Հայերեն   English   Русский  

Հազարավոր հայեր և քրդեր Փարիզում Էրդողանի այցի դեմ բողոքի ցույցի են դուրս եկել


  
դիտումներ: 1270

Հազարավոր քրդեր դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելով Ֆրանսիայի իշխանությունների անկարողության դեմ, որոնք մինչ օրս 2013-ին 3 քուրդ ապստամբ կանանց սպանության համար որևէ մեկին չեն դատապարտել:

Ցուցարարները վանկարկել են «Էրդողանը մարդասպան է»: Այդ ընթացքում Թուրքիայի նախագահը բանակցություններ էր վարում Ֆրանսիայի նախագահի հետ, armtimes.com-ի փոխանցմամբ՝ գրում է AFP-ն:

2013-ին Փարիզի կենտրոնում հայտնաբերվել էին երեք քուրդ ակտիվիստ կանանց դիերը՝ գլխի շրջանում բռնության հետքերով. նրանք 54-ամյա Սաքինե Ջանսըզը, 28-ամյա Ֆիդան Դողանը և 24-ամյա Լեյլա Սոյլեմեզն էին:

Թուրքական հետախուզությունը պաշտոնապես հերքել է սպանություններին որևէ առնչությունը, սակայն ֆրանսիացի քննիչները եզրակացրել են, որ թուրքական լրտեսները ներգրավված են գործին: Միակ կասկածյալ Օմեր Գունեյը դատավարությունից առաջ մահացել է բանտում:

Ֆրանսիայի հայ համայնքը նույնպես միացել է ցուցարարներին և դեմ է եղել Թուրքիայի նախագահի այցին՝ Էրդողանին անվանելով «բռնապետ»:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցույց տվեց ֆրանսիացիներին իր իրական դեմքը, բռնապետ, որն իրեն այնպես է պահում, կարծես իր պալատում է՝ հակառակ եվրոպական չափանիշներին, որոնց նա հավակնում է», - նշված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանած Թուրքիայի նախագահը, ինչպես և սպասվում էր, ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է Եվրամիությանն անդամակցելու հարցը, սակայն Էրդողանի նախափարիզյան անկնկալիքները չեն արդարացել: Այցին ընդառաջ եվրոպական մամուլը գրում էր, որ Էրդողանը Էլիսեյան պալատ է ժամանում Մակրոնի հետ բանակցությունների՝ նպատակ ունենալով 2017-ի ճգնաժամից հետո նոր տարին սկսել Եվրամիության հետ հարաբերությունները ջերմացնելով:

Սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ներկա իրավիճակում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում առաջընթացի հնարավորություն չի տեսնում:

Նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Էրդողանը ստիպված է եղել պատասխանել ֆրանսիացի լրագրողների անհարմար հարցերին: Թուրքական մամուլը գրում է, թե Էրդողանը «տեղն է դրել» ֆրանսիացի լրագրողին: France 2-ի լրագրողը հարց է ուղղել Թուրքիայի կողմից Սիրայում կռվող ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին, ինչին Էրդողանը պատասխանել է.

«Ո՞վ է զենք ուղարկում Սիրիա: Հիմա Դուք խոսում եք Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության աջակիցների դիրքերից: Նրանք, ովքեր կանգնած են նման գործողությունների հետևում Գյուլենի աջակիցներն են և հիմա ձերբակալված են: Սովորեք այս հարցերում նրբանկատություն դրսևորել, երբ խոսում եք դրա մասին: Այդ ամենը հեշտ կուլ տվող մեկը չէ ձեր դիմաց կանգնած, կուզեմ, որ իմանաք դա: Սովորեք ուրիշի շահերի համար չխոսել, գյուլենականների պես չխոսել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: