Հայերեն   English   Русский  

​Սահմանամերձ գյուղում Հայաստանի ապագան «հունցող» միսս Արշալույսը


  
դիտումներ: 10927

«Ինձ ասում են՝ էս աղջիկը շաշ ա,- ծիծաղում է Բեյրութից Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր տեղափոխված և գյուղի դպրոցում անգլերեն դասավանդող 24-ամյա Արշալույս Ամսիհը կամ, ինչպես երեխաներն են ասում, միսս Արշալույսը:- Չէ, ես շաշ չեմ, ուղղակի դուք ձեր տեղի արժեքը չգիտեք»,-պատասխանում է Արշոն, որի համար Հայաստանը բացահայտվեց 2015 թվականի ապրիլի 21-ին, երբ առաջին անգամ ոտք դրեց հայրենիք:

Բեյրութի Բուրջ Համութ հայկական թաղամասում ծնված ու մեծացած աղջիկը շրջապատված է եղել հայկական միջավայրով և ստացել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Սփյուռքում ապրող հայ երեխային ազգային արմատներից չկտրվելու համար: Ազգային դպրոց, որտեղ կրթությանը զուգահեռ սերմանում էին սեր հայրենիքի նկատմամբ, խոսում էին Հայաստանից, Արցախից, ազատամարտից ու հերոսներից, ընտանիք, որտեղ հայկական մշակույթի նկատմամբ ընդգծված սեր կար. «Մի խոսքով, չճանաչած, չտեսած՝ արդեն սիրում էինք Հայաստանը»:

Ավարտելով դպրոցը՝ Արշալույսն ընդունվում է Լիբանանի պետական համալսարանի անգլերեն մանկավարժության ֆակուլտետ: Նա զգում էր, որ ուզում է աշխատել հենց երեխաների հետ, դա է իրենը:

Arsho Amsih-ի լուսանկարը:2015 թվականին Ցեղասպանության 100-ամյակի առթիվ որոշում է առաջին անգամ գալ Հայաստան: Անկեղծ խոստովանում է, որ գլխավոր նպատակը Սերժ Թանկյանի համերգին մասնակցելն էր. «Բայց ինձ համար շատ կարևոր էր Հայաստանը իրականում տեսնելը, քանի որ մենք հայրենիքի մասին միայն գրքերով ու պատմածներով գիտեինք»։

Ապրիլի 21-ի գիշերը հասնում է Երևան ու հմայվում գիշերային Երևանի գեղեցկությամբ: Առավոտյան նրա առաջ բացվում է Արարատը՝ Մայր Հայաստանի հուշարձանով: Տպավորվում է մինչև հոգու խորքը ու առաջին անգամ մտածում. «Ինչո՞ւ մենք այստեղ չենք, ի՞նչ գործ ունենք այնտեղ՝ Լիբանանում, ո՞նց կարելի է, սա թողած, ապրել ուրիշ տեղ»։

Գուցե տեղացիներիս զարմանալի թվա, բայց Արշոյին առաջին հայացքից գրավում է ընդարձակ տարածություններով Երևանը, որ նեղլիկ, թափթփված փողոցներով, բարձրահարկերով լցված ու կանաչ տարածքներից զուրկ Բեյրութից հետո իսկական դրախտ էր թվում։

4 օր անցկացնելով Հայաստանում, լինելով Սևանում, Ծաղկաձորում, Խոր Վիրապում, այցելելով Ծիծեռնակաբերդ, զորամաս, անձրևի տակ թրջված վայելելով System of a Down-ի համերգը՝ նա իր համար բացահայտում է Հայաստանը՝ իր աչքով տեսածը հակադրելով մշտապես հնչող այն տեսակետին, թե Հայաստանն ապրելու համար այնքան էլ լավ չէ: Վերադառնում է Բեյրութ՝ միտքն ու հոգին Հայաաստանում թողած:

«Սկզբում չէի արտահայտվում, բայց արդեն որոշել էի, որ տեղափոխվելու եմ Հայաստան: Այդ ժամանակ 4-րդ կուրսում էի սովորում, զուգահեռ նաև դասավանդում էի դպրոցում։ Սկսեցի մտածել մանկավարժության ոլորտի և Հայաստանի, անգամ Արցախի մասին, չնայած Արցախում դեռ չէի եղել»։

Արշալույս Ամսիհ

Ծնողները, բարեկամներն ու ընկերները սկզբում լուրջ չէին վերաբերվում Արշոյի Հայաստան տեղափոխվելու ցանկությանը՝ մտածելով, թե դա անցողիկ բան է։ Բայց աղջիկը միջոցներ ու հիմնավորումներ էր փնտրում իր որոշումն արդարացնելու և իրականացնելու համար: Եվ ինչպես ասում են, եթե ինչ-որ բան սրտանց ուզում ես` ողջ տիեզերքն է օգնում, որ այն իրականանա։ Ահա մի գեղեցիկ օր Արշոյի ընկերներից մեկը ֆեյսբուքով կրթական մի ծրագրի մասին է տեղեկացնում։ «Teach for Armenia». այսպես էր կոչվում ծրագիրը, որի նպատակը Հայաստանի մարզերում 2 տարով մանկավարժական գործունեության ծավալումն է։ Արշոն միանգամից դիմում է, անցնում բոլոր փուլերով և ընտրվում։

Այդ ամենը տեղի է ունենում Հայաստանից վերադառնալուց հետո մի քանի ամսվա ընթացքում, այնքան արագ, որ անգամ ինքն է հանկարծակիի գալիս: «Համալսարանի ավարտական քննությունները տվեցի, բայց դեռ դիպլոմս չվերցրած՝ հունիսին արդեն Հայաստանում էի»,-պատմում է նա։

Միակ բանը, որ նրան իսկապես մի քիչ վախեցնում էր, գյուղում աշխատելն էր: Լսել էր, թե իբր Հայաստանի գյուղերում վիճակը վատ է, պայմաններ չկան, հատկապես՝ սահմանամերձ գյուղերում: Բայց երբ ոտք է դնում Տավուշ, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հրաշալի բնություն, հրաշալի մարդիկ, էկոլոգիապես մաքուր միջավայր. «Ես այստեղ իսկապես լավ հանգստանում եմ: էս տարածքն իմ վրա ամեն ինչով լավ է ազդել, ասում են՝ անգամ սիրունացել եմ, մաշկս լավացել է; Դե, մաքուր կյանքով եմ ապրում, որակյալ սնունդ եմ ստանում»,- ծիծաղում է նա:

Հիմա անգամ մի քանի հարյուր մետրից երևացող հակառակորդի դիրքերին է սովորել:

Այս ծրագիրը նա համարում է անգնահատելի հնարավորություն, միջոց հայրենասիրությունը գործով ապացուցելու համար։ Երիտասարդ մանկավարժի համար հատկապես ոգևորիչ է այն, որ իր աշխատանքը երեխաների հետ է․ «Նախևառաջ դա մեծ պատասխանատվություն է, բացի այդ, հնարավորություն է, որը բոլորին չի տրվում։ Երեխաների հետ աշխատանքը նույնն է, որ դու խմորի հետ խաղաս, խմորը հունցես և սարքես այն, ինչը քեզ պետք է։ Ամենակարևորը, որ նրանց դարձնես լավ մարդ, որի կարիքը մեր երկիրն ունի։ Չլինեն բողոքավոր, չմտածեն, որ եթե գյուղում են ապրում, ուրեմն դժբախտ են, հնարավորություններից զուրկ։ Ընդհակառակը, պետք է հպարտ զգան, որ այստեղ են և երբեք չթողնեն իրենց ծննդավայրը: Պետք է տեսնեն իրենց կարողությունները, չպետք է հանձնվեն, քանի որ սա նաև սահման է, որտեղից հակառակորդը մեկ կիլոմետրից էլ քիչ հեռավորության վրա է»։

Հունիս ամսին Աշալույսի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է։ Ի՞նչ է լինելու հետո: «Ճիշտն ասած՝ ես ուզում եմ մնալ Տավուշում: Չգիտեմ, մի ծրագիր պիտի ճարեմ, որ շարունակեմ այստեղ աշխատել: Այն զգացողությունն ունեմ, որ հազար տարի այստեղ եմ ապրել, էստեղի աղջիկ եմ»։

Իսկ Լիբանան վերադառնալու մասին նույնիսկ չի էլ մտածում:

Հայաստան տեղափոխվելուց և սահմանամերձ գյուղում երեխաների հետ աշխատելուց հետո Արշալույսը վերաիմաստավորել է իր ողջ կյանքը, հասկացել, որ աշխարհում ոչ մի դժվար բան չկա, ամեն ինչ հաղթահարելի է, պարզապես պիտի իմանաս՝ ինչպես ապրել և ինչու ապրել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: