Հայերեն   English   Русский  

​Արժե՞, արդյոք, Ամանորը վարկով նշել


  
դիտումներ: 28427

Մոտենում է Հայաստանում ամենասիրված տոներից Ամանորը, դրա հետ մոտենում է նաև քաղաքացիների քսակները լայն բացելու շրջանը:

Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ գալիք Ամանորն ապրանքների ու ծառայությունների «հինգաստղանի» գներով ավելի նշանավոր է լինելու: Ու արդեն քանիերորդ տարին նորից մի հարց է ցցվում. ինչպե՞ս արժե նշել Ամանորը, ճոխ ու շռա՞յլ, զուսպ ու համե՞ստ, թե՞ ընդհանրապես չնշել ու ազատվել նախատոնական ու հետտոնական դեպրեսիաներից:

Որքան էլ խոսենք ամանորյա ծախսերի, ապրանքների ու ծառայությունների թանկության ու նման սոցիալ-տնտեսական խնդիրներից, միևնույն է, յուրաքանչյուր ոք ուզում է հնարավորինս լավ նշել Ամանորը: Որովհետև, մեր ընկալման համաձայն, ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կշարունակվի ամբողջ տարին:

Իսկ դրա համար անհրաժեշտ է կլորիկ գումար: Այս տարի հատկապես գումարի կարիքը խիստ կզգացվի, քանի որ Հայաստանում արդեն քանիերորդ տարին ամեն երրորդ քաղաքացին պաշտոնապես համարվում է աղքատ, դրան գումարվել է նաև տարեվերջյան գնաճը, նաև այն, որ մարդկանց եկամուտները, գոնե նվազագույն աշխատավարձն ու թոշակը, չեն փոփոխվելու: Ու ամենևին պատահական չէ, որ ավելի ու ավելի հաճախակի ենք հանդիպում տարբեր բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող «գրավիչ ու աննախադեպ» ամանորյա առաջարկների:

Այս կապակցությամբ «Անկախը» մի փոքրիկ ուսումնասիրություն կատարեց՝ հասկանալու համար, թե մարդկանց գումարի կարիք ունենալու հանգամանքն ինչպես է դրսևորվել բանկերի ու վարկային կազմակերպությունների առաջարկներում: Սկսեցինք որպես պոտենցիալ հաճախորդ զանգահարել ՀՀ բանկեր և վարկային կազմակերպություններ ու հետաքրքրվել, թե հատուկ ամանորյա գնումների համար ինչ պրոդուկտներ ունեն:

Ուսումնասիրեցինք Հայաստանի 17 բանկերի առաջարկները: «Յունիբանկը», օրինակ, Ամանորին ընդառաջ առաջարկում է հատուկ գնումների համար նախատեսված «U-Shopping card» վարկը: Մինչև 300 000 ՀՀ դրամանոց այդ վարկերը բանկն առաջարկում է տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով՝ առանց քարտի տարեկան սպասարկման վճարի: Վարկը ձևակերպելու և քարտը տրամադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոցիալական քարտ: Ի դեպ, տարեկան 11 տոկոս անվանական տոկոսադրույքն այն ամբողջ գումարը չէ, որը հաճախորդը պետք է ավելի վճարի բանկին: Տարեկան փաստացի տոկոսադրույքը, որի մեջ հաշվարկվում են նաև բոլոր միջնորդավճարները, սպասարկման և այլ ծախսերը, կազմում է ոչ թե 11, այլ 25.58-ից մինչև 35.82 տոկոս՝ կախված ժամկետից, գումարի չափից և այլն:

«Ինեկոբանկից» մեզ հաղորդեցին, որ հատուկ ամանորյա պրոդուկտ չունեն, բայց փոխարենը կարող են առաջարկել արագ՝ օնլայն կամ 1click անունով վարկեր: Դա 100 հազարից մինչև 1,5 միլիոն դրամ գումարով, 36 ամիս մարման ժամկետով և 16-20 տոկոս (կախված հաճախորդի վարկային ռիսկի գնահատականից) տարեկան տոկոսադրույքով արագ վարկ է, որը ստանալիս, սակայն, հաճախորդից կգանձվի նաև միանվագ վարկի սկզբնական գումարի 2 տոկոսը, բայց նվազագույնը 10 հազար դրամ, ինչպես նաև վարկի սկզբնական գումարի 0.4 տոկոսի չափով ամսական սպասարկման գումար:

«Էվոկա բանկը» հիմա ունի «Օնլայն սպառողական» վարկատեսակ, որի համար անհրաժեշտ է ներբեռնել հեռախոսի մեջ բանկի բջջային Evocatouch հավելվածը և հավելվածի առաջին իսկ էջում տեղակայված «Ստանալ վարկ» առցանց կոճակի միջոցով ներկայացնել առցանց հայտ: Անհրաժեշտ պայմաններից է 6 ամիս և ավելի լինել գրանցված աշխատող, իսկ եթե գրանցված աշխատող չեք, վերջին 2 տարում ունենալ լավ վարկային պատմություն: Նաև պարտադիր է, որ վարկառուն լինի 21-60 տարեկան և գործող այլ սպառողական առանց գրավի վարկերի գումարը չգերազանցի 2 մլն դրամը: Օնլայն սպառողական վարկը տրամադրվում է 100 հազարից 500 հազար դրամի չափով, մինչև 1 տարի մարման ժամկետով, տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, միանվագ 20.000 դրամի չափով տրամադրման միջնորդավճարով (անկախ վարկի գումարի չափից):

«Արցախբանկն» էլ ունի վարկային գիծ ոչ միայն Ամանորին, այլև մյուս տոն օրերին գնումների համար: Այդ նպատակով բանկը և՛ հավատարիմ հաճախորդներին, և՛ կայուն եկամտի աղբյուր (աշխատավարձ, զինվորական կենսաթոշակ) ունեցող ՀՀ/ԱՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրամադրում է «ArCa տոնական» քարտ և վարկային գիծ՝ 24 ամիս ժամկետով, մինչև 400 հազար դրամ գումարի չափով և 18 տոկոս իր հաճախորդների և 19 տոկոս նոր հաճախորդների համար տարեկան տոկոսադրույքով: Բայց ուշագրավ է, թե ինչ այլ վճարներ ու գումարներ է ենթադրում այս վարկային գիծը: Եթե որևէ մեկը, այնուամենայնիվ, որոշում է ձեռք բերել այս քարտերից և օգտվել բացվող վարկային գծից, ուրեմն պետք է իմանա, որ բանկի մասնաճյուղերում առանց քարտի գործածման կանխիկացման համար պետք է վճարի 0,5 տոկոս, իսկ բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից օգտվելու դեպքում՝ 0,3 տոկոս միջնորդավճար, այլ բանկերի բանկոմատներից ու կանխիկացման կետերից օգտվելու դեպքում՝ 0,8 տոկոս միջնորդավճար, ամեն ամիս պետք է վճարի վարկային գծի սահմանաչափի նկատմամբ 0.1 տոկոս վարկային գծի սպասարկման ամսական վճար և այլ ծառայությունների դեպքում՝ այլ գումարներ:

«Արդշինբանկն» էլ, թեև հատուկ ամանորյա առաջարկ չուներ, առաջարկում էր ստանդարտ էքսպրես վարկային քարտ (3 տարի ժամկետով, տարեկան 24 տոկոս անվանական տոկոսադրույքով 120-800 հազար դրամ): Ընդ որում, այս քարտերի համար պահվում է ամսական 500 դրամ սպասարկման գումար:

Մնացած բանկերում ամանորյա հատուկ առաջարկներ չկային, բայց ցանկացողները կարող էին օգտվել բանկերի ստանդարտ սպառողական վարկատեսակներից, եթե բանկը սպառողական վարկեր ունի: Դրանք հիմնականում 2-3 տարի ժամկետով, 20-24 տոկոս տարեկան անվանական տոկոսադրույքով, առանց գրավի՝ երաշխավորություններով տրվող վարկեր էին: Նշում ենք հիմնականում, քանի որ տարբեր բանկերում տարբեր կարգեր, վճարներ, պայմաններ կան:

Ուսումնասիրեցինք նաև 36 վարկային կազմակերպությունների առաջարկները: Նրանցից 11-ը տարբեր՝ նեղ ոլորտային վարկավորումներ են իրականացնում: Հատուկ «ամանորյա» երկու վարկատեսակ գտանք՝ իրարից ծայրահեղ տարբեր պայմաններով:

Այսպես, «Գլոբալ կրեդիտ» ՈւՎԿ-ն հաճախորդներին առաջարկում է sms վարկատեսակ, որի համար հաճախորդը կարող է դիմել առցանց: Այս վարկը տրամադրվում է պայմանով, որ դիմողը 1 ամսվա ընթացքում 5-ից ավելի վարկային հայտի դիմում չունենա: Այս վարկը դրամադրվում է 45 օրով կամ 1 տարով: Հիմա ամենահետաքրքիրը: 45 օրով վարկ վերցնելու դեպքում հաճախորդը պետք է վճարի 3 տոկոս ամսական սպասարկման վճար՝ չհաշված վարկի տոկոսադրույքը, որը տարեկան 24 տոկոս կամ ամսական 2 տոկոս է: Իսկ 1տարով այս վարկը վերցնելու դեպքում ամսական վճարը՝ առանց տոկոսագումարների, կազմում է 5 տոկոս: Ինչպես հեռախոսազրույցում մեզ տեղեկացրեց աշխատակիցը, տարեկան անվանական տոկոսադրույքը 24 տոկոս է, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է լինել 50,9-ից մինչև 204,43 տոկոս: Այս վարկատեսակի առավելագույն սահմանաչափը 200 հազար դրամն է: Երբ խնդրեցինք հաշվարկել, թե որքան գումար պետք է վճարենք 1 տարով առավելագույն՝ 200 հազար դրամ վարկ վերցնելու դեպքում, աշխատակցուհին հայտնեց, որ ամսական վճարման ենթակա գումարը կկազմի 29 հազար դրամ, որից 15 հազարը կուղղվի մայր գումարի մարմանը, 4000 դրամը կլինի հաշվարկվող տոկոսագումարը, որը գնալով նվազում, և ամսական անփոփոխ՝ 10 հազար դրամ էլ սպասարկման գումար: Երբ հետո հաշվեցինք, ստացվում էր, որ 200 հազար դրամ գումար վերցնելու դեպքում մեկ տարվա ընթացքում պետք է վճարեինք 348 հազար դրամ՝ 148 հազարով ավելի, այսինքն՝ փաստացի՝ 74 տոկոս ավելի: Անհավատալի է, որ մարդիկ նման պայմաններով կարող են վարկ վերցնել միայն Նոր տարի նշելու համար, բայց մյուս կողմից, քանի որ այս դաշտը ազատ շուկայական է ու մրցակցություն կա, պարզ է, որ եթե պահանջարկ չլինի, նման վարկատեսակն էլ չի լինի:

Ինչևէ, ամենահետաքրքիր առաջարկներից մեկը գտանք «Վարկս Էյ ԷՄ» ՈւՎԿ-ի առաջարկների մեջ: Ամանորյա գնումների համար այս ՈւՎԿ-ն առաջարկում էր 30 օրով 150 հազար դրամ գումար 21-75 տարեկաններին, ընդ որում 30 օրվա համար 0 տոկոս տոկոսադրույքով: Մեծ էր զարմանքը, երբ հետաքրքրվեցինք, թե էլ ինչ վճարներ կան: Աշխատակցուհին ասաց, որ 30 օրվա համար որևէ այլ վճար չկա: Հարցն ուրիշ կերպ տվեցինք. եթե 150 հազար դրամ վերցնենք, 30 օր հետո նույն 150 հազա՞րն ենք վերադարձնելու, ո՞չ ավելի: Պատասխանը՝ այո: Բայց այս վարկատեսակի համար փոխվում են պայմանները, երբ 30 օր հետո հաճախորդը չի վճարում վարկը: Եթե 30 օրում հնարավոր չէ փակել, ապա նա դիմում ու երկարաձգում է մարման ժամկետը: Երկարաձգման դեպքում 7 օրվա համար հաշվարկվում է 6, հետո՝ 9 և 15 տոկոս տոկոսադրույք:

Մնացած վարկային կազմակերպությունները հատուկ ամանորյա պրոդուկտներ չունեին և առաջարկում էին իրենց սովորական սպառողական վարկերը, որոնց պայմաններն էլ, եթե ընդհանրացնելու լիենենք, 1-3 տարով, գրավով կամ առանց գրավի, 20-26 տոկոս տարեկան անվանական տոկոսադրույքով սպառողական վարկեր էին՝ տարբեր «թաքնված» վճարներով, տարբեր այլ պայմաններով:

Սրանք էին հիմնականում առաջարկում բանկերն ու վարկային կազմակերպությունները: Իսկ արժե՞ արդյոք դիմել նրանց նման պայմաններով Ամանորը նշելու համար: Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես է ուզում դիմավորել Նոր տարին ու ինչպես է անցնելու ամբողջ տարին, եթե իրոք հավատում է այդ սկզբունքին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: