Հայերեն   English   Русский  

​ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ


  
դիտումներ: 4742

301 թվականը հայության ամենաճակատագրական պահն էր, քանզի այդ թվականին մեր երկրում կատարված փոփոխությունը ոչ միայն կրոնական ու ոչ միայն քաղաքական բնույթ ուներ: Հայաստան թափանցած նոր վարդապետությունը նոր աշխարհայացք ձևավորեց հայության մեջ, ինչը հային շեղեց իր հոգեկերտվածքից, ավանդական, պապերի նախանշած ուղուց ու թուլացրեց, ստրկացրեց…

Այս վարդապետությունը հայոց երկիր ներխուժեց մի մարդու՝ Գրիգոր Պարթևի միջոցով, որին հայ կղերական մատենագրությունը ավելի ուշ շրջանում՝ զարգացած միջնադարում, «Լուսավորիչ» կոչեց:

Գրիգորի ծագման ու գործունեության մասին առաջին ու գլխավոր աղբյուրը Ագաթանգեղոսի պատմությունն է: Այս աղբյուրը, բնականաբար, միանշանակ ընդունել հնարավոր չէ: Այստեղ կան բազում սխալներ, հորինվածքներ: Առհասարակ Ագաթանգեղոսի շարադրանքը շատ ավելի վիպական պատումի է նման, քան իրական պատմության:

Կասկածի տեղիք է տալիս Գրիգորի տոհմային պատկանելությունը՝ Պարթև, նրա ծննդյան տարեթիվը, գործունեության ժամկետը: Առկա են բազում աչքի ընկնող հակասություններ ու անգամ անհավատալի դրվագներ:

Մանավանդ Գրիգորի Պարթևների տոհմից ծագելը, ըստ իս, հայ կղերական պատմագրության հորինվածք է:

Բանն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին, արագ կայանալով, հզորանալով, ձեռնոց նետեց հայոց պետությանը և իշխող Արշակունիների հարստությանը: Ուստի կաթողիկոսական տոհմն իր «իրավունքները» հաստատելու համար պիտի հորիներ արքայական ընտանիքին ազգակցական ծագում և կանգ առավ Պարթևների տոհմի վրա:

Քանի որ անհնար էր Արշակունի կոչվել և սողոսկել արքայական տոհմ, հայոց կաթողիկոսները գտան ելքը, սրակոտոր արված Պարթև Անակի փրկված զավակ հռչակեցին Հայաստանը զավթած Գրիգորին: Ճիշտ է, լավ բան չէ դավաճանի ու սրիկայի որդի լինել, բայց ըստ երևույթին, դա Արշակունիներին «բարեկամանալու» և սեփական տոհմային հավակնություններով հայոց երկրում հանդես գալու միակ ելքն էր:

Ի դեպ. եթե անգամ հավատանք Ագաթանգեղոսի (և ոչ միայն) պատումին, այս Գրիգորը ծնվել է շիրիմապղծությամբ: Որպեսզի որդին սուրբ հոգով տոգորված լիներ, նրա հայրը կենակցել է կնոջ հետ քրիստոնյաների սուրբ Թադևոս առաքյալի շիրիմին:

Ըստ այդմ, եթե հավատանք Ագաթանգեղոսի պատմությանը, հայոց քաջ ու զորեղ Խոսրով արքային նենգորեն սպանած Անակն էլ քրիստոնյա էր:

Ինչևէ: Պատմիչները հակասական տեղեկություններ են հաղորդում Գրիգորի ծննդյան թվականի վերաբերյալ: Սեբեոսն անգամ նրա ծննդյան տարեթիվը նշում է 287 թվականը: Ստացվում է, որ Տրդատ Երրորդը տանջել ու բանտ է նետել ծծկեր մանկանը:

Նշվում է նաև 257 թվականը: Սակայն սա էլ մտացածին տվյալ է: Ենթադրյալ Գրիգորը պետք է որ ծնված լիներ ոչ ուշ, քան 236 թվականին, ինչն էլ արդեն անհնարին է դարձնում նրա այդքան ակտիվ գործունեությունը IV դարի սկզբին, գրեթե 100-ամյա տարիքում, բացի այդ, առաջանում են բավական մեծ տարեթվային անհամապատասխանություններ նրա տարիքի ու զավակների ծննդյան թվականների միջև:

Բանն այն է, որ հայ-պարսկական տասնամյա պատերազմը սկսվել է 226 թվականին, երբ Պարսկաստանում Սասանյանները զավթեցին գահն ու կործանեցին Արշակունիների պետությունը: Ապա հայոց Խոսրով Ա արքան հարձակվեց պարսից պետության վրա: Կռիվը տևեց 10 տարի: Հետևաբար թե՛ Գրիգորը, թե՛ Տրդատը չէին կարող 236 թվականից ուշ ծնված լինել:

Ի դեպ, Գրիգորի մասին որևէ հիշատակություն չկա V դարի ամենահավաստի պատմիչների՝ Կորյունի և Եղիշեի մոտ: Իսկ որ Մաշտոցի կենսագրի և աշխարհի առաջին կրոնական պատերազմի մասին պատմող Եղիշեի պատմությունների մեջ չկա նրա անունը` տարակուսանքի տեղիք է տալիս:

Պատմիչները հաղորդում են, որ Խոսրովի և Անակի սպանություններից հետո Գրիգորին հայոց երկրից փախցրել են Կապադովկիայի Կեսարիա քաղաք նրա ստնտու Սոփրիան և ոմն Եվթաղ, ուր նա հասակ առնելով մկրտվել է որպես քրիստոնյա:

Նախ՝ քիչ անհավանական է, որ մի ստնտու կարողանար փախցնել Գրիգորին հայոց երկրից, եթե նրան ամենուր որոնում էին: Բացի այդ, Գրիգորն արդեն իսկ ծնված օրից պետք է մկրտված լիներ: Ինչպես նշվեց վերը, նրա հայրը քրիստոնյա էր, քանզի կենակցել էր կնոջ հետ Թադեոս առաքյալի շիրիմի վրա, որպեսզի իր ապագա զավակը քրիստոնյա հոգով տոգորված լիներ:

Հայտնի է, որ Գրիգորը սովորել է ոմն Փիրմիլիանոս եպիսկոպոսի մոտ, երիտասարդ տարիքում ամուսնացել ոմն Դավթի (հավանաբար հրեա) Մարիամ անունով դստեր հետ: Ապա լքել է իր ընտանիքը, եկել Հայաստան: Նրա կինն ու կրտսեր որդի Արիստակեսը մենաստան են մտել, իսկ ավագ որդի Վրթանեսին Գրիգորը հանձնել է խնամատուն:

Եթե հավատանք այս պատմությանը, ապա Գրիգորը, բնականաբար, հատուկ առաքելությամբ է հայոց երկիր եկել և դարձել հայոց արքայի մերձավորներից մեկը: Բայց և այնպես հավատ չի ներշնչում այս ամենը, մի՞թե այդչափ հեշտ է եղել հայտնվել հայոց արքունիքում և արքայի շրջապատում:

Այն հեքիաթը, որ շարադրում են պատմիչները Տրդատի հրամանով Հռիփսիմյանց կույսերի նահատակության, արքայի խոզակերպության մասին, կշրջանցենք: Բայց Գրիգորի չարչարանքների և բանտարկության պատմությունը, բնականաբար, միայն ծիծաղ կհարուցի:

Նախ նշենք, որ անտրամաբանական ու զավեշտալի է թվում այն փաստը, որ իբր հայոց արքան իր տոհմիկ թշնամուն բացահայտելուց հետո ոչ թե ուղղակի մահապատժի է ենթարկում, այլ ցանկանում է նրան հետ պահել քրիստոնյա աղանդից:

Ահավասիկ տանջանքները, որոնց դիմանում է Գրիգորը. ա. ձեռքերը կապած, գայլ ի բերան, թիկունքին՝ աղի բեռ, կուրծքը բարձր գելարանից վար կախեցին, բ. մեկ ոտքից կախելով՝ աղբ ծխեցրին և դալար բրերով ծեծեցին, գ. ոտքերը կոճղերի մեջ ճզմեցին, դ. ոտքին երկաթյա բևեռներ մխելով՝ վազեցրին, ե. գլուխը կռփահար անելով՝ ծեծեցին, զ. գլուխը մամլիչի մեջ դնելով՝ քթի մեջ քացախ և բորակ փչեցին, է. գլուխը մոխրով լեցուն պարկի մեջ կապեցին, ը. գլխիվայր կախելով՝ նստատեղից ձագարով ջուր լցրեցին, թ. կողերը երկաթե ճանկերով քերեցին, ժ. երկաթե դաստակների վրա քաշելով՝ քերեցին, ժա. ծնկները երկաթե կապիճների մեջ ձգելով՝ կախեցին, ժբ. հալած կապարով մարմինն այրեցին:

Բայց և այնպես Ագաթանգեղոսը նկարագրում է, որ Գրիգորը համբերությամբ ու տոկունությամբ է տանում բոլոր տանջանքները: Ի վերջո, հուսահատ արքան նրան նետում է Խոր Վիրապը՝ Արտաշատի արքայական բանտը, որ նախատեսված էր մահապարտների համար: Եվ Գրիգորն այնտեղ իբր անց է կացնում 14 տարի:

Ահա անհավանականն ու ծիծաղելի սուտը: Տասնչորս տարի նրան թաքուն սնունդ՝ կաթ և հաց է մատակարարում մի ծեր կին, իսկ մի հրեշտակ ամեն օր այցելել ու քաջալերել է նրան:

Առնվազն միամիտ պետք է լինել հավատալու համար, թե պետական հանցագործների համար նախատեսված արքայական բանտը հսկող զինվորներ չեն եղել կամ նրանք թույլ են տվել, որ մի կին շարունակ սնունդ մատակարարի մահապարտ հանցագործին:

Բայց մոլուցքով տարված հավատացյալը, եթե ցանկանում է հավատալ որևէ անհեթեթության, ապա հավատում է:

Ինչևէ, հեքիաթը՝ հեքիաթ, բայց մի բան ակներև է. Գրիգորը հռոմեական գործակալն էր հայոց արքունիքում: Նա կարողացավ Հռոմի ակնհայտ աջակցությամբ Մեծ Հայքում գրավել իշխանությունն ու կամազուրկ արքային իր ձեռքին խաղալիք ու գործիք դարձնել:

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո նա շքեղ հանդիսությամբ մեկնեց Կեսարիա, ուր ստանալով հռոմեացիներից նոր հանձնարարականներ՝ վերադարձավ Մեծ Հայք՝ վերջնականապես խորտակելու նրա զորությունը: Իսկ հայոց զորությունը խորտակելու համար հարկ էր հային հեռացնել իր ազգային արժեհամակարգից:

Մինչ այդ Գրիգորն առաջինը խորտակեց Երազամույն կոչված վայրում՝ ներկայիս Զվարթնոցի տաճարի տեղում կանգնած Տիրի պաշտամունքի գլխավոր տաճարը: Սա պատահական տեղ չէր: Սա հարված էր հայոց գիտությանը, դպրությանը: Կործանելով տաճարը, բնականաբար, Գրիգորն արգելեց նաև հայոց գրերի կիրառությունը:

Իսկ որ եղել են նախամաշտոցյան գրեր, կասկած չկա: Անգամ կրոնամոլ Ագաթանգեղոսը դա չի թաքցնում՝ գրելով, որ Տրդատը հրամայեց իր մոտ կանչել մեհենական գրեր կարդացող հայոց քրմերին…

Գրիգորը մեկը մյուսի հետևից ոչնչացրեց հայոց տաճարները, քրմական դասը, հայ ազնվականության սերունդին… Նա ամենաբիրտ մեթոդներով էր Հայաստանում տարածում քրիստոնեությունը, տասնյակհազարավոր մարդկանց կյանքի գնով, կործանելով ու թալանելով հայոց մշակույթը, քաղաքակրթությունը:

Ի դեպ, 444 թվականի Շահապիվանի եկեղեցական ժողովում ամրագրված դրույթ կա, թե եկեղեցին ինչ մեթոդներ է կիրառել ոչ քրիստոնյաների նկատմամբ. ունեզրկել են, զրկել են ծնողական իրավունքից, ապա ճակատները շիկացած երկաթով խարանել են աղվեսակերպ դրոշմով, կտրել ոտքերի ջլերը, որ չկարողանան քայլել, ու գցել են բորոտանոցները….

Սա, ի դեպ, եվրոպական ինկվիզիցիայից շուրջ 1000 տարի առաջ:

Արյամբ ու սրով հաստատելով իր վարդապետությունը՝ Գրիգորն ամրապնդեց իր տոհմի ժառանգական իշխանությունը հայոց երկրում՝ եկեղեցին վերածելով ֆեոդալական ամուր կազմակերպության, որը, ի դեպ, իր սոցիալական հենքով շատ ավելի ուժեղ էր արքայական իշխանությունից:

Պատմիչները լռում են այդ մասին, բայց չի բացառվում, որ նման անմարդկային դաժանությամբ է Գրիգորը քրիստոնեությունը տարածել նաև հայոց հպատակ երկրներում՝ Վիրքում և Աղվանքում:

Գրիգոր Պարթևը, համաձայն պատմիչների, ծերունազարդ հասակում կաթողիկոսական պաշտոնը հանձնեց իր Արիստակես որդուն, ինքը գնաց ճգնելու Սեպուհ լեռան Մանի այրում, այնտեղ էլ մահացավ: Աճյունն ամփոփված էր Դարանաղյաց Թորդան ավանում: Հետագայում նրա աճյունը հանվել է գերեզմանից, մասնատվել և որպես սրբազան նշխար տարածվել ողջ աշխարհում:

Գրիգոր Լուսավորիչը համարվում է համաքրիստոնեական սուրբ:

Վահէ Լոռենց

Կարմրավոր եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքում. VII դարում կառուցել են Մանաս և Գրիգոր քահանաները

Հայոց արքաներ.

Արամե. Վանի Արարատյան թագավորության գահակալ (մ.թ.ա. 860 ականներ-834): Արարատյան թագավորության մեզ հայտնի առաջին գահակալն է: Միավորել է Հայկական բարձրավանդակն իր իշխանության տակ, արժանի դիմադրություն է ցուցաբերել Ասորեստանի ահեղ արքա Սալմանասար Գ-ին (մ.թ.ա. 859-824): Ամրապնդել է երկրի հզորությունը, պաշտպանունակությունը, ընդարձակել է հայոց պետության սահմանները: Նրա մասին ընդարձակ տեղեկություններ է տվել Սալմանասար Գ-ն իր տարեգրությունում:

Սարդուրի Ա. Վանի Արարատյան թագավորության գահակալ մ.թ.ա. 834-828 թվականներին: Հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները: Միավորել է Արածանի գետի միջին և ստորին ավազանի հողերը: Սարդուրի Ա-ն իր պետության սահմաններն ընդարձակել է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան: Միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել նոր մայրաքաղաք` Տուշպան:

Արձանագրություններում կոչվում է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ» և այլ տիտղոսներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: