Հայերեն   English   Русский  

​Սննդաբանների խորհուրդները


  
դիտումներ: 3817

Ամանորը մեզանում անկանոն ուտելու հետ է նույնանում, ցավոք, չենք կարողանում ժամանակին կանգ առնել կամ մի համեղ պատառ ուտելու առաջարկից հրաժարվել: Մտածում ենք՝ տոները կանցնեն ու օրգանիզմը կարգի կբերենք, ինչը շատ հաճախ չի հաջողվում, քանի որ ավելորդ կիլոգրամները որքան արագ են կուտակվում, այնքան «դժկամությամբ» են հեռանում մեզանից:

Սննդաբանները խորհուրդներ ունեն, որոնք կօգնեն այդ դժվար կացությունից դուրս գալու և հետտոնական շրջանն առողջական մտահոգություններով չմթագնելու համար:

Սննդաբաններն ասում են

1. Տոնը՝ տոն, բայց չարժե դրա շուրջ ավելորդ իրարանցում ստեղծել: Չարժե ամբողջ օրը քաղցած մնալ՝ ամանորյա սեղանի շուրջն ավելի շատ համեղ բաներ ուտելու ակնկալիքով: Դա իսկապես լավ գաղափար չէ: Հիշեք, դեկտեմբերի 31-ին որքան էլ զբաղված լինեք, մի մոռացեք նախաճաշելու և ճաշելու մասին, դա հնարավորություն կտա տոնական սեղանին մոտենալ թեթևակի քաղցած և չուտել ավելի, քան թույլ է տալիս օրգանիզմն ու առողջությունը:

2. Ձեռքերն այնպես միացրեք իրար, ասես բաժակ եք բռնել. այդ երևակայական բաժակի ծավալը ճիշտ այն չափն է, որքան պետք է օրգանիզմին մեկ նիստով սնունդ ընդունելու համար, ներառյալ՝ առաջին ճաշատեսակը, երկրորդն ու երրորդը:

3. Ափսեի մեջ միանգամից դրեք այն ամենը, ինչ ցանկանում եք ուտել. այդպես կտեսնեք ուտելիքը հանրագումարային տեսքով:

4. Լինում են դեպքեր կամ պահեր, երբ ամենախստապահանջ բժիշկներն անգամ թույլ են տալիս աչք փակել նշանակումների վրա: Եթե տոներին շատ եք ցանկանում համտեսել մի բան, որն ակնհայտ վնասակար է, ուրեմն բավարարեք ձեր ցանկությունը, սակայն կերեք չափավոր քանակությամբ:

5. Մի պատրաստեք ավելի, քան կարող եք ուտել տոնական սեղանի շուրջը: Մեծ քանակությամբ թարմ ու լավ սնունդը լրիվ անհնար է մեկ նիստի ընթացքում սպառել, դա մնում է կիսատ, իսկ դրանց մեջ, բնականաբար, նաև շուտ փչացող մթերքներ են լինում, որոնք հետո արդեն միայն վնաս կհասցնեն օրգանիզմին:

6. Տոնական սեղանի զարդերից մեկն էլ ալկոհոլն է: Չափավորենք օգտագործվող ալկոհոլի քանակը, չէ՞ որ տոնը ստացված է համարվում, երբ հետո ուրախությամբ ու հաճույքով ես վերհիշում այն ու դիտում ամանորյա տեսագրությունը, ոչ թե վատ հուշերով ու ամոթի զգացմամբ:

7. Չպետք է ամանորի ամբողջ գիշերը սեղանի շուրջն ացկացնել, փորձեք շատ շարժվել, պարել, զբոսանքի դուրս գալ: Հավատացեք, այդպես այն շատ ավելի հիշվող կլինի, քան կերած ուտեստների համը, իսկ զբոսանքի ժամանակ կերածն էլ ավելի լավ կմարսվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: