդունեց աղմկահարույց ու բողոքի ցույցերի պատճառ դարձած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը։ Այն նախատեսում է, որ անվճար հիմունքներով բուհ ընդունված երիտասարդները տարկետման իրավունք չեն ունենա և այսուհետ զորակոչի տարիքի հասած բոլոր երիտասարդներն անխտիր բանակ կզորակոչվեն։ Տարկետման իրավունքը, սակայն, չի վերացվում։ Կրթությունն ավարտելուց հետո ծառայելու ցանկություն ունեցող երիտասարդները կարող են ՊՆ-ի հետ պայմանագիր կնքել «Ես եմ» ծրագրի շրջանակներում, բուհական կրթության ընթացքում ռազմական պատրաստություն անցնել և ավարտելուց հետո որպես սպա ծառայել 3 տարի և վարձատրվել ծառայության դիմաց։

Օրենքի նախագիծը սվիններով ընդունեցին մի շարք ուսանողներ, որոնք անգամ դասադուլի ու հացադուլի դիմեցին. պատճառաբանվում էր, որ տարկետման փոխակերպումը կխանգարի երկրում գիտության զարգացմանը։ Նրանց հակառակը չհամոզեցին նաև առաջին կուրսում բանակ զորակոչված և հետո կրթությունը հաջողությամբ շարունակած և մասնագիտական հաջողությունների հասած երիտասարդների օրինակները։

Հրաժարում հայ-թուրքական արձանագրություններից

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը 2018-ի գարուն կմտնի առանց հայ-թուրքական արձանագրությունների։ Տարեվերջին դիրքորոշումը կրկնեց նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայկական կողմն իր քայլը հիմնավորեց նրանով, որ թուրքական կողմն առաջ է քաշել անհիմն նախապայմաններ, որոնք հակասում են արձանագրությունների տառին և ոգուն։

Հիշեցնենք, որ «Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման» ու «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները ստորագրվել էին 2009-ի հոկտեմբերին, Ցյուրիխում։ Փաստաթղթերը պետք է վավերացնեին երկու երկրների խորհրդարանները, ինչն այդպես էլ տեղի չունեցավ անցած տարիների ընթացքում։ Պատճառը Թուրքիայի նախապայմաններն էին։

Պետական պարտքը ծանրանում է

2017-ը կամփոփվի 6,245 մլրդ դոլար պետական պարտքով 2016-ի 5,942 մլրդ դոլարի դիմաց։ Պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 55,4 տոկոսը, ինչը կառավարության ներկայացուցիչները ընդունելի մակարդակ են համարում։

Ընթացիկ տարում, սակայն, «Պետական պարտքերի մասին» օրենքում փոփոխություն տեղի ունեցավ, որով բարձրացվեց պետպարտքի թույլատրելի շեմը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: