Հայերեն   English   Русский  

​Գոնե սրանից հետո ձյուն գա կամ գոնե անձրևներն առատ լինեն


  
դիտումներ: 5971

Արդեն ձմռան երկրորդ ամիսն էլ համարյա կիսվեց, բայց տեղումներ այդպես էլ չկան: Աշունը, կարելի է ասել, առանց անձրևների էր, ձմեռն էլ՝ անձյուն: Մի կողմից՝ սա լավ է ազգաբնակչության համար այն առումով, որ ջեռուցման համար այս տարի փոքր-ինչ ավելի քիչ կվճարեն: Լավ է նաև վարորդների համար. մերկասառույցներ, անանցանելի ճանապարհներ չկան, մեքենա վարելն ավելի հեշտ է: Բայց մյուս կողմից՝ առանց տեղումների տարին լուրջ խնդիրներ կարող է առաջացնել գյուղատնտեսության համար, եթե դեռ չի առաջացրել: Որովհետև, եթե տեղումներ չկան, նշանակում է չեն լրացվում ընդերքային ու մակերեսային ջրերի պաշարները, չեն լցվում ջրամբարներն ու ռեզերվուարները: Մի խոսքով, եթե այսպես շարունակվի, ապա գարնանն ու ամռանը կարող են ոռոգման խնդիրներ առաջանալ ջրի դեֆիցիտի պատճառով:

Այս կապակցությամբ ջրային տնտեսության պետական կոմիտեից (ՋՏՊԿ) «Անկախին» հայտնեցին, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են կատարում, որպեսզի տեղումների բացակայության հետևանքով սակավ ջրային ռեսուրսների առկայության դեպքում կարողանան դեֆիցիտը լրացնել այլընտրանքային ջրաղբյուրների հաշվին: Հիմնականում խոսքը պոմպերի և պոմպակայանների մասին է, այսինքն՝ համակարգում մեխանիկական ջրարտադրության ծավալների մեծացման: Սա ենթադրում է նաև լրացուցիչ էլեկտրաէներգիայի ծախս, որը, որպես կանոն, սուբսիդավորվում է պետության կողմից:

Տեղումների բացակայությունը մտահոգվելու տեղիք է տալիս, քանի որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այսօր արդեն շուրջ 75 մլն խորանարդ մետր կուտակման դեֆիցիտ ունենք:

«Սակայն, պետք է նշել, որ անձրևներով առատ ամիսները կարող են որոշակիորեն մեղմել այդ դեֆիցիտը»,- ասում են ՋՏՊԿ-ից: Իսկ թե ինչքան կարող է կազմել ընդհանուր դեֆիցիտը, պատասխանել են, որ տարեկան ջրապահանջը հաշվարկվում է ըստ ՋՕԸ-ների ներկայացրած պայմանագրերում ամրագրված ծավալների. ըստ այդմ՝ այդ ծավալը տատանվում է ամեն տարի: Իհարկե այս պահին ասել, որ տեղումներ չեն լինելու, կոպտագույն սխալ կլինի, որովհետև առջևում դեռ 3 անձրևային համարվող ամիսներ ունենք, իսկ անձրևներից, ասում են մասնագետները, ջրամբարներն ու ջրային ավազաններն ավելի շուտ են լցվում, քան ձյունից: Ու եթե առաջիկա գարնանային ամիսներին առատ անձրևներ տեղան` այս մտահոգությունը կվերանա: Պետք է հուսալ նաև, որ ամառն էլ չորային չի լինի: Իսկ եթե ամեն ինչ այսպես առանց տեղումների շարունակվի` լրջագույն խնդիրները երաշխավորված կլինեն:

Օրինակ՝ ջրի պակասի տեսանկյունից ամենավատ տարիներից էր համարվում անցյալ տարին՝ 2017 թվականը: Անցյալ տարի ջրի դեֆիցիտը կազմել է շուրջ 130 մլն խմ` 2016-ի նկատմամբ: Բայց նաև պետք է նշենք, որ անցյալ տարի, ի տարբերություն այս տարվա, այս օրերին գոնե ձյուն կար:

Ըստ ՋՏՊԿ-ից մեզ տրամադրված տվյալների՝ հանրապետությունում տարեկան միջին ջրապահանջը տատանվում է 850 մլն խորանարդ մետրից մինչև 1 մլրդ խորանարդ մետրի սահմաններում: Այդ պայմաններում 130 միլիոն խորանարդ մետրը լուրջ անհանգստանալու տեղիք է տալիս: Իսկ ավելի պակաս լինելու դեպքում թե ինչ կլինի, դժվար չէ պատկերացնել:

Հավանաբար դեռ հիշում ենք, որ անցյալ տարի երաշտ էր, ջուր չկար: Հիշում ենք նաև, որ ոռոգման սեզոնի մեկնարկին Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ դուրս էին եկել ու անցել իրենց խոսքը լսելի դարձնելու «փորձված տարբերակին»` ճանապարհներ փակելուն: Հենց այդ ժամանակ էլ նրանց հստակ հասկացրին` ջուր, իհարկե, կլինի, բայց շատ ջրի հույս չպետք է ունենալ: Այս տարի էլ, եթե տեղումներ չլինեն ու մեր ջրային պաշարները չհամալրվեն կամ այլընտրանքային միջոցներ չձեռնարկվեն, ապա Արարատյան դաշտավայրը նորից ունենալու է ոռոգման ջրի հետ կապված լրջագույն խնդիրներ: Դեռ լավ է, որ խոսքը խմելու ջրի մասին չէ, այլ դեռևս միայն ոռոգման, չնայած դա էլ պակաս կարևոր չէ: Ու արդեն քանիերորդ տարին է, ինչ ջրի խնդիրն ահագնանում է Հայաստանի համար: Փորձագետներն էլ բազմիցս են նշել, որ հարց է՝ ջրի պաշարները բավականացնո՞ւմ են մեզ, թե՞ ոչ: Իսկ թե ինչու չեն բավարարում` հարցի մյուս կողմն է:

Եթե այդ խնդիրը ջրային պաշարներին է վերաբերում, ապա մյուս կողմից խնդիրը զուտ տեխնիկական է` ենթակառուցվածքային: Որովհետև այսօր Հայաստանում գոնե ոռոգման ջրի` դեռևս ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած ցանցի մոտ 80-95 տոկոսն անմխիթար վիճակում է: Այս փաստը գոնե ջրային տնտեսության պետական կոմիտեն չի թաքցնում:

Մի խոսքով, արդեն իսկ պետք է մտածենք, թե ինչ անենք, որպեսզի սկսենք խնայելով, քիչ ջուր ծախսելով, ավելի մեծ արդյունքներ ստանալ, ինչը, դատելով միջազգային փորձից, թեև թանկ, բայց հնարավոր հաճույք է:

Ամեն դեպքում լավ է հուսալ, որ առաջիկայում առատ տեղումներ կլինեն ու խնդիրներ չեն առաջանա: Բայց լավատես լինելով հանդերձ՝ պետք է միշտ պատրաստ լինել վատագույն սցենարին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: