Հայերեն   English   Русский  

Թալիշում մշտական բնակություն է հաստատել արդեն մեկ ընտանիք. համայնքի ղեկավար


  
դիտումներ: 2036

Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում մշտական բնակություն է հաստատել արդեն մեկ ընտանիք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Նրա խոսքով՝ համայնքում շարունակվում են ակտիվ շինարարական աշխատանքները, և առաջիկա օրերին շահագործման կհանձնվեն վերակառուցվող 17 բնակարանները: «Մեկն արդեն շահագործման է հանձնվել, որտեղ բնակվում է Օհանյանների ընտանիքը: Հաջորդ բնակարանատերերն անհամբերությամբ սպասում են շինարարական աշխատանքների ավարտին: Գյուղում շատ բան է փոխվել, և, ամենակարևորը, ավելի ամուր է դարձել նաև մարդկանց հավատը սեփական գյուղի և օջախի նկատմամբ: Թալիշցին այսօր պատրաստ է վերադառնալ և նորից շենացնել իր գյուղը»,- նշել է Վ. Պետրոսյանը:

Թալիշ

Թալիշում իրականացվող շինաշխատանքների վերաբերյալ ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ Սամվել Ղուլյանն ասել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, մասնավորապես բարերար Անդրանիկ Բաղդասարյանի (ԱՄՆ) աջակցությամբ կառուցվող 17 բնակարանները գրեթե պատրաստ են. ևս 2 առանձնատան կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ

Նրա խոսքով՝ արդեն ավարտման փուլում են հանդիսությունների սրահի, համայնքային կենտրոնի, խմելու ջրագծի ու կոյուղու ցանցի կառուցման աշխատանքները: «Բացի նշվածից, Թալիշում մեկնարկել է նաև փողոցների լուսավորության, ինչպես նաև գյուղի գլխավոր փողոցի բարեկարգման գործընթացը»,- ասել է Ս. Ղուլյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: