Հայերեն   English   Русский  

​Ինչքան են Ամանորին հանգստանում այլ երկրներում


  
դիտումներ: 4429

Կառավարությունը դեկտեմբերի 14-ի իր նիստում հաստատեց նախածննդյան օրերի քանակը կրճատելու մասին որոշման նախագիծը: Այդ որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թ. հունիսի 1-ից: Այդպիսով, 2019 թվականից սկսած, հունվարի 3-ը, 4-ը և 5-ը կլինեն աշխատանքային օրեր: Փաստորեն ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը։

Ըստ այդ որոշման նախագծում բերված հիմնավորումների՝ նախածննդյան ոչ աշխատանքային օրերը նպատակահարմար չեն սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

«Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացուցային օր է, այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը: Բացի այդ, կա 15 ոչ աշխատանքային օր, և միասին տարեկան ստացվում է առնվազն 43 վճարվող հանգստյան օր, որ աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից է: ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում գործող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»,- նշվում է որոշման նախագծում:

Ըստ առկա վիճակագրության՝ ԱՄՆ-ում տարվա ընթացքում ոչ աշխատանքային 10 օր կա, Բրազիլիայում` 41, Լեհաստանում` 26, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում` 25, Ավստրիայում` 38, Հնդկաստանում` 40, Չինաստանում` 31, Թաիլանդում` 28, Ֆիլիպիններում`25։

Կարեն Կարապետյանն այս խնդրին անդրադարձել էր մոտ մեկ տարի առաջ. այս տարվա անդրանիկ՝ 2017 թ. հունվարի 12-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց. «Հուսամ՝ բոլորդ լավ հանգստացել եք, իրականում 2017-ի ռեժիմը լինելու է ավելի ծանր. իմիջիայլոց, հանգստյան օրերը շատ չէի՞ն… Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»: Ու լուծումը գտնվեց արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերի 14-ի նիստում: Սա, հումորով ասած, վարչապետի ամանորյա նվերն էր սիրելի ժողովրդին:

Բայց կատակը մի կողմ՝ ինտերնետում մի փոքրիկ էքսկուրս կատարելուց հետո կարելի է գտնել տվյալներ, թե աշխարհի տարբեր երկրներում աշխատող քաղաքացիներն ամանորյա տոներին ինչքան են հանգստանում: Այսպես, հունվարի 1-ին Նոր տարի տոնում են այն երկրներում, որոնք ապրում են Գրիգորյան օրացույցով, այսինքն՝ աշխարհի երկրների բացարձակ մեծամասնությունը: Բայց ոչ բոլոր երկրներում են այդ տոնին այնքան մեծ նշանակություն տալիս, ինչպես Հայաստանում:

Չինաստանում, օրինակ, Նոր տարին նշում են հունվարի 21-ից հետո առաջին լիալուսնի օրը, որը փոփոխական է: Նոր տարվա տոները նշելու համար կառավարությունը 3 ոչ աշխատանքային օր է սահմանել:

Գերմանիայում, ինչպես և ամբողջ Եվրոպայում, Ամանորից ավելի «հարգի» է Սուրբ Ծնունդը, որը կաթոլիկները տոնում են դեկտեմբերի 25-ին: Դրանով պայմանավորված՝ գերմանացիները հանգստանում են դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին: Դեկտեմբերի 31-ին Գերմանիայում աշխատում են կես աշխատանքային օրվա գրաֆիկով, հունվարի 1-ը ոչ աշխատանքային է, իսկ հունվարի 2-ին արդեն գնում են աշխատանքի:

ԱՄՆ-ում աշխատողները հանգստանում են միայն դեկտեմբերի 25-ին և 26-ին՝ Սուրբ Ծննդյան տոներին: Իսկ ամանորյա արձակուրդի տևողությունը կախված է առանձին նահանգի կամ կազմակերպության հաստատած կարգից: Բայց բնակչությունը հիմնականում հանգստանում է հունվարի 1-ին: Այստեղ, սակայն, կա մի նրբություն. տարվա ընթացքում ամերիկացիների մոտ «կուտակվում» են չօգտագործված արձակուրդային օրեր, որոնք ամերիկացիները հիմնականում օգտագործում են հենց ամանորյա տոների ժամանակ:

Հայաստանի պես «շռայլ են» այս հարցում նաև անգլիացիները, որոնք Սուրբ Ծնունդն ու Ամանորը տոնում են դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը. այդ օրերն այնտեղ ոչ աշխատանքային են:

Իտալիայում նույնպես նշում են սկզբում Սուրբ Ծննդյան տոները դեկտեմբերի 25-ից, ընդ որում նշում են նեղ ընտանեկան միջավայրում: Արձակուրդը Իտալիայում տևում է մինչև հունվարի 6-ը: Իսկ Նոր տարին իտալացիները սիրում են տոնել բավականին ուրախ ու ընկերական միջավայրում՝ մի լավ զվարճանալով:

Նույն օրացույցով՝ դեկտեմբերի 25-ից հունվարի 6-ը հանգստանում են նաև իսպանացիները:

Բրազիլիայում Նոր տարին՝ հունվարի 1-ը, ամառային սեզոն է, քանի որ հարավային կիսագնդում ամառը համընկնում է հյուսիսային կիսագնդի ձմռան սեզոնին: Հունվարի 1-ը բրազիլացիների համար ոչ աշխատանքային է, նրանք բավական «աղմկոտ» են նշում Նոր տարին:

Այս տարի վերջին անգամ մեր հայրենակիցներն Ամանորը համեմատաբար երկար տոնելու և հանգստանալու հնարավորություն կունենան, եթե, իհարկե, վերոնշյալ փոփոխությունը մտնի ուժի մեջ ու այլ փոփոխություն չլինի:

Բայց արդարության համար նշենք, որ Հայաստանում շատ գործարարներ հաճախ դժգոհում են ոչ աշխատանքային օրերի առատությունից:

Հայաստանի ոչ աշխատանքային օրերը

«Անկախը» վարչապետի տարեսկզբյան անդրանիկ նիստի դիտարկումից հետո հաշվել էր մեր երկրում վճարվող ոչ աշխատանքային ու հանգստյան օրերի քանակը: Ի դեպ, գոյություն ունի այսպես ասած «ՀՀ աշխատանքային օրացույց», որ հաշվապահների օգնականն է աշխատավարձերի, արձակուրդների համար տրվող վճարների հաշվարկների, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի կազմման և վարման ժամանակ: Այդ օրացույցի համաձայն՝ նշվում են բոլոր տոնական՝ ոչ աշխատանքային, նախատոնական, հիշատակի, շաբաթ-կիրակի ոչ աշխատանքային օրերը և ամբողջացվում են՝ չհաշված կրոնական տոնացույցով տաղավար տոների ու դրանց հաջորդող «մեռելոցների» օրերը: Կարճ ասած, ըստ այդ օրացույցի, միայն 2016 թվականին 366 օրերից 251-ն է եղել աշխատանքային,: Եվս 6 օր էլ եղել է նախատոնական, այսինքն՝ աշխատանքային օրն ավելի կարճ է եղել մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

2017 թվականին, ըստ այդ նույն օրացույցի, 365 օրերից միայն 249 են եղել աշխատանքային, որոնցից 5-ն էլ՝ նախատոնական: Ոչ աշխատանքային օրերն այս տարի կազմել են 116 օր կամ տարվա ընդհանուր բոլոր օրերի մոտ 1/3-ը՝ չհաշված տարեկան մեկ անգամ 1 ամսով տրվող արձակուրդը: Եթե դա էլ գումարենք, կստացվի, որ մեկ աշխատող անձը տարվա ընթացքում չի աշխատել 146 օր կամ տարվա ընդհանուր օրերի 40 տոկոսի չափով:

Ավելի պատկերավոր ասած՝ մեկուկես օր աշխատել ենք ու մեկ օր չենք աշխատել: Իհարկե, մասնավոր հատվածում աշխատողները հաճախ շաբաթ օրերին նույնպես աշխատում են կամ արտաժամյա աշխատանք էլ են կատարում: Մենք հաշվել էինք միայն աշխատանքային օրացույցի տվյալները: Իսկ ընդհանրացնելով կարելի է ասել, որ Հայաստանում տարվա ընդհանուր օրերի 30-40 տոկոսը ոչ աշխատանքային է: Սա, ինչ խոսք, աշխատողների տեսանկյունից լավ է, դեռ մի բան էլ միգուցե քիչ է: Բայց գործատուները, բնական է, պնդում են, որ նույն այդ ոչ աշխատանքային օրերի «շնորհիվ» իրենց բիզնեսների արտադրողականությունը խիստ ընկնում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: