Հայերեն   English   Русский  

​Պարգևներ՝ «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին


  
դիտումներ: 348

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կարգադրությամբ սպորտի և հասարակական գործունեության բնագավառներում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ԱԺ պատվո մեդալով են պարգեւատրվել Արկադի Անդրեասյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Էդուարդ Մարգարովը, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով՝ Ռուդիկ Բարսեղյանը:

Հունվարի 11-ին հանձնելով պարգեւները «Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է.

«Այն, ինչ 1973 թվականին իրագործեցիք դուք եւ Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ձեր խաղընկերները, իսկապես հերոսություն էր՝ հաշվի առնելով, թե ինչպիսի մրցակցության պայմաններում կարողացաք նվաճել Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը եւ ԽՍՀՄ գավաթը»:

Նրա խոսքով՝ այդ լուրջ պայքարում հայ ֆուտբոլիստները հաղթող դուրս եկան՝ կարողանալով մեր ժողովրդին պարգեւել կրկնակի հաղթանակի բերկրանք ու հպարտության պահեր:

«Հավատացեք, այսօր 45 տարի անց էլ մենք ոչ պակաս հպարտություն ենք ապրում: Դուք հայ ժողովրդի համար լեգենդար անձնավորություններ եք» ,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւս շնորհավորել է արարատցիներին՝ ընդգծելով, որ այս տարին հոբելյանական է մեր ժողովրդի համար. պետք է նշվի Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, արցախյան շարժման 30-ամյակը, ինչպես նաեւ «Արարատ 73»-ի կրկնակի հաղթանակի 45-ամյակը: 20-րդ դարում հայ ժողովրդի ազգային զարթոնքի հաղթական էջերը վերհիշելով՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ դրանց շարքում իրենց ուրույն տեղն ունեն նաեւ մարզական նվաճումները:

«Դուք կաք ու կլինեք ոչ միայն մեր մարզական աշխարհի, այլ նաեւ հասարակական կյանքի ամենավառ աստղերից»,-փաստել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: