Հայերեն   English   Русский  

​Իրադարձություններ, որոնք ցնցեցին աշխարհը. 2017-ը՝ լուրերում


  
դիտումներ: 5292

2017 թվականն իրադարձություններով հարուստ տարի էր Երկրագնդի համար։ «Անկախն» առանձնացրել է նրանք, որոնք մեծ ազդեցություն են ունեցել միջազգային մակարդակում։

Դոնալդ Թրամփի երդմնակալությունը

Տարին սկսվեց ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի երդմնակալությամբ ։ Իր ելույթում Թրամփը խոստացավ ԱՄՆ-ն կրկին դարձնել «հզոր, ապահով և հպարտ»։ Թե անցնող տարվա ընթացքում որքանով է դա Թրամփին հաջողվել, հարցական է։ Սակայն փաստ է, որ ԱՄՆ նախագահի հակասական որոշումների պակաս չի եղել՝ սկսած մի շարք երկրների քաղաքացիներին ԱՄՆ մուտքի վիզայից զրկելուց, գրին քարտի վիճակախաղի չեղարկման գործընթացի մեկնարկից մինչև մեծահարուստների հարկային բեռը թեթևացնող հարկային օրենսգրքի ընդունումը և Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը։

Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաք

Թրամփ-Երուսաղեմ

Այս որոշումը թերևս Թրամփի կայացրած որոշումներից ամենասկանդալայինն է, որը նաև հանգեցրել է իրավիճակի ապակայունացման Մերձավոր Արևելքում, իսկ որոշման դեմ բողոքի ցույցերում էլ հարյուրավոր մարդիկ են տուժել։

Թրամփի այս քայլը դատապարտել են շատ երկրներ և միջազգային կառույցներ, այդ թվում և ԱՄՆ-ի գործընկերներն ու Միավորված ազգերի կազմակերպությունը:

Հրթիռների փորձարկումները Հյուսիսային Կորեայում

Տարվա ընթացքում հեռակա և քաղաքավարության նորմերից դուրս բանավեճ ծավալվեց Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի միջև։ Հյուսիսային Կորեան այս տարի հատկապես բալիստիկ հրթիռների եռանդուն փորձարկումներ է իրականացրել, ինչն անհանգստություն է առաջացրել թե՛ հարևան երկրներում, թե՛ ԱՄՆ-ում։ Եվ Թրամփը հայտարարեց. «Եթե ԱՄՆ-ն ստիպված լինի պաշտպանել իրեն կամ իր դաշնակիցներին, մենք այլ ելք չենք ունենա, քան Հյուսիսային Կորեան ամբողջությամբ վերացնելը։ Մարդ-հրթիռը իր և իր ռեժիմի համար կործանարար առաքելություն է նախաձեռնել»։

Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր հերթին հայտարարեց. «Ոչ ադեկվատ Թրամփը, որ սպառնում է բոլոր ազգերին և ստիպում, որ աշխարհը խելագարվի, անխոս պետք է լիներ խուլիգան և օրինախախտ, ոչ թե քաղաքական գործիչ։ Քանի որ նա հրաժարվել է խաղաղությունից և վիրավորել մեր հանրապետությունը, ինչը հենց պատերազմի հայտարարություն է, մենք ստիպված ենք համապատասխան և խիստ դաժան քայլեր ձեռնարկել»։

Նախագահները միմյանց նաև «մեծ շնիկ» և «վախեցած շուն» են կոչել։

Հաշվի առնելով երկու առաջնորդների անկանխատեսելի վարքը՝ շատերը սպասում էին ու այժմ էլ չեն բացառում հնարավոր պատերազմը։ Նշենք, որ երկու երկրներն էլ միջուկային զենք ունեն։

Ցտեսություն, Եվրոպական միություն

brexit

Այս տարին բրիտանացիների համար նշանավորվեց ԵՄ-ն լքելու գործընթացի մեկնարկով։ «Սա պատմական պահ է, որից հետադարձ այլևս չկա։ Բրիտանիան լքում է Եվրամիությունը»,- հայտարարեց Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը։

Նախատեսվում է, որ ԵՄ-ն լքելու գործընթացը կավարտվի 2019-ի մարտի 29-ին։

Անկախության հանրաքվեների շքերթը

2017-ին մի պահ թվաց, թե քրդերն ուր որ է կիրագործեն իրենց վաղեմի երազանքը և անկախ պետություն կունենան։ Իրաքում տեղի ունեցած անկախության հանրաքվեում քվեարկողների մեծամասնությունը կողմ արտահայտվեց անկախությանը։ Սակայն Իրաքի կենտրոնական իշխանությունների կիրառած պատժամիջոցները, ինչպես նաև կայծակնային արագությամբ իրականացված ռազմական գործողության հետևանքով նավթի պաշարներով հարուստ Քիրքուկ նահանգը վերահսկողության տակ վերցնելը վերջ տվեցին քրդերի անկախ պետություն ունենալու իղձերին։ Իրաքյան Քրդստանի անկախացման փորձը ձախողվեց, և քրդական իշխանությունները ստիպված զիջումների գնացին։

Մի փոքր այլ ընթացք ունեցավ անկախության հանրաքվեն Կատալոնիայում։ Այստեղ էլ քվեարկողների մեծամասնությունը կողմ արտահայտվեց անկախությանը։ Կատալոնիայի խորհրդարանն ընդունեց անկախության հռչակագիր, սակայն անկախության հռչակումը առժամանակ հետաձգեց։

Կատալոնիա

Իսպանիայի կենտրոնական իշխանությունները, որ տարաբնույթ բռնություններով փորձում էին ձախողել հանրաքվեն, չընդունեցին դրա արդյունքները։ Ավելին, անկախացման գործընթացի հիմքում կանգնած պաշտոնյաները ձերբակալվեցին պետական դավաճանության մեղադրանքով, իսկ Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնը ստիպված եղավ Բելգիա փախչել։

Դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, սակայն, կրկին հաղթանակ տարան անկախության կողմնակից քաղաքական ուժերը։ Իսպանիայի կենտրոնական իշխանություններն ընդունել են անկախականների հաղթանակը։ Սա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ նրանք շարունակելու են հանրաքվեի արդյունքները կյանքի կոչելու գործընթացը։ Իսկ Պուչդեմոնը հայտարարել է, որ այսպիսով կատալոնացի ժողովուրդը հաղթանակ է տարել Իսպանիայի միապետության նկատմամբ։

Մուգաբեի իշխանության վերջը

Անկախության հռչակումից ի վեր Զիմբաբվեի անփոփոխ նախագահն այս տարի իշխանազրկվեց։ 37 տարվա դիկտատուրայից հետո երկրում ներքին հեղաշրջում տեղի ունեցավ, 93-ամյա առաջնորդին հեռացրին իշխանությունից։ Պատճառը Մուգաբեի կնոջ՝ իր ամուսնու իրավահաջորդը դառնալու և երկրի իշխանությունը ստանձնելու ձգտումներն էին։ Մուգաբեի օրոք գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության շնորհիվ տնտեսական մեծ պոտենցիալ ունեցող Զիմբաբվեն դարձել է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Շարունակական ինֆլյացիայի պատճառով այստեղ ամեն բնակիչ միլիոնատեր էր, սակայն այդ միլիոնններով անգամ օրվա ապրուստ վաստակել չէր կարողանում։ Փաստորեն, երկիրը ստիպված եղավ հրաժարվել ազգային արժույթից։

Մուգաբեի հեռանալով դժվար թե շատ բան փոխվի Զիմբաբվեի քաղաքացիների կյանքում, քանի որ իշխանության համար պայքարում են տարիներ շարունակ Մուգաբեի թիմում եղած մարդիկ։ Սակայն սա դաս էր դիկտատորներին, որ իրենց իշխանությունը հավերժ չէ։

Եվրոպական ընտրությունները

Ֆրանսիայում նախագահական ընտրություններն այս անգամ արտառոց էին արդյունքներով։ Նախագահ ընտրվեց ոչ թե դասական կուսակցություններից մեկի թեկնածուն, այլ 40-ամյա Էմանուել Մակրոնը, որը կուսակցություն էր ստեղծել ընտրություններից ոչ շատ առաջ։ Ընտրությունների երկրորդ փուլում ֆրանսիացիներն ընտրում էին Մակրոնի և ազգայնական քաղաքական գործիչ Մարին Լը Պենի միջև։ Առաջին անգամ էր, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ներկայացված չէին թե՛ ձախակողմյան, թե՛ աջակողմյան կուսակցությունների ներկայացուցիչները։

Ի տարբերություն Ֆրանսիայի՝ Գերմանիայում ընտրություններն անցան առանց անակնկալների։ Մերկելի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթանակ տարավ։ 12 տարի անընդմեջ Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնող Մերկելին, սակայն, չհաջողվեց կոալիցիա կազմել։ Նախկին գործընկերները հրաժարվեցին կոալիցիայից, քանի որ կոալիցիոն կառավարության մաս լինելու պատճառով իրենց վարկանիշը տուժել էր, ինչը դրսևորվեց նաև ընտրությունների արդյունքներում։ Ի վերջո, Մերկելը հայտարարեց, որ նախընտրում է նոր ընտրություններ անցկացնել, քան փոքրամասնության կառավարությունը ղեկավարել։ Նոր ընտրություններ, սակայն, Մերկելը դեռ չի հայտարարել։ Կրկին փորձում են կոալիցիոն կառավարություն կազմելու հույսով բանակցել խորհրդարան անցած կուսակցությունների հետ։

Տարին լի էր տհաճ անակնկալներով Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության համար։ Խորհրդարանական ընտրություններում նրանք կորցրին մեծամասնությունը, և իշխանությունը պահելու համար Թերեզա Մեյը ստիպված եղավ կոալիցիոն կառավարություն կազմել։

2017-ը՝ հարուստ ահաբեկչություններով

Անցնող տարին աչքի ընկավ նաև ահաբեկչություններով։

Լաս Վեգաս-հրաձգություն

Ահաբեկիչների նախընտրած զենքը ներկայում դարձել են բեռնատար ավտոմոբիլները։ Իսկ նման ահաբեկչության դեմ պայքարը բավականին դժվար է։

Ահաբեկիչների թվում եղել են նաև «Իսլամական պետության» համակիրներ, որոնք համացանցով հետևել են նրանց քարոզչական նյութերին ու դրանցով ոգևորված ահաբեկչություն իրականացրել։

Ահաբեկչությունների շարանը սկսվեց Ստամբուլից, որտեղ հունվարի 1-ին զինված հարձակում տեղի ունեցավ գիշերային ակումբի վրա։ Զոհվեց 39, վիրավորվեց 80 մարդ։

Պայթյուններ տեղի ունեցան նաև Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում։ Ահաբեկչության հետևանքով զոհվեց 15 և վիրավորվեց 51 մարդ։

Աննախադեպ էր նաև Լաս Վեգասի ահաբեկչությունը, երբ 64-ամյա ամերիկացին հյուրանոցի պատուհանից արձակած կրակահերթով սպանեց երաժշտական փառատոնի 50 մասնակցի, 406 մարդ վիրավորվեց։ Ահաբեկիչը մինչ ոստիկանների ժամանելն ինքնասպան եղավ։

Մահապարտ ահաբեկիչը պայթյուն իրականացրեց նաև Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքի Մանչեսթր արենայի մոտ երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո։ Պայթյունի հետևանքով զոհվեց 22 և վիրավորվեց 59 մարդ։

Տարվա ընթացքում բեռնատարով ահաբեկչություն տեղի ունեցավ զբոսաշրջային քաղաք Բարսելոնայում, որտեղ շուրջ 100 մարդ վիրավորվեց, մեկ տասնյակից ավելին էլ զոհվեցին։

Միաժամանակյա ահաբեկչություններ տեղի ունեցան Լոնդոնում. քաղաքի կամրջի վրա բեռնատարը մխրճվեց հետիոտնի ամբոխի մեջ, իսկ մեկ այլ թաղամասում դանակներով զինված անձինք հարձակվեցին անցորդների վրա։ Եղան և՛ զոհեր, և՛ վիրավորներ։

Բեռնատարով ահաբեկչություն տեղի ունեցավ նաև Նյու Յորքում, որտեղ մեքենան հեծանվորդների համար նախատեսված ճանապարհով մի քանի թաղամաս սլանալուց հետո կանգ էր առել՝ բախվելով դպրոցական ավտոբուսին։ Ահաբեկչության հետևանքով զոհվեց 8, վիրավորվեց 12 մարդ։

Բեռնատարով հետիոտնին վրաերթի ենթարկելու սցենարով ահաբեկչություն այս տարի տեղի ունեցավ նաև Ստոկհոլմում։

Ահաբեկչությունից զերծ չմնաց նաև Իրանը. այստեղ զինված հարձակում տեղի ունեցավ խորհրդարանի և կրոնական առաջնորդ Այաթոլա Խոմեյնիի դամբարանի վրա։

Թվարկված և տարվա ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ այլ ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։

Կատարյան ճգնաժամը

2017-ը դիվանագիտական ճգնաժամերի տարի էր։ Եվ բացառություն չէր նաև արաբական աշխարհը։ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը, Եմենը, Մալդիվյան Հանրապետությունը, Մավրիտանիան, Մավրիկիան և Լիբիայի արևելյան կառավարությունը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ։ Պատճառը Կատարին ուղղված մեղադրանքներն էին ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու մեջ։ Սակայն մասնագետների կարծիքով նման քայլի հիմնական պատճառներից մեկն այդ երկրի՝ Իրանի հետ հարաբերությունների սերտացման ցանկությունն էր։

Ռուսաստանի օլիմպիական հավաքականի որակազրկումը

2017-ը որպես բացառիկ տարի կհիշվի նաև սպորտի ոլորտում։ Առաջին անգամ օլիմպիական խաղերի պատմության մեջ որակազրկվեց մի ողջ երկրի հավաքական։ Դոպինգային սկանդալից և դրա շուրջ երկու տարի շարունակվող հետաքննություններից հետո որակազրկվել է Ռուսաստանի ձմեռային խաղերի օլիմպիական հավաքականը։ Դոպինգ օգտագործելու մեջ չմեղադրվող մարզիկները կարող են մասնակցել 2018-ին Հարավային Կորեայում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերին, սակայն ոչ թե Ռուսաստանի, այլ օլիմպիական դրոշի ներքո։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: