Հայերեն   English   Русский  

​Էդուարդ Օհանյան. «Խաղային մարզաձևերում կարևոր է ակումբների առկայությունը. հանդբոլը բացառություն չէ»


  
դիտումներ: 3348

Խաղային մարզաձևերը, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում մեծ տարածում ունեն: Հանդբոլը բացառություն չէ: Թիմային մարզաձևերը մասսայականություն վայելում են, սակայն լուրջ հաջողությունների հասնելու համար ֆինանսական մեծ ներդրումներ են պահանջվում:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Էդուարդ Օհանյանը խոսում է 2018 թվականի ծրագրերի, անցկացվող մրցաշարերի և մարզաձևի զարգացման հեռանկարների մասին:

- 2018-ին ի՞նչ մրցաշարերի են մասնակցելու մեր մարզիկները:

- 2018-ը հագեցած կլինի մրցաշարերով: Կանցկացվեն տարբեր տարիքային խմբերի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները, ուսանողական խաղեր:

Տարբեր տարիքային խմբերում պայքարը յուրահատուկ դրսևորումներ է ունենում: Երեխաները որքան մեծանում են, այնքան ավելի գրագետ խաղ են ցուցադրում: Փոքր տարիքում առաջմղիչ ուժը ոգևորությունն է: Փորձի ձեռքբերման հետ սկսում են տեխնիկապես և տակտիկապես հասուն խաղ ցուցադրել:

Տարվա ընթացքում կլինեն նաև տարբեր միջազգային մրցաշարեր, որոնց կմասնակցենք: Հանդբոլի Եվրոպայի և միջազգային ֆեդերացիաները մեզ կտեղեկացնեն անցկացվող մրցաշարերի մասին: Երբ հստակ իմանանք, թե երբ և որտեղ են կայանալու ստուգատեսները, հավաքականները կսկսեն նախապատրաստվել, կընտրվեն լավագույն մարզիկները, որոնք կհամալրեն հավաքական թիմերի կազմերը:

- Թիմային մարզաձևերը թեև մասսայականություն վայելում են Հայաստանում, լուրջ հաջողություններ և ձեռքբերումներ միջազգային ասպարեզում գրեթե չունենք: Հանդբոլի մասին ի՞նչ կասեք:

- Վերջին տարիներին հանդբոլը Հայաստանում թե՛ մասսայականության, թե՛ որակական առումով առաջ է գնացել: Սակայն մեր մարզիկները միջազգային ասպարեզում հանդես գալու բավարար փորձ չունեն: Մեր մրցակիցները տարվա կտրվածքով բազմաթիվ մրցաշարերի են մասնակցում, այդ առումով մենք նրանց զիջում ենք: Դա կախված է հնարավորություններից:

Շատ կարևոր է նաև փորձի փոխանակումը ընկերական հանդիպումների միջոցով: Միայն այս դեպքում հնարավոր կլինի բարձրացնել մարզիկների խաղամակարդակը: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան ամբողջ ռեսուրսներն օգտագործում է այդ ամենն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես մեկ ամիս առաջ երկու ուսումնամարզական հավաք անցկացրինք. առաջինը հարևան Վրաստանում, իսկ երկրորդը` Ֆրանսիայում: Հավաքների ընթացքում անցկացվեցին ընկերական հանդիպումներ տեղի թիմերի հետ:

Ինչ վերաբերում է Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակցելուն և հաջողության հասնելուն, ապա դեռևս վաղ է խոսել այդ մասին: Անկախ արդյունքից, պարտավոր ենք մասնակցել, չէ՞ որ երկիր ենք ներկայացնում: Մրցաշարերից հրաժարվելու դեպքում կջնջենք Հայաստան անունը:

Մենք այժմ փորձում ենք մի շարք խնդիրներ լուծել. զարգանալ, հետո միայն համահավասար պայքար մղել: Անցկացվող յուրաքանչյուր մրցաշար նպաստում է մարզիկների խաղամակարդակի բարձրացմանը, փորձի ձեռքբերմանը: Հաղթանակը ոգևորում է, իսկ պարտությունից հետո թիմն ավելի շատ է սկսում աշխատել, փորձում է սխալները շտկել հաջորդ անգամ ավելի հաջող հանդես գալու և հաղթելու համար: Որքան շատ հանդիպումների են մասնակցում մարզիկները, այնքան ավելի ուղղորդված է դառնում մարզչի աշխատանքը:

- Նախատեսու՞մ եք միջազգային մրցաշարեր կազմակերպել և անցկացնել Հայաստանում:

- Միջազգային ստանդարտներին համապատասխան դահլիճ այսօր չունենք: Գույքի խնդիր բացարձակապես չունենք, սակայն միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադահլիճ չկա: Սա մեծ խնդիր է: Հարևան երկրները համապատասխան դահլիճներ ունեն, որոնք նրանց միջազգային մրցաշարեր անցկացնելու հնարավորություն են ընձեռում: Նրանց մասնակցությունն արդեն իսկ մեծապես նպաստում է մարզաձևի զարգացմանը` անկախ գրանցած արդյունքից, անկախ հաղթանակից կամ պարտությունից: Ըստ վիճակագրության՝ նրանք հաճախ են պարտվում, բայց և քայլ առ քայլ առաջ են շարժվում՝ այդ մրցաշարերն իրենց երկրում անցկացնելով: Որոշ ժամանակ անց առաջընթացն ակնհայտ կլինի:

Անցյալ տարի Վրաստանում աշխարհի առաջնություն անցկացրին, որովհետև միջազգային ստանդարտներին համապատասխան երկու դահլիճ ունեին, չորսն էլ կառուցեցին:

- Աշխարհում ընդունված տարբերակ է նաև տվյալ մարզաձևի զարգացման համար կոմերցիոն նպատակներով ակումբների ստեղծումը:

- Հանդբոլը սիրված մարզաձև է: Մարզադպրոցներում գործում են խմբակներ, երեխաները սիրով են հաճախում հանդբոլի պարապմունքներին: Երբ գալիս է այն պահը, երբ մարզիկը պետք է կարիերան շարունակելու որոշում կայացնի, առաջանում է սոցիալական խնդիր: 17 տարեկանից հետո մարզիկներն ավարտում են մարզադպրոցը և ստիպված են լինում սպորտով զբաղվելու կամ մասնագիտություն ընտրելու որոշում կայացնել:

Հայաստանում չկան ակումբներ: Ֆեդերացիան իր վրա կարող է վերցնել միայն հավաքականի խնդիրները: Ակումբների ձևավորման համար ֆինանսական լուրջ հնարավորություններ են հարկավոր: Ֆուտբոլը որոշակիորեն մեզ մոտ զարգացած է այսօր գործող ակումբների շնորհիվ: Եթե լինեն ակումբներ, զարգացման միտումներն ավելի տեսանելի կլինեն:

- Մարզիչների համար կազմակերպվու՞մ են որակավորման բարձրացման դասընթացներ:

- Ամեն տարի մարզիչների համար պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ: Դրանք ունենում են տեսական և գործնական ուղղվածություն: Սեմինարները գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման հիանալի հնարավորություն են:

Չեմ ցանկանում թերագնահատել մարզիչներին, բայց քանի որ նրանք հիմնականում աշխատում են մարզադպրոցներում, արդյունքներն ապահովում են այդ մակարդակով: Մարզադպրոցների թիմերը, բնական է, աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների չեն մասնակցելու, նրանք այլ խնդիրներ են լուծում: Եթե ստեղծվեն ակումբներ, ապա մարզիչներն այլ խնդիրներ կունենան, այլ մակարդակով և այլ հարթակում կաշխատեն:

- Հանդբոլի ֆեդերացիան համագործակցում էր նաև Ֆրանսիայի հայ գործընկերների հետ, ազգային հավաքականի կազմում ընդգրկվում էին սփյուռքահայ մարզիկներ: Համագործակցությունը շարունակական կլինի՞ 2018-ին:

- Համագործակցությունը ցանկալի է և նպատակահարմար: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ փորձը դրական ազդեցություն է ունեցել: Փորձելու ենք նրանց ներուժն օգտագործել ի շահ հայկական հանդբոլի զարգացման: Տղաները սիրով են հանդես գալիս հավաքականում, օգնում են տեղացի մարզիկներին: Հույս ունենք, որ համագործակցությունը շարունակական կլինի: Մասնավորապես, 2018 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը Մոնտենեգրոյում կանցկացվի լողափնյա հանդբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնություն, որին կմասնակցի Հայաստանի ազգային հավաքականը` համալրված Ֆրանսիայում բնակվող հանդբոլիստներով:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: