Հայերեն   English   Русский  

​Դոպինգ. Հայաստանի մարզիկները մաքուր են, ռուսաստանցիները` վարկաբեկված


  
դիտումներ: 1500

Արգելված խթանիչներ օգտագործողների դեմ պայքարն ավելի է խստացել: Այդ մասին զրուցեցինք Հայաստանի սպորտային բժշկության և հակադոպինգային կենտրոնի հակադոպինգային ծառայության ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի հետ:

- Կարգազանցների նկատմամբ պատիժները խստացվել են: Ցանկացած խախտման համար մարզիկին առնվազն 4 տարվա որակազրկում է սպառնում: Հանցանքում երկրորդ անգամ բռնվելու դեպքում այդ պատիժը կարող է հասնել 8-10 տարվա: Եթե դեպքը երրորդ անգամ է բացահայտվում, ապա որակազրկումը ցմահ է: Այդ պատիժները կկիրառվեն 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանի հակադոպինգային ծառայությունը կազմել է համապատասխան կանոնները, դրանք հավանության են արժանացել հակադոպինգային միջազգային WADA կազմակերպության կողմից:

- Կա՞ն մեղմացնող հանգամանքներ, հատկապես ի՞նչը կարող է թեթևացնել պատիժները:

- Մի շարք նրբություններ են հաշվի առնվում: Օրինակ` եթե մարզիկը կարողանում է ապացուցել, որ այդ ամենը կատարվել է իր կամքից անկախ, հնարավոր է` մոտեցումը փոխվի: Եթե հաստատվում է, որ մարզիկն այդ քայլին կանխամտածված չի դիմել, արգելված դեղամիջոց չի ընդունել, որպեսզի մրցումներում բարձր արդյունք ցույց տա, ապա որակազրկումը կարող է կարճատև լինել: Նաև նշանակություն ունի, թե ինչ դեղամիջոց է օգտագործվել: Արգելված դեղամիջոցների թվում առանձնացվում են մի քանիսը, որոնց օգտագործման դեպքեր բացահայտելիս շատ խիստ պատիժներ են սահմանվում: Դրանց թվում են անաբոլիկ ստերոիդները, հորմոնալ դեղամիջոցները և այլն: Դրանք օգտագործվում են միայն բարձր արդյունքներ ցույց տալու համար, և որակազրկումը 4 տարուց պակաս չի լինում, մեղմացուցիչ հանգամանքներ հաշվի չեն առնվում: Մոտեցումը խիստ է լինում, այսինքն` 4 տարի մրցումներին չմասնակցելու պատիժ է կիրառվում նաև, երբ մարզիկը կանխամտածված հրաժարվում է փորձանմուշ հանձնելուց:

- Ինչքան հայտնի է, այդպիսի դեպքի այս տարի առնչվել եք: Ի՞նչ եղավ հետևանքը:

- Վանաձորում կայացած Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի ժամանակ հաղթող դարձած Ռուսաստանի ներկայացուցիչներից մեկը հրաժարվել էր փորձաքննությունից: Նա դա կանխամտածված էր արել:Հետևանքը եղավ այն, որ այդ մարզիկը հետագայում որակազրկվեց:

- Իսկ Հայաստանի մարզիկներից այս տարի որակազրկվողներ կա՞ն:

- Ոչ, 2014-ին այդ առումով անցանկալի ոչ մի միջադեպ չի արձանագրվել: Հայաստանի ներկայացուցիչները 160 անգամ փորձաքննության են ենթարկվել: 120 անգամ ստուգվել են ծանրորդները: Ընդ որում, մենք ենք դիմել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային, որ ստուգումներ իրականացվեն: Այդ ամենի համար ֆինանսներ են անհարաժեշտ, իսկ մեր հնարավորությունները սահմանափակ են: Շուրջ չորս տասնյակ փորձանմուշ Հայաստանի մասնագետներն են վերցրել: 2013-ի սեպտեմբերից հետո մեր երկրի ոչ մի մարզիկ չի մերկացվել արգելված խթանիչներ օգտագործելու հանցանքում: Ընդ որում, Հակադոպինգային միջազգային WADA կազմակերպությունից դրական արձագանքներ են եղել, որ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց լավ են պահել, նրանց փորձաքննության ենթարկելիս խնդիրներ չեն առաջացել: Այդ առումով ռեկորդակիր են հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը և Արսեն Ջուլֆալակյանը, որոնք 6 անգամ ստուգվել են: Փաստորեն, նրանք 1,5 ամիսը մեկ ստուգվել են: Փաստը խոսուն է և վկայում է, որ հնարավորություն էլ չկա խթանիչների օգնության դիմելու, քանի որ հսկողությունը շարունակական է եղել:

- Երկար ժամանակ է, ինչ նախատեսվում է, որ հակադոպինգային տարածաշրջանային կենտրոն ստեղծվի, ղեկավար ընտրվի: Այդ ուղղությամբ տեղաշարժ կա՞:

- Մեր տարածաշրջանին կցված են նաև Մոլդովայի ներկայացուցիչները: Դժվարությունն այն է, որ նախատեսվում է` ես գլխավորեմ այդ կառույցը, քանի որ Հայաստանի մասնագետների հեղինակությունը բարձր է: Իսկ բարդացնում է այն հանգամանքը, որ դա ակնհայտորեն Ադրբեջանի ներկացուցիչների համար ձեռնտու չէ:

- Տարեվերջին մեծ աղմուկ է հանել գերմանական վավերագրական ֆիլմը: Անցանկալի իրավիճակում են հայտվել Ռուսաստանի ներկայացուցիչները: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Դժվարանում եմ որևէ տեսակետ հայտնել: Միջադեպը, իրոք, աղմկահարույց է: Ռուսաստանի հակադոպինգային ծառայությունը բարձրակարգ մասնագետներ ունի, շատերին անձամբ ճանաչում եմ: Այն շատ լավ է աշխատում: WADA-ն և Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հետաքննություն են սկսել: Խնդիր է դրվել պարզելու, թե ինչքանով է այդ ամենը ճիշտ:

Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին գերմանական «ADB» հեռուստաալիքով ցուցադրվել է «Գաղտնի գործ` Դոպինգ. ինչպես են Ռուսաստանում հաղթողներ պատրաստում» վավերագրական ֆիլմի առաջին մասը, որում 800 մ վազքի աշխարհի, Եվրոպայի, 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի չեմպիոնուհի Մարիա Սավինովան խոստովանում է, թե ինչպես են իրեն պարտադրել արգելված խթանիչներ ընդունել: Մարզուհի Յուլյա Ստեպանովան հեռախոսով նկարահանել է, թե ինչպես է Ռուսաստանի աթլետիկայի հավաքականի մարզիչ Ալեքսեյ Մելնիկովը մարզիկներին ստիպում ընդունել արգելված դեղամիջոցներ: Ռուսաստանի հակադոպինգային ծառայության նախկին աշխատակից Վիտալի Ստեպանովն էլ վկայում է, որ արգելված դեղամիջոցների օգտագործումը զանգվածային բնույթ է կրում և նախկինում չի բացահայտվել սոսկ այն պատճառով, որ խստիվ արգելվել է ծառայությանը հրապարակել փորձաքննությունների իրական արդյունքները: Անվանի մարաթոնային վազորդուհի Լիլիա Շոբուխովան պատմում է, թե ինչպես է Ռուսաստանի աթլետիկայի ֆեդերացիայի ղեկավարներին 450 հազար եվրո կաշառք տվել, որպեսզի իրեն չարգելեն հանդես գալ 2012-ի օլիմպիական խաղերում, և մարզուհու գործակալն էլ հաստատում է դա:

Մի քանի օր անց հաջորդել է ֆիլմի երկրորդ մասի ցուցադրությունը, որում փաստեր են ներկայացվում այն մասին, որ 2014-ին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից ռուսաստանցի մարզիկներն օգտագործել են ուժեղ ներգործություն ունեցող խթանիչ, որը քսենոն գազի միջոցով է ստացվում: Ուշագրավն այն է, որ ֆիլմում նկարահանված բոլոր մարզիկները որակազրկված են: Ռուսաստանի ներկայացուցիչները պնդում են, որ նրանց ասածներին չպետք է հավատալ, քանի որ վկայություն տվողները որակազրկված են:

- Հնարավո՞ր է, որ այդ ամենը քաղաքական նկատառումներով է կատարվել:

- Կարելի է չկասկածել` 100 տոկոսով: Ռուսաստանի նկատմամբ կիրառվող քաղաքական ու ֆինանսական պատժամիջոցներին զուգահեռ` փորձում են նաև նույնն անել սպորտում: Այդուհանդերձ, տեղյակ եմ, որ Ռուսաստանի հակադոպինգային ծառայության ներկայացուցիչները պայքարում են Ռուսաստանի սպորտի ոլորտի պաշտոնյաների հետ: Վերջիններս փորձում են խոչընդոտել աշխատանքը, ճնշումներ են գործադրում, որ ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղյակ չպահեն միջազգային կազմակերպություններին և այլն: Ինքս դա տեսել եմ:

Ինչևէ, Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն այս ամենը համարում է միտումնավոր, որպեսզի նսեմացվի ռուսական սպորտը, ստվեր գցվի այդ երկրի մարզիկների փառահեղ նվաճումների վրա: Նա տարակուսանք է հայտնել, թե ինչու այդպիսի ֆիլմ նախկինում չի նկարահանվել: Ռուսաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Վալենտին Բալախնիչևն առժամանակ գերադասել է զերծ մնալ մեկնաբանություններից: Փոխարենը խիստ է արձագանքել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը` նշելով, որ ՄՕԿ-ի կողմից ամենադաժան պատժամիջոցները կկիրառվեն, եթե ռուսաստանցի մարզիկների մեղքը հաստատվի: Նա ընդգծել է, որ ՄՕԿ-ը չի կարող հանդուրժել, աչք փակել այդպիսի բաների վրա: Թե ինչով կավարտվի այս ամենը` ցույց կտա ժամանակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: