Հայերեն   English   Русский  

Հայաստանի գիտության համար 2017-ը` անհաջող, 2018-ն էլ՝ առանց դրական ակնկալիքների տարի


  
դիտումներ: 7107

Գիտության կազմակերպման և ոլորտի զարգացման տեսանկյունից 2017-ը Հայաստանում անհաջող տարի էր, 2018-ից էլ, առկա իրողություններով պայմանավորված, դրական ակնկալիքներ չկան:

Այս համոզման է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը։

«Մենք կարող ենք փաստել, որ առաջին անգամ վերջին 10 տարվա ընթացքում ամենահոռետեսական տրամադրություններն են տիրում գիտական հանրությունում»,- ասում է նա։

Ամփոփելով անցած տարին գիտության ոլորտում՝ Իշխանյանը նշում է, որ գիտությունը, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, բնականոն կերպով զարգացել է, հայաստանյան գիտնականները ցուցաբերել են իրենց ամենամյա ցուցանիշները, չնայած այդ առումով մի փոքր անկում է արձանագրվել։

«Այդ անկումն ակնհայտորեն առավել զգալի կդառնա հետագա տարիներին։ Դա պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով․ հիմնական գիտական արդյունք ապահովող սերնդի միջին տարիքը գնալով աճում է»,- ասում է Իշխանյանը։

Ոլորտի հարցերի հարցը, որն էլ ընկած է քննարկվող բոլոր խնդիրների հիմքում, գիտնականի կարծիքով, ֆինանսավորումն է։ Գիտության ֆինանսավորումն ընթացիկ տարվա համար կրճատվել է 7 տոկոսով, ինչն արդեն իսկ իր բացասական ազդեցություն ունեցել է. գիտական հիմնարկներում կրճատումներ են տեղի ունեցել։

«Բոլոր ինստիտուտներում տեղի են ունեցել անձնակազմի կրճատումներ։ Սա երևի վերջին տասնամյակում տեղի ունեցած ամենաբացասական զարգացումն է,- ասում է Իշխանյանը։- Կրճատումները մեծ մասամբ վերաբերում են երիտասարդ գիտնականներին. կրճատվում են հիմնականում կես դրույքով աշխատող կամ համեմատաբար քիչ արդյունավետություն ցուցաբերող գիտնականները։ Ակնհայտ է, որ երիտասարդ գիտնականները սկզբունքորեն չեն կարող ունենալ բարձր ցուցանիշներ, որովհետև այդ ցուցանիշները կուտակվում են տարիների ընթացքում, և այդ առումով նրանք մրցակցության մեջ մտնել չեն կարող։ Բոլորս կարող ենք փաստել, որ գիտության երիտասարդացման դեմ ուղղված ծանրագույն հարված հասցվեց»։

Իշխանյանը ոչ հավաստի է համարում նաև պաշտոնական հայտարարությունները, թե գիտության ֆինանսավորումը ոչ թե կրճատվել է, այլ վերաբաշխվել, և այդ միջոցները ՊՆ-ն կուղղի պաշտպանական ոլորտի գիտական հետազոտություններին․ «Պնդումները, թե միջոցներն ուղղվել են պաշտպանության նախարարությանը և հատկացվելու են գիտահետազոտական ծրագրերին, իրականությանը չեն համապատասխանում մի պարզ պատճառով․ պատվերներ չկան, այլապես տեղի չէին ունենա այս կրճատումները»։

Գիտնականը նաև շեշտում է, որ գիտության ֆինանսավորման կրճատմամբ նաև օրենքի խախտում է տեղի ունեցել, որը նախատեսում է, որ գիտության ֆինանսավորումը պետք է ավելանա ՀՆԱ-ի աճին զուգահեռ։

Իշխանյանը նշում է, որ անցնող տարում ֆինանսավորման կրճատումը Հայաստանում գիտության դեմ ուղղված միակ քայլը չի եղել։ Մեծ հարված է նաև տարկետման իրավունքի փոփոխությունը։ «Կրթության շարունակականության ընդհատումը չափազանց բացասական է անդրադառնալու երիտասարդ կադրերի՝ գիտություն ներհոսքի վրա»,- ասում է նա՝ հավելելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միության և ներկայիս Իսրայելի հետ համեմատություններն անտեղի են, քանի որ մեզ մոտ գիտության գրավչությունը և գիտնականի համար ստեղծված պայմաններն անհամեմատելի են բերված օրինակների հետ. «Մեզ մոտ, ի տարբերություն ԽՍՀՄ-ի և Իսրայելի, միայն բացասական պայմաններ են ստեղծված. աշխատատեղեր չկան, գիտնականի վարձատրությունն ամենացածրերից է երկրում, գիտության գրավչությունը գնալով նվազում է»։

Իշխանյանը բացասական է գնահատում նաև անցած տարի Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) կայացրած որոշումը, ըստ որի՝ 70-ն անց գիտնականներն այլևս չեն կարող ղեկավարել դրամաշնորհային գիտական ծրագրերը։

Նա ոչ պրոֆեսիոնալ և չմտածված մոտեցում է համարում նաև գիտության ֆինանսավորման վերաբաշխման մոտեցումը, ըստ որի՝ առավելություն տրվելու է կիրառական ուղղության ծրագրերին։

«Գիտությունների ակադեմիան պատասխանատու է հիմնարար գիտության համար։ Անտեղի է նրանից պահանջել մի բան, որը նրա կանոնադրական խնդիրների մեջ չի մտնում։ Նաև զուտ գիտնականների ջանքերով կիրառական արդյունք ապահովել հնարավոր չէ։ Դրա համար համապատասխան օղակներ են հարկավոր։ Փոխանակ կառավարությունն այդ օղակները ստեղծի, զարգացնի, փորձում է այդ բեռը բարդել գիտնականների ուսերին, ինչն անհեթեթություն է»,- ասում է նա։

Իշխանյանը վստահ է՝ կայացված որոշումներից նախ և առաջ տուժելու է հիմնարար գիտությունը, որը հենց կիրառական գիտության հիմքն է։ «Այսպիսով խարխլվում են նաև ապագայի հնարավոր կիրառական զարգացումները»,- ասում է նա։

Անդրադառնալով գիտելիքահենք տնտեսության ձգտելու պաշտոնական հայտարարություններին, գիտության ֆինանսավորման նվազեցմանը և ոլորտում վարվող քաղաքականությանը՝ Իշխանյանն ասում է, որ խոսքի և գործի հակասությունն ակնհայտ է․«Պնդումը, որ գիտելիքահենք տնտեսություն ենք ձգտում ստեղծել, որ գիտությունն առաջնահերթություն է, չի համապատասխանում իրականությանը գործերի մակարդակով։ Խոսքի և գործի մեջ կա անջրպետ, անդունդ։ Դրանք միայն գեղեցիկ նախադասություններ են։ Բոլոր քննարկումների հիմքում հետևյալ հարցն է․ արդյոք կա՞ իրական կամք գիտելիքահենք հանրություն, տնտեություն կառուցելու համար։ Կարծում եմ, որ ոչ։ Երկրի առաջին դեմքերը հստակորեն չեն ցանկանում։ Ինչո՞ւ: Դա այլ հարց է, որի տրամաբանական բացատրությունը չունեմ»,- ասում է Իշխանյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: