Հայերեն   English   Русский  

Իսրայելն օգտագործում է Ադրբեջանի տարածքը հակաիրանական գործունեության համար. իրանագետ


  
դիտումներ: 663

Իրանում կրքերը հանդարտվել են, և բավականին խաղաղ վիճակ է, չնայած հատուկենտ ցույցերին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով Իրանում դեկտեմբերի 28-ից սկսված ցույցերին:

Նա չբացառեց, որ ցույցերը կվերսկսվեն.«Չի կարելի ասել, որ ամեն ինչ վերջացած է, քանի որ մինչև ցույցերի սկսվելը ոչ ոք չէր սպասում, որ նման իրադարձություններ կլինեն»:

Ամեն դեպքում զոհերից հնարավոր չեղավ խուսափել: Իրանի իշխանություններն, ըստ իրանագետի, բարդ ընտրության առջև են կանգնած: Փորձ է արվում խորհրդարանում ընդունված մի շարք որոշումներ փոփոխության ենթարկել:

Ահարոն Վարդանյանը նկատեց՝ շատ է խոսվում այն մասին, որ ցույցերի զարգացմանը նպաստել են Իսրայելը և Սաուդյան Արաբիան, սակայն անուշադրության է մատնվել Ադրբեջանի դերը: Ադրբեջանը հակաիրանական դիրքորոշմամբ հանդես եկավ: Շատ փորձագետներ գտնում են, որ Իսրայելի մասնակցությունն այդ ցույցերին հնարավոր եղավ Ադրբեջանի տարածքից. «Ադրբեջանում առկա են իսրայելական օպերատիվ խմբեր, ինչպես նաև ռադիոլոկացիոն երկու կայան, որոնք օգտագործվում են անհրաժեշտության դեպքում: Իսրայելը օգտագործում է Ադրբեջանի տարածքը հակաիրանական գործունեության համար»:

Ըստ նրա՝ Իրանը բավականին անկանխատեսելի, բազմաշերտ պետություն է, և այս առումով աշխարհի համար դժվար է կանխատեսումներ անել, սակայն ամեն դեպքում ներկայիս հանդարտ վիճակը լավ միտում է. դա բխում է բոլորի շահերից,մասնավորապես՝ Հայաստանի.«Հայաստանը համար կարևոր է, որ Իրանը լինի հանգիստ, կայուն և խաղաղ, մի երկիր, որ զբաղված չէ միայն ներքին խնդիրներով և ներքաղաքական իրավիճակը կայունացնելով»:

Ահարոն Վարդանյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն և Իրանն ունեն բազմաթիվ համատեղ ծրագրեր ՝ տնտեսական, տրանսպորտի հետ կապված, և դրանք կյանքի կկոչվեն միայն Իրանում խաղաղ իրավիճակի դեպքում:

Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանն ընդգծեց, որ Իրանում նախկինում նույնպես ցույցեր եղել են, և ժողովուրդը գիտի, որ առիթ չկա արտաքին ուժերին միջամտելու.«Ամեն անկայուն վիճակից ցանկացած ուժ փորձում է օգուտ քաղել: Շատ խոսվեց, որ այս ցույցերը ուղղորդված են եղել դրսից : Չեմ կարող ասել, որ Իրանում կա արտաքին ուժի նման բացահայտ միջամտության աղբյուր, որովհետև Իրանում ժողովուրդը շատ գիտակից է: Բնակչության զգալի մասը կազմում են երիտասարդներ, որոնց քաղաքական գիտակցությունը և քաղաքական ուժերին հարելը շատ սովորական բան է: Համալսարաններում քաղաքական դիրքորոշում հայտնելը տարածված երևույթ է այնտեղ»:

Լրագրողի դիտարկմամբ՝ ցույցերի դադարեցումը կարելի է կապել արտաքին ուժերի ներկայությունը կանխելու ցանկության հետ, այսինքն՝ եթե Թրամփը կամ Իրանի նախկին շահի տղան չհայտարարեին, որ աջակցում են ցուցարարներին, բողոքի ակցիաները կարող էին ավելի երկար ձգվել:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: