Հայերեն   English   Русский  

​Վերադարձ Հայաստան. 2017-ի ամենալուսավոր պատմությունները


  
դիտումներ: 10765

2017 թվականի ընթացքում ներկայացրել ենք հայրենադարձության շուրջ երկու տասնյակ պատմություն, որոնցից յուրաքանչյուրը կարևոր վկայություն է այն մասին, որ Հայաստանը, անկախ բոլոր դժվարություններից ու խնդիրներից, հայի համար ապրելու լավագույն վայրն է:

Շարքը սկսեցինք Գարո Սերպեկյանի պատմությամբ, որը Հայաստան է տեղափոխվել 2015 թ. Հորդանանից: Նա Ստեփանակերտում փոքրիկ բիզնես էր հիմնել և որոշել կյանքը կապել Հայաստանի ու Արցախի հետ: «Արցախն իմ սիրտը գողացավ մեկընդմիշտ»,- խոստովանում էր Գարոն։

Ծովակ Սողոմոնյանը սիրիահայ է: Անցնելով պատերազմի սարսափելի փորձությունների միջով և իր մաշկի վրա զգալով դրա դառը հետևանքները՝ 2014 թ. հուլիսին Ծովակը գալիս է Հայաստան, տեսնում Արարատը, Սևանը, Գառնին, վայելում խաղաղությունը, հաղթահարում հոգեկան լարվածությունը: Երբ 10 օր անց վերադառնում է Դամասկոս, զգում է, որ այլևս ոչ մի վայրկյան չի ուզում մնալ այնտեղ: Մեկ շաբաթ անց վերադառնում է Հայաստան ու որոշում մեկընդմիշտ մնալ: Ծովակը Երևանի ֆրանսիական համալսարանում շարունակում է կիսատ թողած ուսումը, զուգահեռ աշխատում «Վերադարձ Հայաստան» հիմնադրամում։ «Ես հայրենադարձ եմ: Այո, պատերազմն է եղել պատճառը, որ Հայաստան գամ, բայց եթե հիմա ինձ հարցնեն` Հայաստանից դուրս կգա՞ս, ես կասեմ` ո՛չ: Կգնամ դուրս միայն հայրենիքիս մի բան բերելու համար»,- ասում է Ծովակը։

Շանթ Քոչյանը նույնպես սիրիահայ է։ Հայաստան է եկել 2013 թ. այստեղից Գերմանիա տեղափոխվելու նպատակով։ Բայց մինչ փաստաթղթերը կկարգավորվեին, մտափոխվում է և որոշում մնալ Հայաստանում։ Այժմ Երևանում՝ Աբովյան 3 հասցեում, գործում են արդեն շատերի համար ժամանցի նախընտրելի վայրեր դարձած «Պապարացցի» ակումբն ու սրճարանը, որի հիմնադիրը Շանթն է:

Չիկագոյում ծնված ու մեծացած Ալեքս Վարդանը 2016 թ. նոյեմբերից ամերիկուհի կնոջ՝ Էմիլիի հետ Հայաստանում է: Չնայած լեզվական խոչընդոտներին՝ Ալեքսն ու կինն ամեն կերպ փորձում են մերվել հայկական միջավայրին։ Ալեքսը ջանասիրաբար հայերեն է սովորում, արդեն բավական լավ գիտի: Նա բանաստեղծ-թարգմանիչ է, Միացյալ Նահանգներում ավարտել է Վիսքոնսին-Մեդիսոն համալսարանը` ուսումնասիրելով աֆրիկյան լեզուներ ու գրականություն: Երիտասարդ զույգին Հայաստանում գրավում է հայկական խոհանոցը, բնական սնունդը, ինչի պակասն այնքան զգացել են ԱՄՆ-ում:

«Հայաստան տեղափոխվելը հերոսություն չէ, այլ պարտավորություն»,- ասում է 2015 թ. Միացյալ Նահանգներից հայրենադարձված Մհեր Ալմասյանը։ Իրանում ծնված, 11 տարեկանում ԱՄՆ տեղափոխված երիտասարդի մեջ Հայաստանի հանդեպ սերն ու պարտավորությունն այնքան զորեղ են, որ թվում է, թե երբեք Հայաստանից դուրս չի ապրել։ «Միակ տեղը, որ կարող ես մշակույթդ պահել և ինքդ էլ հայ մնալ, Հայաստանն է»,- համոզված է նա։

Մհեր Ալմասյանն այժմ աշխատում է խոշոր շինարարական կազմակերպությունում որպես ճարտարագետ: Նպատակներից մեկը Հայաստանում սեփական շինարարական ընկերություն հիմնելն է։

Քարոլին Բաղումյանընույնպես ծնվել է Իրանում, ապա փոքր հասակում տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 2003-ին Հայաստանում առաջին շրջագայությունը վարակիչ է: «Հայաստանի հիվանդությամբ վարակվեցինք»,-կատակում է Քարոլինը։ 2005-ից արդեն նրանք Հայաստանում են ապրում՝ հիմնելով էկոլոգիապես մաքուր հայկական մթերքի արտադրություն, որի արտադրանքն այսօր արդեն արտահանում են Ռուսաստան, Շվեյցարիա, շուտով՝ նաև ԱՄՆ։ Քարոլինն Արցախում անգամ բրինձ է աճեցնում և «Արտադրված է Արցախում» փաթեթավորմամբ վաճառում։ Միակ թերությունը Հայաստանում, ըստ նրա, վստահության պակասն է։ Քարոլինն իր գործունեությամբ ուզում է նաև այդ պակասը լրացնել։

2012-ի ամռանը Լիանան ու ամուսինը Սիրիայից Հայաստան էին եկել երկու շաբաթով։ Նրանք իրենց հետ անգամ շատ հագուստ չէին վերցրել՝ կարծելով, թե շուտով վերադառնալու են։ Երկշաբաթյա ուղևորությունը, սակայն, վերածվում է հայրենադարձության։ Ամեն ինչ թողնելով Հալեպում և կորցնելով տարիների ստեղծածը՝ նրանք որոշում են կյանքը զրոյից սկսել Հայաստանում։ Մարզիչ-կինեզիոլոգ Լիանան 15 տարվա երազանքը, որ չէր հասցրել իրականացնել Սիրիայի բարեկեցիկ կյանքի պայմաններում, կարողանում է կյանքի կոչել Հայաստանում: Նա հիմնում է FitnessMix- Jumping մարզասրահը։ «Մենք ոտքի ենք կանգնել միմիայն մեր աշխատասիրության շնորհիվ»,- ասում է Լիանան ու իրենց կյանքի օրինակը բերելով՝ հատկապես տեղացիներին հորդորում լինել ակտիվ, ձեռնարկող ու լավատես։

Շանթ Չաքմաքը ծնվել է Կանադայում։ Տորոնտոյի Յորքի համալսարանում քաղաքագիտություն սովորած երիտասարդը 2016 թ. «Դեպի Հայք» ծրագրով գալիս է Հայաստան, մի քանի ամիս աշխատում «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամում, որի նպատակն է Հայաստանի մարզերի զարգացումը։ Այդ ընթացքում նա հաճախ է լինում Հայաստանի հեռավոր գյուղերում, տեսնում ու զգում է հայաստանյան իրականությունը խորքից ու հասկանում է, որ իրենք Սփյուռքում կտրված են այդ իրականությունից: Կամավորական ծրագրի ավարտից հետո Շանթին առաջարկում են մնալ և աշխատել հիմնադրամում: Հայաստան վերադառնալու միտքն արդեն այդ ամիսների ընթացքում ամրացել էր, և աշխատանքի առաջարկը վերջնական որոշում կայացնելու առիթ է դառնում:

Հայաստանը տարեցտարի փոխվում է: Դուք միգուցե չեք նկատում, բայց երբ դրսից ես գալիս, չես կարող չնկատել»,- ասում է Դամասկոսում ծնված, 2013-ին Հայաստան տեղափոխված սիրիահայ Մարիանա Ճուլյանը:

Մարիանան աշխատում է «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամում, որը լուրջ աշխատանք է կատարում հայրենադարձության խթանման և հայրենադարձներին հայաստանյան միջավայրին ինտեգրելու գործում։ Այս կազմակերպությունում աշխատելը Մարիանայի համար կարևոր է նաև նրանով, որ կարող է սեփական փորձառությամբ օգնել նորեկներին: «Ամենակարևորն այն է, որ սփյուռքահայերն ավելի մոտիկից ճանաչեն Հայաստանը,- ասում է նա,- եթե պատրաստ գան, չեն հիասթափվի, կմնան»:

Երևան-Գառնի-Գեղարդ մայրուղու վրա գտնվող Գեղադիր գյուղում ամերիկահայ ամուսինները գտել են երջանկության իրենց բանաձևը: «Հայլանդզ» Էկո Վիլիջ Ռիզորթ․ հրաշալի մի վայր, որը հիմնել են ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված Արթուր և Քերոլայն Զաքարյանները: Ամուսինները 10 տարի առաջ, Միացյալ Նահանգներում թողնելով ակտիվ ու եռուն կյանքը, Հայաստանի այս գողտրիկ անկյունում ոչ միայն բիզնես են ծավալում, այլև ապրում են: «Եթե սրտանց ես գալիս Հայաստան, սխալ է ամեն բանից հիասթափվելը: Պետք է պարզապես ներողամիտ լինես, որից հետո ջանաս ուղղություն տալ, փոխել այն տեղերում, որտեղ դա հնարավոր է: 25 տարին մի երկրի համար շատ քիչ է, Հայաստանը դեռ մանուկ է, պետք է բոլորս օգնենք»,- ասում է Արթուր Զաքարյանը:

Նելլի Անդերսը (Կարապետյան) Միացյալ Նահանգներից Հայաստան է տեղափոխվել ամուսնու՝ ամերիկացի Բրենթ Անդերսի ու երկու երեխաների հետ: Նելլին ու ամուսինը Մանհեթենում մեծ առանձնատուն էին գնել՝ գեղեցիկ այգով, պտղատու ծառերով, երկուսն էլ լավ աշխատանք ունեին, բայց ինչ-որ բան պակասում էր լիարժեք երջանկության համար: Նելլին լավ գիտեր, թե ինչ է Հայաստանը։ Երևանում ծնված, ԱՄՆ ուսման մեկնած ու այնտեղ ամուսնացած աղջկա համար միակ վայրը, որտեղ հոգու խաղաղություն է զգում, Հայաստանն է։ Նա համոզում է նաև ամուսնուն, և 2017-ին նրանք տեղափոխվում են Հայաստան՝ վաճառելով անգամ Մանհեթենի տունը։ «Նրանք, ովքեր Հայաստանից դուրս չեն եկել, չեն պատկերացնում, թե դա ինչ է: Դա նշանակում է, որ քեզ արմատով քո հողից հանում են ու դնում լրիվ ուրիշ տեղ: Ու էնտեղ հողը ոտքիդ տակից փախչում է, որովհետև քոնը չի»,- ասում է Նելլին։

Ալինա Կոչերյանը ծնվել է 1988 թ. Մոնրեալում: Ալինան այս տարի առաջին անգամ 1-2 ամսով ոտք է դրել Հայաստան և որոշել է այստեղ մնալ: Մոնրեալի «Կոնկորդիա» համալսարանն ավարտած և Հոլիվուդի համար ֆիլմարտադրությամբ զբաղվող ընկերությունում աշխատած աղջկան չեն գրավել անգամ հոլիվուդյան հայտնի աստղերը։ «Հայաստանում կա մի բան, որ Կանադայում չկա: Այստեղ մարդիկ ավելի անկեղծ են, պարզ, առանց ձևականությունների: Ի վերջո, ես ուզում էի զգալ, թե ինչ է հայ լինելը»,- ասում է նա։ Ալինան այժմ աշխատում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Ադրինե Զենյանը Լիբանանից է: Այս տարվա օգոստոսին Ադրինեն եկել է Հայաստան՝ թողնելով լիբանանյան ակտիվ եռուզեռը, բարձր վարձատրվող աշխատանքը, ծնողներին, հարազատներին ու ընկերներին: «Ամեն մարդ ապշած էր, թե այս աղջիկն ինչ է անում, ուր է գնում,- հիմա արդեն ծիծաղելով հիշում է նա,- բայց ես վերջնական որոշում էի կայացրել»:

Հայաստանում կա մի բան, սակայն, որ նրան նյարդայնացնում է. հոռետեսությունը: «Օրինակ, երբ իմանում են, որ եկել ես Հայաստան և որոշել այստեղ մնալ, միանգամից ասում են՝ դո՞ւ ինչու ես եկել, ի՞նչ ունես անելու, մենք անելիք չունենք, ուզում ենք գնալ, փող չկա, աշխատանք չկա և այլն: Բայց մի օր այլևս չհամբերեցի և այդպես ասողին ասացի՝ դու պետք է ապրածդ երկրի արժեքն իմանաս»:

Հայկ Նազարյանը Հայաստան է վերադարձել Միացյալ Նահանգներից։ Ավարտելով Կալիֆոռնիայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ նա որոշում է իրեն նվեր մատուցել և առաջին անգամ գալիս է Հայաստան շրջագայելու: Վերադառնալով ԱՄՆ՝ նա վերջնական որոշում է կայացնում․ պետք է ապրի Հայաստանում։ 2017-ից Հայկն այստեղ է․ «Հայաստան տեղափոխվելն առայժմ իմ կյանքի լավագույն որոշումն է, միայն ափսոսում եմ, որ ավելի շուտ չեմ դիմել այդ քայլին։ Ամեն դեպքում ավելի լավ է ուշ, քան երբեք»,- ասում է Հայկը, որ արդեն կամավոր ծառայության է անցել Հայոց բանակում՝ ընտրելով սահմանամերձ Տավուշը։

«Վերջապես գտա իմ երկիրը, իմ տունը, իսկ առաջ ես չգիտեի՝ ինչ եմ, ով եմ…»: Սրանք Ջոնի Կոնդակջյանի խոսքերն են։ Ջոնին ծնվել է Սիրիայում, վաղ հասակում կորցնելով ծնողներին՝ տեղափոխվել է Լիբանան և մեծացել գիշերօթիկում, որից հետո՝ 17 տարեկանում, հայտնվել է Բեյրութի հայկական ծերանոցում, քանի որ այլ տեղ չուներ գնալու։ Ի վերջո, Ջոնին վերագտնում է իրեն հայրենիքում։ Ձեռք բերելով ՀՀ քաղաքացիություն՝ նա տեղափոխվում է Հայաստան ու որոշում նոր կյանք սկսել։ Ջոնի Կոնդակջյանը լուսանկարիչ է։ Նրա երազանքն է սեփական ֆոտո-վիդեո ստուդիան հիմնել Հայաստանում։

Հ.Գ.

2012 թվականից ի վեր անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ «Անկախը» հետևողականորեն ներկայացրել է վերադարձի հաջողված պատմություններ՝ փորձելով հակադրվել միգրացիայի թեմայով բացասական լուսաբանումներին (ինչը, ցավոք, գերակշռող է), և Հայաստանում բարեկեցիկ, հաջողակ ու երջանիկ կյանքի իրական փաստերի միջոցով ստեղծել դրական միջավայր:

«Անկախի» լրագրող Անի Գասպարյանը միգրացիային նվիրված «Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի հայրենադարձության թեմայով հոդվածաշարի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: