Հայերեն   English   Русский  

Թուրքիայում 2017 թ-ի ձերբակալել են ավելի քան 48 հազար մարդու գյուլենականների հետ կապեր ունենալու մեղադրանքով


  
դիտումներ: 274

Թուրքիայում նախորդ տարի ձերբակալել են 48.305 մարդու, որոնց կասկածում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթի կայքը:

«Ձերբակալվածների թիվը գրեթե երեք անգամ ավել է: Նույնիսկ այս թվերը բավարար չեն խնդրի կարևորությունը ցույց տալու համար»,- նշել է Սոյլուն Ստամբուլում անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցության ժամանակ: Վերջինս հավելել է, որ հեղաշրջման փորձից հետո երկրում անվտանգության ամրապնդման բեռն ավելացել է:

2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Հեղաշրջման փորձից հետո՝ 2016 թ-ի հուլիսի 20-ին, Թուրքիայի նախագահը երեք ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է հաստատել: Արտակարգ դրության ռեժիմն արդեն հինգ անգամ երեք ամիս ժամկետով երկարացել է: Քանի դեռ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ է հաստատված, սահմանափակումներ են սահանվել հանրահավաքների և որոշ զանգվածային միջոցառումների համար, ուժային կառույցներն առավել լայն իրավունքներ են ստացել: Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական երկրներ և թուրքական ընդդիմությունը քննադատաբար են մոտենում արտակարգ դրության նոր երկայացմանը` նշելով, որ այն սպառնում է երկրի բնակչության ազատությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: