Հայերեն   English   Русский  

​Առողջությունը թանկ է, հողը՝ առավել


Նրանք առողջության գնով պահել են առավել թանկը


  
դիտումներ: 3279

Տարվա ընթացքում անդրադարձել ենք մի թեմայի, որն ամենացավալիներից է մեզանում. զինվորական հաշմանդամների խնդիրները:

Առողջ ու կենսուրախ տղաներ՝ կյանքի ամենածաղկուն շրջանում, որոնք ծառայության ընթացքում կորցրել են առողջությունը: Նրանց շնորհիվ մեր սահմաններն անառիկ են, թշնամին՝ զգոն, մենք պաշտպանված: Մեր կյանքը շարունակում է բնականոն հունով, նրանցը՝ շեղված:

Այդ տղաները պետք է լինեն ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուրիս ամենօրյա հոգածության ներքո: Նրանք մեր իրական հերոսներն են, որոնց պետք է աջակցել, մեծարել, թև ու թիկունք կանգնել, ինչպես իրենք, իրենց թիկունքը հակառակորդի թիրախ դարձնելով, պաշտպանեցին մեր հողը:

Առաջինն անդրադարձել ենք զինվորական հաշմանդամ Ալբերտ Դալլաքյանին: Նրա պատմությունն ուրիշ է: Ալբերտն առաջին կարգի հաշմանդամ է դարձել ոչ թե հակառակորդի ձեռքով, այլ իր ծառայակից ընկերոջ:

Albert Dallaqyan-ի լուսանկարը:Ալբերտ Դալլաքյանն ինքնակամ ծառայության էր եկել Ռուսաստանից: Ռոստովի պետական համալսարանի գերազանց ուսանողը, որ մեծ հեռանկարներ ուներ, կիսատ է թողնում կրթությունը, գալիս Հայաստան, որպեսզի ծառայի, հետո վերադառնա և շարունակի ուսումը: Ցավոք, նրա ծրագրերը գլխիվայր փոխվում են: Ապրիլյան քառօրյա պատերազմից ողջ և առողջ դուրս գալով՝ Ալբերտը մոտ 3 ամիս անց գլխուղեղի հրազենային ծանր վնասվածք է ստանում դասակի հրամանատարի՝ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Ալբերտի կյանքը հազիվ են փրկում: Երեք ծանր վիրահատություն, չորրորդն էլ դեռ առջևում է: Ալբերտը մինչ օրս վերականգնողական բուժում է ստանում «Աջակցություն վիրավոր զինվորներին» հիմնադրամի միջոցներով գործող վերականգնողական կենտրոնում:

Ճիշտ է՝ շնորհիվ վերականգնողական բուժման դրական տեղաշարժ կա, բայց նրան դեռ երկարատև բուժում է սպասում: Չորրորդ վիրահատությունը պետք է կատարվի Եվրոպայում, քանի որ Հայաստանում նման վիրահատություն կատարելը ռիսկային է: Այդ նպատակով հաշվեհամար է բացվել, և Ալբերտի մայրը հույս ունի, որ հնարավորինս շուտ կկարողանան գումար հավաքել և Ալբերտին ուղարկել Եվրոպա, քանի որ նրա համար ամեն մի րոպեն որոշիչ է:

Չնայած այս ամենին՝ Ալբերտը հեռակա կարգով ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: Դժվարությամբ, բայց փորձում է սովորել, քննություններ հանձնել: Դա նրա համար նոր կյանք վերադառնալու կարևոր հնարավորություն է: Ոգևորված է, և ինչպես վերականգնողական կենտրոնի լոգոպեդ Անի Մանուկյանն է ասում, վերջապես ճնշման ապարատը մի կողմ է դրել և հաղթահարել է դեպրեսիան:

Արմեն Մուրադյան/ Armen Muradyan-ի լուսանկարը:Ավետիս Զարգարյանն ապրիլյան պատերազմի մասնակիցներից է: Վիրավորվել է Թալիշում և մահամերձ տեղափոխվել Երևան: Չորս վիրահատության է ենթարկվել. ողնաշար, ծնոտ, թև: Ողնաշարի վնասվածքի պատճառով այժմ չի կարողանում քայլել, անվասայլակին է, բայց շարունակում է վերականգնողական բուժում ստանալ այն նույն վերականգնողական կենտրոնում, ինչ Ալբերտը:

Ավետիսի դեպքից հետո ծնողները թողել են Ռուսաստանում աշխատանքն ու վերադարձել Հայաստան: Գիշեր-ցերեկ նրա կողքին են, կարելի է ասել՝ գրեթե երկու տարի հիվանդանոցում են ապրում: Սոցիալական խնդիրներն անսպառ են, բայց ամենակարևորը բնակարանի հարցն է, որը լուծվելու դեպքում ընտանիքի հոգսը զգալիորեն կթեթևանա (գոնե բնակարանի վարձ չեն վճարի):

Պետությունը նրանց 2 միլիոն 800 հազար դրամ է առաջարկել, հրաժարվել են, քանի որ այդ գումարով չէին կարող բնակարան ձեռք բերել: Հիմա սպասում են, հույս ունեն՝ հարցը կլուծվի: Ինչ վերաբերում է Ավետիսի առողջական խնդիրներին, ապա նրա հետ աշխատող բժիշկները վկայում են, որ դրական տեղաշարժ կա: Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, որ Ավետը քայլի: Բայց այդ արդյունքին հասնելու համար երկար տարիների վերականգնողական բուժում է անհրաժեշտ:

Թաթուլ Հարությունյան

Թաթուլ Հարությունյանը Դիլիջանի Հաղարծին գյուղից է: 2016 թ. զորակոչվել է բանակ և ծառայության անցել Արցախի Մատաղիս գյուղում: Ծառայության 9-րդ ամսում հակառակորդի դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորվել է. գնդակը ճակատի աջ հատվածից մտել էր, ձախից դուրս եկել՝ վնասելով գլուխը: Ծանր վիրահատությունից հետո Թաթուլը հետվիրահատական բուժումը շարունակում է վերականգնողական կենտրոնում: Այս պահին նա հարազատ գյուղում է՝ Հաղարծինում, բայց տոներից հետո վերադառնալու է, որ բուժումը շարունակի: Նրան գլխի ևս մեկ վիրահատություն է սպասում, այս անգամ՝ պլաստիկ: Բժիշկներն ասում են՝ վիճակի մեջ դրական փոփոխություն կա:

Թաթուլի ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է, անգամ տուն չունեն, ապրում են Ռուսաստանում գտնվող հորեղբոր տանը: Առաջին կարգի զինհաշմանդամին բնակարանով ապահովելու դիմումն ընթացքի մեջ է, սպասում են պատասխանի:

Դանիել Դավթյանն ապրիլյան քառօրյայի միջով անցած զինվորներից է: «Շիլկա» զենիթային ինքնագնաց համալիրի մեխանիկ-վարորդը ծանր վիրավորվել է, երբ հակառակորդը զինտեխնիկան շարքից հանելու նպատակով կիրառել է «Սպայկ» հրթիռ: Դանիելին բազմաբեկորային ծանր վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Վիրահատություններից հետո Դանիելը կորցրել էր շարժողունակությունը, անվասայլակին էր, բայց ամիսների ընթացքում կարողացել է ոտքի կանգնել, սկզբում՝ ձեռնափայտով, հիմա արդեն՝ առանց օգնության: Ճիշտ է՝ ձախ ոտքն ու ձեռքը դեռ խնդիրներ ունեն, բայց Դանիելը վստահ է, որ ժամանակի ընթացքում դա էլ կհաղթահարի:

Դանիելը Երևանից է, ընտանիքում 3 եղբայր են: Նրանց համար բնակարանի ձեռքբերումը օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Հերթագրված է բնակարան ստանալու համար, բայց դեռ պատասխան չկա: Պատերազմից հետո Դանիելն այլևս ապագայի ծրագրեր չի կազմում ու երազանքներ չի պահում, որպեսզի չկատարվելու դեպքում հիասթափություն չապրի: Սպասում է՝ լիարժեք ապաքինվի, որից հետո, կարծում է, ամեն ինչ իր բնական հունով կընթանա:

Ռոլանդ Սահակյանը նույնպես ապրիլյան քառօրյայի հերոսներից է, որ հասցրել է դեմ առ դեմ կռվել հակառակորդի հետ: Վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշում:

Ռոլանդի վնասվածքներն այնքան շատ են, որ դժվար է թվարկել: Նա 12 վիրահատության է ենթարկվել, 3 անգամ միայն աջ թոքն են վիրահատել: Ողնաշարի վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել: Վիրահատություններից հետո վերականգնողական բուժում է ստանում «Աջակցություն վիրավոր զինվորներին» հիմնադրամի միջոցներով գործող վերականգնողական կենտրոնում և միայն օրերս է վերադարձել հայրենի գյուղ՝ Այգեշատ: Հույս ունի, որ վերականգնողական բուժումը կշարունակի Գերմանիայում և կկարողանա քայլել: Նրա ընտանիքն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:

Հայկ Թորոսյանն ընդամենը 80 օրվա զինծառայող էր, երբ սկսվում է ապրիլյան պատերազմը: Նա անգամ դիրքեր չէր բարձրացել, չգիտեր, թե դա ինչ բան է: Ապրիլի 2-ի առավոտյան նրան տանում են դիրքեր, որտեղ էլ ժամեր անց գլխի ծանր վիրավորում է ստանում: Վիրահատությունից 2 ամիս անց բարեբախտաբար կարողանում է քայլել: Ճիշտ է՝ ոչ լիարժեք (ձախ ոտքն ու ձախ ձեռքը դեռ վերականգնման կարիք ունեն), բայց նա հավատում է, որ մի օր լիարժեք կապաքինվի։

Հաղթահարելով ծանր փորձությունները՝ Հայկը վիրավորվելուց 5 ամիս անց ընդունվել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ: Այժմ 2-րդ կուրսի ուսանող է, սովորում է հեռակա, քանի որ վերականգնողական ստացիոնար բուժումը թույլ չի տալիս ամեն օր դասերի հաճախել: Հայկն ապագա սոցիալական աշխատող է: Հասկանալով, սիրելով ու պատերազմի փորձության միջով անցնելուց հետո է ընտրել մասնագիտությունը:

Այս տղաներին միավորում է ոչ միայն առողջական խնդիրը, այլև «Աջակցություն վիրավոր զինվորներին» հիմնադրամի միջոցներով գործող վերականգնողական կենտրոնը, որը նրանց համար ասես հարազատ տուն է դարձել: Երեք տարի առաջ ստեղծված կենտրոնը չափազանց կարևոր է զինվորների վերականգնողական բուժման համար, քանի որ նախկինում բազմաթիվ զինվորներ ծանր վիրահատություններից հետո վերականգնողական բուժում չստանալու հետևանքով հավերժ կորցրել են շարժողունակության հույսը:

Այժմ Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի 3-րդ հարկում ակտիվ շինարարական աշխատանքներ են: Կառուցվում է վերականողական կենտրոնի նոր տարածքը, որը կլինի անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած և մեր զինվորների սխրանքին արժանի բուժհաստատություն: Սա մեր երկրի համար կարևորագույն ձեռքբերում է, քանի որ այս կենտրոնի գոյությունը ոչ միայն առողջապահական, այլև բարոյահոգեբանական անհրաժեշտություն է տասնամյակներ ի վեր:

Առողջություն մեր զինվորներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: