Հայերեն   English   Русский  

​Տարեմուտը լուրերում․ ինչո՞վ է աչքի ընկել 2018-ն աշխարհում


  
դիտումներ: 2603

Չնայած տոնական օրերին փորձում ենք զերծ մնալ առօրյա, ոչ տոնական լուրերից, սակայն թե՛ կյանքը, թե՛ իրադարձություններն իրենց բնականոն հունով առաջ են ընթանում՝ հաշվի չառնելով ո՛չ տոն, ո՛չ տրամադրվածություն։ Մինչ հին տոմարով Ամանորի նշելը և աստիճանաբար սովորական առօրյային վերադառնալուն զուգահեռ՝ փորձենք ամփոփել, թե ինչ իրադարձություններով է նշանավորվել 2018-ի տարեմուտն աշխարհում։

Եղանակային անոմալիաներ ողջ աշխարհում

Նոր տարին Հայաստանում դիմավորեցինք անսովոր եղանակային պայմաններում․ մարտյան արևային ու տաք եղանակով։ Բայց եղանակային տարօրինակությունը միայն Հայաստանում չէ, որ դրսևորվել է։

Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում, տարեմուտը նշանավորվել է վերջին 7 տարում արձանագրված ամենաուժգին ձնաբքով։ «Էլեոնոր» անվանակոչված փոթորկի ուժգնությունը հասել է մինչև 200 կմ/ժամ։ Աղետի հետևանքով շուրջ 200 հազար մարդ է հոսանքազրկվել, երկու տասնյակից ավելի մարդ տուժել է, հնարավոր չի եղել խուսափել նաև զոհերից։ Ուժգին քամին Շվեյցարիայում ռելսերից դուրս է բերել նաև մարդատար գնացքի վագոններից մեկը։ Ձնաբքի պատճառած վնասը միայն Ֆրանսիայում գնահատվել է 200 մլն եվրո։

Եղանակային անոմալիա

Բացի այդ, գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառով Ֆրանսիայում և Գերմանիայում հեղեղումների վտանգ կա։

Իսպանիայում անսովոր ձնառատ են եղել տարվա առաջին օրերը։ Հազարավոր մեքենաներ ձյան խցանման մեջ են մնացել։ Սեգովիա քաղաքի մոտակայքում՝ մայրուղում, օրինակ, մեքենաները 18 ժամ ձյան գերության մեջ են մնացել։ Ի վերջո, նրանց օգնության են հասել զինվորականները։

Նման իրավիճակ է նաև Իտալիայի հյուսիսում։ Այստեղ ձնահյուսինի վտանգի պատճառով մի շարք հանգստյան գոտիների գործունեությունը դադարեցվել է։ Մեծաքանակ տեղումների պատճառով արտաքին աշխարհից մեկուսացված են իտալական Չևինիա և շվեյցարական Ադելբոդեն հանգստյան գոտիները։

Իսկ ահա ԱՄՆ-ում աննախադեպ ցրտեր են։ «Գրեյսոն» ցիկլոնի պատճառով ԱՄՆ հարավային Ֆլորիդա նահանգում վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել, Նյու Հեմփշիր նահանգում ջերմաստիճանը մինչև -40 աստիճանի է հասել Ցելսիուսի սանդղակով։ Եղանակային անոմալիայի պատճառով ԱՄՆ 5 նահանգներում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հազարավոր ավիաթռիչքներ են հետաձգվել։ Համացանցը հեղեղված է սառցակալած մեքենաների, ձնակորույս փողոցների լուսանկարներով։ Անսովոր ցրտերի պատճառով անգամ Նիագարա ջրվեժն է սառցակալել։

Եղանակային անոմալիա

Ձյան տեղումներ են արձանագրվել նաև Սահարա անապատում։ Ալժիրի հյուսիսում շուրջ 40 սմ ձյուն է տեղացել, ինչն աննախադեպ երևույթ է այս տարածքի համար։ Սահարա անապատի այդ հատվածում վերջին 37 տարվա ընթացքում երեք անգամ է ձյան տեսքով տեղում արձանագրվել։

Եվ, չնայած Թրամփի պնդումներին, որ գլոբալ տաքացում չկա, մասնագետները պնդում են, որ եղանակային անոմալիաները հենց գլոբալ տաքացման հետևանք են։

Բողոքի ցույցեր Իրանում

Տարվա առաջին օրերն աչքի են ընկել ոչ միայն եղանակային անսովոր դրսևորումներով։ Իրանում դեկտեմբերի վերջին և հունվարի առաջին օրերն աչքի ընկան հակակառավարական բողոքի ցույցերով և անկարգություններով։ Ճիշտ է, Իրանում նոր տարին՝ Նովրուզը, տոնակատարության այլ ժամկետներ ունի, սակայն իրանական ոչ տոնական օրերի խառնաշփոթը աշխարհի տոնական լրահոսի մի մասը դարձավ։ Բողոքի ցույցերի պատճառ էին դարձել թանկացումների մասին լուրերը, որոնց մի մասը, ինչպես հետագայում պարզվեց, կեղծ է եղել։ Բողոքի ալիքը սկսվել էր Մեշխեդ քաղաքից, որը մեծությամբ երկրորդն է Իրանում։ Բողոքի խաղաղ ցույցերը, սակայն, շուտով զանգվածային անկարգությունների վերածվեցին՝ ընդգրկելով բազմաթիվ քաղաքներ ողջ երկրում։ Ոստիկանության և ցուցարարների միջև հատկապես սուր բախումներ են տեղի ունեցել փոքր՝ մինչև 200 հազար բնակիչ ունեցող քաղաքներում։

Բողոքի ակցիաների հետևանքով շուրջ երկու տասնյակ մարդ զոհվեց, ավելի քան 400-ը ձերբակալվեցին։ Հունվարի առաջին շաբաթից հետո իշխանությունները կարողացան հանդարտեցնել իրավիճակը երկրում։ Իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրեցին արտաքին քաղաքական ուժերին, այդ թվում և Սաուդյան Արաբիային։

Միջազգային մամուլի հաղորդմամբ՝ ցույցերի օրերին անգամ ձերբակալվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ անկարգությունների խրախուսման մեղադրանքով։ Օրեր անց, սակայն, նրա փաստաբանը հերքեց Ահմադինեժադի ձերբակալության լուրը։

Տեղի ունեցածը 2009-ից ի վեր ամենախոշոր բողոքի ակցիան էր Իրանում։

Հարձակումներ Սիրիայում ռուսական ավիաբազայի վրա

Հունվարի առաջին օրերին հայտնի դարձավ, որ ահաբեկիչները հարձակում են գործել Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազայի վրա։ ԶԼՄ-ները մեծաքանակ տեխնիկական կորուստների մասին էին հաղորդում։ Սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց տեխնիկական կորուստների մասին լուրը՝ հայտարարելով, որ հարձակման հետևանքով 2 զինծառայող է զոհվել։

Ուշագրավ է, որ ավիաբազայի վրա հարձակման համար ահաբեկչական որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։ Իսկ ահա հունվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած հարձակումը ռուս զինվորականներին հաջողվել է կանխել։

75-րդ «Ոսկե գլոբուսը»

Ոսկե գլոբուս

Եվ տարեսկզբյան խոշոր մշակութային միջոցառումը 75-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունն էր։ Ֆիլմարտադրության ոլորտի հեղինակավոր մրցանակաբաշխության այս տարվա գույնը սևն էր, իսկ միջոցառումը դարձավ սեռական ոտնձգությունների և անհավասարության դեմ կազմակերպված ամենամեծ բողոքի ակցիան կարմիր գորգի վրա։ «Ոսկե գլոբուսի» բոլոր աստղային հյուրերը սեռական բռնությունների դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով բացառապես սև սգեստներով էին ներկայացել հանդիսությանը։

«Ոսկե գլոբուսի» շրջանակներում 2017 թ. լավագույն դրամատիկ ֆիլմ է ճանաչվել Մարտին Մակդոնահի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» կինոնկարը։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս Մակդորմանդը («Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի»)։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Գարի Օլդմանը («Ամենամութ ժամը»)։

Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար:

«Կատակերգություն/մյուզիքլ ժանրի լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Տիկին Թռչունը»:

Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել գերմանական «Եզրագծին» ժապավենը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Կոկոն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: