Հայերեն   English   Русский  

​Բիզնես սկսելը դժվար է, բայց հնարավոր. հայ բլոգեր-բիզնեսլեդին սեփական փորձով է համոզվել


  
դիտումներ: 6582

«Տաշիր» առևտրի կենտրոնի տարածքում 2016 թվականից հաջողությամբ գործում է «Armenian brands» հարթակը, որտեղ ներկայացված է հայ դիզայներների, ձեռներեցների արտադրանքը՝ հագուստ, աքսեսուարներ, կոշիկ, խնամքի, տան ինտերիերի պարագաներ, ձեռագործ զարդեր և այլն:

Այդ հարթակը «Տաշիր ինվեստ գրուպը» ստեղծել էր տեղական արտադրողներին խթանելու և աջակցելու, նրանց ներկայանալի դարձնելու նպատակով՝ արտոնյալ պայմաններով առևտրային տարածքներ տրամադրելով:

Այդ հարթակում գործում է նաև Mashroom multibrands մուլտիբրենդային հագուստի և աքսեսուարների սրահը, որը ներկայացնում է մոտ 20 հայ դիզայներների արտադրանքը: Այս սրահը 2016-ին ստեղծել է նորաձևության բլոգեր, mashroom.am կայքի հիմնադիր Մարիաննա Քաբաբյանը:

Մինչ այդ՝ 2011 թ., Մարիաննա Քաբաբյանը, որ աշխատում էր հասարակական-քաղաքական ամսագրում, արդեն իսկ ստեղծել էր mashroom.am կայքը, որը կարելի է համարել Mashroom multibrands բիզնես-նախագծի նախերգանքը:

«2016-ին հաշվի առնելով, որ ես քաջածանոթ եմ նորաձևության ոլորտին, ճանաչում ու շփվում եմ բազմաթիվ հայ դիզայներների հետ, պատկերացնում եմ ոլորտը, ինձ առաջարկեցին զբաղվել «Armenian brands» հարթակով, և ես դարձա այդ պրոյեկտի ղեկավարը: Քանի որ արդեն հարթակն էլ կար և շատ երիտասարդ դիզայներներ կային, որոնք ի վիճակի չէին տարածք վերցնել ու ներկայացնել իրենց տեսականին, շատ էին դիմում ինձ և ասում, որ իրենք էլ են ուզում ներկայանալ, բայց ընդամենը մի քանի հագուստով: Ես, որպես նորաձևության բլոգեր, սիրահար և ինչ-որ չափով նաև տեղյակ մարդ, որոշեցի ստեղծել Mashroom multibrands սրահը, որտեղ ներկայացնում եմ ավելի քան 20 հայ դիզայներների, արտադրողների աքսեսուարներ, ստեղծագործություններ, հագուստներ, պայուսակներ, մի խոսքով՝ այն ամենը, ինչ կարելի է կրել: Եվ արդեն մեկուկես տարի է՝ շատ ակտիվ զբաղվում եմ այս գործով»,- «Անկախին» պատմեց Մարիաննա Քաբաբյանը:

Mashroom multibrands-ն այս մեկուկես տարվա ընթացքում արդեն իսկ ցատկահարթակ է հանդիսացել շատ դիզայներների համար, որոնք առաջին անգամ այս սրահում են ներկայացել, իսկ հետագայում մեծացել, ընդլայնվել ու առանձնացել են՝ բացելով իրենց խանութ-սրահները: «Սա մեր նախագծի և անձամբ իմ գլխավոր նպատակներից մեկն էր՝ խթանել տեղական արտադրության զարգացումը: Ես գրում էի հայկական նորաձևության մասին, 2015 թվականին մի ֆոտոպրոյեկտ արեցի «Հայկական նորաձևությունն ապագայում» խորագրով, ու արդեն արձագանքներից պարզ էր, որ մարդիկ հետաքրքրված են Հայաստանում արտադրված նորաձև հագուստով ու աքսեսուարներով: Շատերը նույնիսկ չգիտեն, որ Հայաստանում արտադրվում են առօրյայում կրելի նման լավորակ ու բարձրաճաշակ հագուստ ու պարագաներ: Այն, ինչ կարելի է ամեն օր կրել թե՛ համալսարան այցելելիս, թե՛ թատրոն, թե՛ երեկույթ, թե՛ աշխատանքի և այլն: Այսինքն՝ սա մի ոլորտ է, որը «փակ» է եղել մեր հասարակության համար: Մարդիկ սովոր են եղել, որ երեկոյան զգեստի համար են միայն դիմում հայ դիզայներներին, այն էլ շատ թանկ գներով: Իսկ ես, ծանոթ լինելով շատ հայ դիզայներների հետ, իմանալով նրանց ուղղվածությունը նորաձևության մեջ, տեսա, որ նրանք առօրյա հագուստ էլ են արտադրում, այն էլ բավականին որակյալ ու մրցունակ: Այդ իսկ պատճառով, նաև հիմնվելով այն իրողության վրա, որ mashroom.am-ը որոշակի շրջանակներում ճանաչում ուներ, որոշեցինք, որ այս պրոյեկտը նպատակին կծառայի, ու փառք Աստծո, արդեն կարող եմ ասել, որ ստացվեց»,- նշեց Mashroom multibrands-ի հիմնադիրը:

Լուրջ ներդրումներ էլ պետք չեն եղել այս սրահը գործարկելու համար, Մարիաննան սկսել է շատ փոքր գումարներով: «Տաշիրը» արտոնյալ պայմաններով էր տարածքներ տրամադրում հայկական արտադրողների համար, բացի այդ, ամուսինն է օգնել շատ հարցերում, օրինակ՝ կայքը գրանցելու: Սրահի կահույքի մի մասն էլ իր ձեռքերով է պատրաստել:

«Ամուսինս, հավատալով ինձ և իմ ուժերին, շատ օգնեց ու աջակցեց ինձ այս հարցում: Մի խոսքով, ես համարում եմ, որ առասպել է, թե բիզնես ստեղծելու համար շատ մեծ գումարներ կամ հարուստ հայրիկ, ազդեցիկ ազգականներ են պետք, կամ էլ մեծ ժառանգություն: Իրականում այդպես չէ, հնարավոր է առաջ գնալ մեր երկրում»,- նշում է Մարիաննա Քաբաբյանը:

Ներդրված ջանքերի արդյունքն էլ շատ շուտ նկատելի եղավ, հաճախորդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական արտադրանքի նկատմամբ, սրահում ներկայացված հայկական բրենդների արտադրանքի մեծ պահանջարկ կա: Իհարկե, ընդգծում է մեր զրուցակիցը, հասարակության մեջ կա մի շերտ, որը դեռևս չի վստահում հայկական արտադրանքին, բայց նրանք էլ կամաց-կամաց փոխում են իրենց վերաբերմունքն ու ավելի շատ են վստահում մեր դիզայներներին, հայկականին:

«Շատ-շատերը նույնիսկ զարմանում են, որ այսպիսի ձևվածքով, գործվածքով, արտաքին տեսքով, նորաձևության թրենդներին համապատասխան հագուստ է ներկայացված այստեղ: Ամեն ինչ անում ենք, որ հետաքրքրությունը մեծ լինի: Հավատացեք, որ արձագանքները միմիայն դրական են: Հատկապես դրսի հայերի կողմից, նրանց հիացմունքն ու զարմանքը, թե ինչ ապրանք է ներկայացված այս հարթակում, պարզապես տեսնել է պետք: Ցավոք, շատերը դեռ տեղեկացված չեն»,- նշում է Մարիաննա Քաբաբյանը:

Mashroom multibrands-ը փաստորեն հաջողակ բիզնես-նախագիծ է: Հաջողություններն էլ, ինչպես նշում է այս բիզնեսի հիմնադիրը, էնտուզիազմի, աշխատանքի հանդեպ լուրջ վերաբերմունքի ու սիրո արդյունքն է:

«Դժվարություններ միշտ կան, բայց դրանք հաղթահարելուն երևի շատ է օգնել ինքս իմ նկատմամբ մեծ վերահսկողությունը, անգամ ամենադժվարին պահերին ինքս ինձ ասել եմ՝ չպետք է թուլանալ, չպետք է հիասթափվել, ու շարունակել եմ առաջ շարժվել»,- ընդգծեց Mashroom multibrands-ի հիմնադիրը:

Հաջողակին ձախորդից տարբերող հիմնական հատկանիշը, ըստ Մարիաննա Քաբաբյանի, համառությունն է, կրկին փորձելու ունակությունը և համարձակությունը. չվախենալ, սկսել նորը, անցյալը թողնել անցյալում ու փորձել նվաճել նոր բարձունքներ: Միշտ չէ, որ առաջին անգամից ստացվում է, ուստի չի կարելի հիասթափվել, այլ պետք է նորից փորձել:

Իհարկե, բիզնեսը հեշտ բան չէ, Հայաստանում՝ առավել ևս: Իհարկե, ցանկալի կլիներ, նշում է երիտասարդ գործարարը, որ տեղական արտադրողների համար պայմանները շատ ավելի մեղմացվեին: Բայց նաև ավելացնում է՝ անհնարին էլ չէ, պետք է սկսել:

«Կարծում եմ՝ դիմացինին վատություն անելով՝ հաջողության չես հասնի: Նույնիսկ եթե մի պահ ինչ-որ խաբեության, ստի, վատություն անելու միջոցով թվացյալ հաջողություն էլ լինի, միևնույն է, դա ժամանակավոր է, հետագայում ձախողումն ու գահավիժումն անխուսափելի է: Միգուցե ռոմանտիկ թվամ, բայց իմ կարծիքով՝ հաջողության հասնում է անկեղծ, սրտաբաց, ազնիվ գործունեություն ծավալող մարդը»,- նշում է Մարիաննա Քաբաբյանը:

Նա հիշեցնում է նաև, որ բիզնեսը ենթադրում է որոշ բաներ զոհաբերել, պետք է պատրաստ լինել նաև դրան: Օրինակ՝ հաճելի զբաղմունքները, միգուցե անձնական կյանքը, ընտանիքին հատկացվող ժամանակը և այլն: Ու ամեն ինչ պետք է բերել հավասարակշռության: «Կարծում եմ՝ երջանիկ է այն մարդը, որի կյանքում ամեն ինչ բալանսավորված է՝ բիզնես-կարիերա-ընկերներ-ընտանիք»,- ամփոփում է Մարիաննա Քաբաբյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: